Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»

Մայիս 25,2011 00:00

Իր երկրի համար երազում է Հայաստան այցելած հրեա դիրիժոր Ամոս Թալմոնը

\"\"

Հայերը եւ հրեաները ճշմարիտ են համարում այն, որ իրենք աշխարհին հետաքրքիր են առաջին հերթին մշակութային ինքնատիպությամբ: Օգտվելով այն հանգամանքից, որ Երեւանում է իսրայելցի ճանաչված դիրիժոր Ամոս Թալմոնը, «Առավոտը» հանդիպեց նրա հետ: Տեղեկացնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ա. Թալմոնը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացնելով Վերդիի, Ռախմանինովի, Սեն Սանսի ստեղծագործություններից: Համերգին մասնակցում է դաշնակահարուհի, Կոպենհագենի պետական կոնսերվատորիայի դասախոս Մարիաննա Շիրինյանը, ում ներկայացրել ենք ժամանակին: Հետեւաբար մեզ հետաքրքրող հարցերն ուղղեցինք Ա. Թալմոնին:
– Հրեաներդ հիմնականում հենվում եք ձեր ազգային մշակույթի վրա՝ առաջ մղելով հրեական ժողովրդական երաժշտությունը: Ի՞նչ վիճակում է դասական երաժշտարվեստի քարոզչությունը ձեր երկրում:
– 2000 թ. նախաձեռնել եմ MUSIC ANGELS HERZLIYA հիմնադրամը: Մեկ տարի անց Իսրայելի կամերային նվագախմբի հետ իրագործեցի Herzliya Center-ի բացումը եւ այդ ժամանակից ի վեր ղեկավարում եմ Grand Symphonic Series համերգաշարը, որն արդեն ունի 5 տարվա պատմություն: Մեր ծրագրերում ընդգրկում ենք լավագույն նվագախմբերին, հյուրեկ մենակատարներին եւ դիրիժորներին: Ցավոք, մեր նվագախմբերի կողմից հազվադեպ են ներկայացվում հրեա կոմպոզիտորների գործերը: Կառավարությունը չնչին աջակցություն է ցուցաբերում դասական արվեստին, իսկ եթե որեւէ նվագախումբ հանդես է գալիս հրեա կոմպոզիտորի երկերի մեկնաբանմամբ, ապա դա միայն բարի կամքի դրսեւորում է լինում:
– Իսրայելում ժամանակին դասական երաժշտության ջատագովները ռուս էմիգրանտներն էին, ովքեր ստացել էին դասական կայսերական կրթություն: Հասկանալի պատճառով, նրանց շարքերը գնալով նոսրանում են: Այսօր ունե՞ք պատրաստված հանդիսատես:
– Արդեն 1940-ականներից Իսրայելում՝ Արեւելյան եւ Արեւմտյան եվրոպաներից Իսրայել տեղափոխված միգրանտներից ձեւավորվել էր գիտակ հանդիսատես: Իսկ այսօրվա ունկնդիրը հիմնականում եվրոպական մշակույթ փնտրողն է: Հետեւաբար, օրինակ, եթե իմ ղեկավարած նվագախումբը հաճախակի կատարի համերկրացիներիս գործերը, ես միանշանակ կարժանանամ քննադատության: 1990-ականների սկզբներին Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելում ռուս վերաբնակների մեծ մասը երաժիշտ է, այլ ոչ հանդիսատես: Նրանք էլ հիմնականում տուրք են տալիս համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների գործերի պրոպագանդմանը, բնականաբար՝ ռուսական, եւ մեր նվագախմբերի մեծ մասը սկսեց կատարել ռուս կոմպոզիտորների՝ ռուսականացնելով մթնոլորտը:
– Իսրայելում այսօր գործում են շուրջ 50 կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբեր, որոնցից 10-ը ունի պետական կարգավիճակ: Արդյո՞ք բոլոր այս կոլեկտիվներն ապահովում են դահլիճներ եւ ունեն պահանջարկ:
– Մեր երիտասարդությունն այսօր հետաքրքրված չէ դասական արվեստով: Կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի փոքր կազմերով, հանրամատչելի ծրագրերով համերգներ ենք կազմակերպում քոլեջներում, հրապարակներում: Ցավալին այն է, որ գործող նվագախմբերից շատերը չեն ապահովում հանդիսատեսով լեցուն սրահներ, բացառությամբ Իսրայելի ֆիլհարմոնիկի եւ Grand Symphonic-ի: Նվագախմբերին չնչին գումար է հատկացվում պետության կողմից եւ միայն ԱՄՆ-ի հրեական համայնքի միջոցներով են կոլեկտիվները գործում: Իսրայելաբնակ մեծահարուստներն էլ, որոնք, անշուշտ, կարող են, սակայն չլինելով դասական արվեստի երկրպագու, ձեռք չեն մեկնում: Հավատացնում եմ, տաղանդների պակաս չենք զգում: Ուրախ ենք, որ այսօր, օրինակ, ի դեմս ջութակահար Խագայ Շախամի, դիրիժոր Դան Էթինգերի եւ այլոց, ունենք աշխարհահռչակ երաժիշտներ: Սակայն մեծ ուշադրություն ենք դարձնում երաժշտական կրթական համակարգին, գործող հաստատություններից առանձնացնեմ միայն երկուսը՝ Թել Ավիվի համալսարանի մաս կազմող «Ռուբին» եւ Երուսաղեմի երաժշտական ակադեմիաները: Փոքր հույս ունեմ, որ Իսրայելում կգան դասական արվեստի լավ ժամանակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել