Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍՏՐՈՍ-ԿԱՆԻ ՄԵՂՔԸ

Մայիս 25,2011 00:00

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու (նկարում) շորի վրա հայտնաբերվել են վերջինիս բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի ԴՆԹ-ի ու նաեւ սերմնահեղուկի նմուշները: Reuters-ի փոխանցմամբ, փորձաքննությամբ հաստատվել է, որ իրադարձությունները ծավալվել են հենց այնպես, ինչպես դա ներկայացրել էր հյուրանոցի սպասուհին: Ստրոս-Կանի փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: «Նյու Յորքի ոստիկանության փորձառու հետաքննիչները հենց սկզբից էլ համարել են, որ մեղադրողի խոսքերը համապատասխանում են իրականությանն ու նրանց կարծիքը որեւէ կերպ չի փոխվել»,- հայտարարել է ոստիկանության վարչության ներկայացուցիչ Պոլ Բրաունը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի ղեկավարի դեմ՝ սեռական ոտնձգության եւ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքն առաջադրվել է մայիսի 14-ին, Sofitel հյուրանոցի սպասուհու հայտարարության հիման վրա: Անցած շաբաթ Նյու Յորքի դատարանը բավարարել է Ստրոս-Կանի փաստաբանների միջնորդությունն ու նրան գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել:
Իսկ ԱՄՀ-ում, որի ղեկավարի պաշտոնից Ստրոս-Կանն անցած շաբաթ հրաժարական էր տվել, պատրաստվում են Հիմնադրամի նոր ղեկավարի նշանակմանը:
Չինաստանը, օրինակ, աջակցություն է հայտնել ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությանը: Մինչ այդ, նրա թեկնածությունն էին պաշտպանել նաեւ Իտալիան, Գերմանիան եւ եվրոպական մի շարք այլ պետություններ, այդ թվում նաեւ՝ Մեծ Բրիտանիան։ Արժույթի միջազգային հիմնադրամը մայիսի 23-ից սկսել է անդամ երկրներից հիմնադրամի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածություններ ընդունել։ ԱՄՀ-ն հույս ունի, որ գործադիր տնօրենին կընտրեն մինչեւ հունիսի 30-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել