Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայիս 25,2011 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
\"\"Արաբական աշխարհի չդադարող հեղաբեկումների, ներհայաստանյան նախընտրական անհեռանկար զարգացումների, անբարեհույս ներքաղաքական երկխոսության սեթեւեթանքների, արտագաղթի ահագնացող ծավալների, սոցիալական շահատակության, կոռուպցիայի աճի, համընդհանուր խուլ տագնապի ու չմարող հեղափոխական սպասումների մեջ լսվում է մի խուլ հառաչանք, սակայն ոչ ոք չի շրջվում դեպի այն: Տագնապած մարդիկ փրկություն են որոնում եւ կանգ չեն առնում, թեպետ այդ հառաչանքն այնքան ծանոթ է՝ ներծծված երեքհազարամյա ծերունու դառնությամբ  եւ քսանամյա պատանու վհատությամբ:
Շրջվեք դեպի նա, գթացեք եւ բարձրացրեք նրան. այդ Հայաստանն է այդպես տնքում: Դավաճանված Հայաստանը:

1. Հայկական երազանքը ռուսական կայսրության թագի որոնումներում
Ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը նախընտրական զարգացումների տաք քամու ազդեցությունն է կրում: Այդ ընթացքում քաղաքական պատեհապաշտությունը սկսում է հոսել ավելի ու ավելի աճող չափաբաժիններով, որոնք լիուլի են ծածկելու հասարակության եւ պետության համար անգամ առանձնակի կարեւորության խնդիրները (եթե, իհարկե, դրանք երբեւէ գիտակցվել են):
2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թ. մարտի 16-ի ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը» ոչ միայն հայկական քաղաքական օրակարգի մաս չկազմեց՝ դուրս մղվելով հասարակական-քաղաքական քննարկումների դաշտից, այլեւ այն փակվեց ապակեպատ ցուցափեղկում նույն հպարտությամբ, ինչպես հայտնի ֆիլմում՝ ռուսական կայսրության թագը:
Հայաստանի անկախության հանրաքվեի երկրորդ տասնամյակը չբոլորած՝ անկախության գլխին դամոկլյան սրի պես կախվեց ռուսական ռազմահենակետերի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին թիվ 5 արձանագրությունը՝ ՀՀ խորհրդարանում վավերացվելով 1 «դեմ», 1 «ձեռնպահ», 80 «կողմ» ձայներով, ուղեկցվելով երեք ելույթով: Միակ պատգամավորը, որը դեմ արտահայտվեց եւ այդպես էլ քվեարկեց, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Տիգրան Թորոսյանն էր, որը նախկին կարգավիճակում հազիվ թե նման անկախ դիրքորոշում ցուցաբերեր: Մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վիկտոր Դալլաքյանը, հիշատակեց պատմական այնպիսի փաստեր, որոնք ենթադրում էին «դեմ» քվեարկություն, սակայն կոչ արեց «կողմ» քվեարկել՝ ինքն էլ հետեւելով դրան: Արձանագրությունը ջերմեռանդ պաշտպանող պատգամավոր Արա Սիմոնյանը, թեպետ հիմնականում անհայտ է, սակայն ներկայացնում է ոչ անհայտ «Ազգային միաբանությունը», որի ղեկավարը ընդդիմադիր հանրահավաքներում ռուսերեն ելույթներ էր ունենում հատուկ Պուտինի համար: ԱԺ մյուս պատգամավորները, խմբակցությունները («Ժառանգությունը» չէր մասնակցում նիստին) խորհրդարանի այդ նիստի ընթացքում մեկեն համրացել էին (կամ համր էին ձեւանում), այդ թվում նաեւ խորհրդային ժամանակների այլախոհները, նժդեհյան գաղափարախոսությունը որդեգրած ՀՀԿ-ն, կարմիր բանակի քայլերգից Հայաստանից արտաքսված ՀՅԴ-ն:
Թիվ 5 արձանագրության նկատմամբ դավադիր լռություն պահպանեց նաեւ երբեմնի արմատական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Խոնարհաբար լռում էր նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարախոսը՝ ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը 1990 թ. հայտարարում էր. «Այս քաղաքական գիծը տանելով, Ռուսաստանի շահերին ծառայելով մենք միայն գրգռում ենք մեր բոլոր հարեւաններին, ոչ մի բան չշահելով եւ զրկում ենք մեր ազգին իր ուժերին ապավինելուց, քաղաքական եւ այլ միջոցներով պայքարելու եւ արհավիրքներին պատրաստ լինելու հնարավորությունից: Այս քաղաքական գիծն առաջ տանողները ռուսական բանակի հետ կգնան, մեր ժողովուրդը կմնա՝ կրելով այս կարճատես քաղաքականության դառը պտուղները» («Հայկական երազանքը գոյատեւման փակուղում», Եր., 2002, էջ 47): Արձանագրության հանդեպ անհաղորդ մնաց նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ՝ խորհրդարանի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
«Ղարաբաղ» կոմիտեի այս երեք առանցքային դեմքերի լռությունը ցավալիորեն վկայում էր, որ Շարժման երբեմնի արժեքները, սկզբունքներն ու գաղափարները պատված են թանձր, քայքայիչ քսանամյա քաղաքական փոշով:
Արձանագրության մասին լռում էին հայաստանյան բոլոր կուսակցությունները, քաղաքական շարժումները, հասարակական հոսանքները, վերահսկվող ԶԼՄ-ները: Այսօրինակ իրավիճակը հետեւանք էր արատավոր օրինաչափությունների. ետխորհրդային Հայաստանում առնվազն երեք թեմաների արծարծման եւ քննարկման վրա արգելք էր դրված՝ Ղարաբաղի ներքին իրավիճակի, հայկական բանակի եւ հայ-ռուսական հարաբերությունների: Տեղեկատվական արտահոսքը բացառելու, կարծիքների շրջանառությունը կանխելու նպատակին հետամուտ՝ խստորեն վերահսկվում էր տեղեկատվական դաշտը: Մամուլում հայտնված հատուկենտ հրապարակումներն ու սակավ տեղեկատվությունն այդ թեմաների շուրջ ի զորու չէին սկիզբ դնել հասարակական-քաղաքական քննարկման, թեպետ կասկածները, որ իրավիճակը բնավ էլ անամպ չէ, փարատել չէր հաջողվում: Սակայն անգամ փակ տեղեկատվական համակարգը կարող է ճաքեր տալ շրջանառվող բանավոր լուրերի ու շշուկների միջոցով: Մանավանդ որ, այդ լուրերի հիմքում իրական մարդկային կյանքեր էին՝ հայկական բանակում՝ զինվորների ծանակումներ, սպանություններ, ինքնասպանություններ, Ռուսաստանում՝ ռուս ազգայնամոլների ձեռքով ազգային այլատյացության հողի վրա՝ հայերի պարբերական, չդադարող, չդատապարտվող սպանություններ: Միաժամանակ, եթե հայկական բանակում տիրող արատավոր իրավիճակը հանրությունը, այնուամենայնիվ, դարձրեց քննարկման առարկա, ապա հայ-ռուսական հարաբերությունների թեմայի վրա ամպի ծվեն անգամ չէր կախվում, եւ ոչինչ չէր մռայլում հայ-ռուսական բարեկամության հավերժորեն պայծառ երկինքը: Ոչինչ չէր խախտում հայ-ռուսական հարաբերությունների, դրանց արդյունք հանդիսացող թիվ 5 արձանագրության հանդեպ հայոց համազգային լռության ուխտը:
Հայ-ռուսական հարաբերությունների մասին «կամ լավ, կամ ոչինչ» վարքագիծը պաշտոնական Երեւանը որդեգրեց արդեն անկախությունից հետո՝ միջպետական երկկողմ հարաբերություններում երբեմն հայտնվելով անգամ ոչ թե կրտսեր եղբոր, այլ աղքատ ազգականի կարգավիճակում: Այսօրինակ վարքագիծն աստիճանաբար դարձավ ՀՀ բոլոր կառավարիչների քաղաքական մաշկը:
Ակնհայտ էր, որ նման կարգավիճակում հայտնված Հայաստանի բոլոր ատամները Ռուսաստանում հաշվել էին: Երեւանում ռուս լրագրողը՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանից, միջազգային մի համաժողովի ժամանակ, իրեն պահելով ամբարտավան վասալի պես՝ դժգոհում էր, թե իրեն Ռուսաստանի բարեկամ երկիր համարող Հայաստանում ռուսերենով ոչ մի ցուցանակ չկա, իսկ հիշեցմանը, որ Հայաստանում է եւ չի կարող իրեն այդպես պահել, նետում էր, թե իրեն չհրամայեն, թե որտեղ ինչ խոսի:
Չնայած Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի այսօրինակ վերաբերմունքին՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երեւանի որդեգրած «կամ լավ, կամ ոչինչ» քաղաքականությունը խոր արմատներ էր գցել Հայաստանի հասարակության մեջ: Այսպես: GALLUP-ի՝ 2010 թ. աշխարհի 100 պետություններում անցկացված հարցումների համաձայն, Հայաստանն իր ռուսամետությամբ աշխարհում 5-րդն է՝ զիջելով Տաջիկստանին, Ուզբեկստանին, Ղրղըզստանին եւ աֆրիկյան Մալի պետությանը: Նույն հարցումների համաձայն՝ հայաստանցիների 75 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի քաղաքականությունը՝ այն համարելով արդյունավետ (այս բնութագրմանը դեմ է հայաստանցիների միայն 7 տոկոսը):
Հայկական երազանքը ճզմվել էր ռուսական կայսրության թագի որոնումներում:
Հայաստանի անվտանգությունը եւ հարավային սահմանները կես դարով Ռուսաստանին հանձնած Երեւանը նենգադավ լռության եւ քաղաքական խավարի մեջ անկախության միջնաբերդի իր բանալիներն էր հանձնում օտար պետությանը: Այդ չարագուշակ լռության ու խավարի մեջ լսվում էր միայն դավաճանության պաղ քամու ահասարսուռ սուլոցը:
Մինչեւ աքլորականչ դեռ ժամանակ կար Հայաստանին երիցս ուրանալու եւ դավաճանելու համար:
2. «Փոքր մարդու» մեծ լռությունը
Հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայաստանի հանդեպ ուրացման եւ դավաճանության քայլերը մշտապես ուղեկցվել են դրանք կատարողների սառնասրտությամբ եւ հասարակության լռությամբ: Բարձր հուզականությամբ եւ արագ արձագանքմամբ աչքի ընկնող հայ ժողովրդի՝ համազգային լռության պահպանման վարքագծի հոգեբանական պատճառը «փոքր մարդու» համախտանիշն է, մտածելակերպը, գործելակերպը: Այն «փոքր մարդու», որը, չկատարալով որեւէ համարձակ, խիզախ քայլ՝ ձաղկում է նման ունակություն ցուցաբերողներին: «Փոքր մարդու» ախտանիշը սնունդ է ստանում եւ արմատակալում համապատասխան մտածողության արդյունքում, ի մասնավորի՝
– ինձնից ոչինչ կախված չէ,
– ամեն ինչ կանխորոշված է եւ ռիսկի գնալու անհրաժեշտություն չկա,
– ինչ-որ մեկը հոգ կտանի իմ մասին եւ կտնօրինի իմ ճակատագիրը,
– ես ի զորու չեմ պատասխանատվություն ստանձնել իմ եւ երկրի համար, եւ ինձնից ավելի խելամիտները դա կանեն:
«Փոքր մարդու» տարբերակիչ առանձնահատկությունը պատասխանատվությունից խուսափելու ձգտումն է եւ մեղավորին պատասխանատվության ենթարկելու անընդունակությունը:
«Փոքր մարդու» համախտանիշը հայ ժողովրդի մեջ ներարկվել է հազարամյակներ առաջ, սնունդ է ստացել դարեր շարունակ, ամրացել ներքին ու արտաքին կեղեքիչների քաղաքականության հետեւանքով, արմատակալել հոգեւոր եւ հասարակական արժեքներ սերմանողների ջանքերի արդյունքում: Այդ համախտանիշը կենսունակ պահելու ջերմեռանդությանը հակադրվելու յուրաքանչյուր փորձ ձաղկվել է հայ գործիչների կողմից՝ հեռու պահելու համար հայ ժողովրդին մեծ ձգտումներից եւ նպատակներից՝ հարկադրելով նրան հաշտվել-հարմարվել իրականության հետ:
Հայաստանի նորագույն պատմության ընթացքում «փոքր մարդու» համախտանիշը թմրեցվեց միայն ղարաբաղյան շարժման եւ անկախության առաջին տարիներին, սակայն որոշ ժամանակ անց այն սկսեց արթնության նշաններ ցույց տալ՝ խեղդելով հայ ժողովրդի մեջ հակադրվելու, դիմադրելու, պայքարելու, ըմբոստանալու եւ ընդվզելու ոգին ու ձգտումը: Այդ ընթացքում ՀՀ քաղաքական առաջնորդների փարիսեցիությունը արատավոր դրսեւորումներ էր ընդունում: «Համարձակվիր դառնալ երկրի տերը» գոչելով՝ ընդվզողներին վերադարձնում էին կեղեքիչների մոտ: «Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով» կարգախոսի ներքո հանրությանը մղում էին փակուղի: «Առաջ Հայաստան» կոչելով՝ երկիրը հրում էին հետադիմության ճահճուտը: «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» հայտարարելով՝ կրակում էին նույն ժողովրդի վրա: «Հաղթելու ենք» կոչով ստույգ եւ գիտակցված պարտության էին տանում ժողովրդին: «Պայքար, պայքար մինչեւ վերջ» գոչելով՝ գլխատում էին այդ պայքարը:
Այդօրինակ վարքագիծն ու գործելակերպը նույնքան վտանգավոր էին, որքան գիշերային խավարում վիհի եզրով քայլելը, նույնքան անհեթեթ, որքան դահճից գութ հայցելը, նույնքան խելացնոր, որքան առանց ջրի պաշարների անապատ ուղեւորվելը, նույնքան կանխատեսելի, որքան Քրիստոսի մատնությունն ու ուրացումը:
Հայաստանին ավելի շատ են մատնել, ուրացել եւ դավաճանել, քան նույնիսկ Աստծո որդուն:
3.
Հայաստանը
մնում է մենակ:
Երեք պատմություն, երեք հորդոր, որ ստիպում են ինձ շրջվել դեպի իմ երկիրը
Պատմություն առաջին: Ժամանակ առ ժամանակ դասախոսություններից, ուսումնական գործընթացից հոգնած ուսանողներիս առաջարկում եմ իրենց տեսակետները հայտնել թեմային առնչվող հարցադրման շուրջ: Նրանց ազատ արտահայտվելու հնարավորություն տալով՝ ես փորձում եմ շոշափել կենսաթրթիռ այդ զարկերակը՝ հասկանալու, թե դեպի ո՞ւր է ընթանում մեր երկիրը:
Երբ դասախոսության թեման հյուսիսամերիկյան մամուլում անկախության համար ամերիկացիների պայքարի արտացոլումն էր, ուսանողներին առաջարկեցի գրավոր ներկայացնել իրենց դիտարկումները Հայաստանի անկախության մասին, մանավանդ որ, մի քանի օրից ՀՀ անկախության 19-ամյակն էր: Նրանցից մեկի՝ քսանամյա Անիի խոհերը ցնցեցին ինձ. «Ասում են, երբ խոսքերը գրվում են թղթին, դրանք ցնդում են տիեզերք, հետո իջնում նյութի ձեւով: Ազատագրական երկարատեւ պայքար, յոթանասուն տարվա լուռ անհամաձայնություն, եւ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիր. այո, ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է փաստաթղթերով, քանզի անկախության քսան տարիները ապացուցեցին, որ մեր իրական կյանքում դրանց արժեքը ոտնատակ տրվեց», «կրել օտար լուծը՝ հուսադրող է, իսկ սեփական ազգի անսանձ կամքի դրսեւորումները՝ չափազանց հուսահատեցնող: Չկան դեմքեր, չկան իրադարձություններ. խնդիրը համընդհանուր է, արժանապատվությունը՝ ազգային, անկախությունը՝ համազգային: Չլինենք կիսահայրենասեր, կիսաքաղաքացի եւ կիսաանկախ: Կամ լինենք, կամ չլինենք»,- 20-ամյա աղջկա խոհերի լրջությունն է, նրա տառապանքն ու պահանջը պարտադրում է թեւաթափ չլինել:
Պատմություն երկրորդ: 2002-ի հոկտեմբերին, երբ դեռ չէր լրացել դստերս 8 տարին, նրա դասարանից՝ 3դ-ից, մեկ ամսվա ընթացքում երեք աշակերտներ ընտանիքների հետ հեռացան Հայաստանից: Այս փաստն այնպես էր ցնցել դստերս, որ նա, տուն վերադառնալով, իր հիմնած եւ մեկ օրինակով տպվող «Հայաստանի երեխաներ» թերթում հոդված էր գրել՝ տեղադրելով այն թերթի համակարգչային էջում: Ահա այն առանց խմբագրման. «Հայաստանից շատերն են սկսել հեռանալ: Նրանք նաեւ երեխաներին են տանում: Նրանք ուզում են, որ նրանց երեխաները լավ ուսում ստանան: Ահա արդեն մի դպրոցի դասարաններից մեկից գնացել է 3 երեխա: Ուսուցիչը շատ տխուր է, քանի որ այդ դպրոցի ամեն մի դասարանից ընտրելու են ամենալավ հայոց լեզու, հայ գրականություն եւ մաթեմատիկա իմացողներին, իսկ նրանք այդ դպրոցի ամենալավ այդ առարկաներն իմացողներն էին:
Ես խոսեցի այդ դասարանի ուսուցչուհու հետ եւ ահա թե ինչ պարզեցի.
– Այդ մրցույթները կայանալու են այս կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ին: Եթե իմ դասարանը չհաղթեց՝ ապա ես այլեւս ուսուցչուհի չեմ լինի:
Այնպես, որ սիրելի հայրենակիցներ՝
ՄԻ ԼՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:
Մանկական այս միամիտ շարադրանքի վերնագիրն ինձ ցնցեց՝ «Հայաստանը մնում է մենակ»: Հետագայում, ամեն անգամ, երբ իմ փոքր կամ մեծ շրջապատում քննարկվում էր Հայաստանից հեռանալու հարցը, այդ հոդվածի հիշողությունը շամփրում էր ուղեղս:
Պատմություն երրորդ: ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին տարբերվում է իր մյուս գործընկերներից: Թերեւս միայն 90-ականներին էր, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները մեր երկրի հանդեպ այդքան գորովանք եւ նրա կորուստների հանդեպ խոր ափոսանք էին ցուցաբերում: «1in.am» լրատվական կայքի Realpolitik ծրագրին տված հարցազրույցում դեսպանն անդրադառնում է արաբական աշխարհի իրադարձություններին, դրանց հանդեպ միջազգային հանրության արձագանքին եւ հայաստանյան իրողություններին. «Քաղաքականության մեջ հաճախ դանդաղկոտությունը, իրականության վրա աչք փակելը վտանգավոր է այն պատճառով, որ հետո ստիպված ես լինում եռակի թանկ գին վճարել: Չի կարելի բավարարվել միայն կայունությամբ: Դա գոյություն ունեցող իրականության սառեցումն է: Հայաստանում գոյություն ունի այնպիսի ճնշող մտայնություն, միֆոլոգիական մոտեցում, հույսի բացակայություն, թե հնարավոր է փոխել իրականությունը: Եթե նայեք սրբապատկերների աչքերին, կտեսնեք, որ սրբերի աչքերը գեղեցիկ են, բայց եւ՝ տխուր: Այդպիսի աչքեր ես տեսել եմ Երեւանի փողոցներում: Դրանք այն մարդիկ են, որ չեն հավատում, թե կարելի է փոխել իրականությունը: Եվ սովորաբար ելքը տեսնում են արտագաղթի մեջ: Դա է ճշմարտությունը: Ինչպե՞ս բոցավառել հույսը փոփոխությունների հնարավորության հանդեպ այստեղ: Սա է խնդիրը: Հայերն ունեն լավագույն ուղեղները, բայց պետք է դրա համար պայմաններ ստեղծել»:
Ես վերհիշում եմ այս երեք պատմությունները եւ շրջվում եմ դեպի իմ երկիրը, որն ինձ երեւում է դստերս՝ Սոսեի, ուսանողուհուս՝ Անիի, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի՝ Զդիսլավ Ռաչինսկու մտահոգությամբ, անկեղծությամբ, տառապանքով, հորդորներով:
Ես շրջվում եմ դեպի իմ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, որին դավաճանողներն ավելի շատ են եւ ավելի ազդեցիկ, քան նրան սիրողները եւ նրա համար տառապողները: Սակայն այդ նրանց սերն ու տառապանքն է, որ մեղմում է երեքհազարամյա այս ծերունու ցավերը:
Շրջվեք դեպի նա, գթացեք եւ բարձրացրեք նրան. այդ Հայաստանն է այդպես տնքում: Մոռացված Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել