Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ

Մայիս 25,2011 00:00

Մայիսի 23-ին Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ականատեսների  ներկայությամբ համալսարանի վարչական հարկում հայհոյանքներով ծեծել է համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Չնայած lragir.am-ի աղբյուրը հաստատում է, որ համալսարանի դասախոսներին բռնատիրական ռեժիմի մեջ պահելու նպատակով բավականին վերջերս տեղադրված տեսախցիկները արձանագրել են միջադեպը, սակայն, Ֆրանսիական համալսարանում հերքում են, թե պրոռեկտորը ծեծել է ինչ-որ մեկին:
Համալսարանի վարչաֆինանսական հարցերով տնօրեն Վաղինակ Մեյրոյանը «Առավոտին» պարզաբանեց, որ զուտ լեզվակռիվ է եղել. «Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ոչ ոք ոչ ոքի չի հարվածել, ծեծկռտուք չի եղել, այլ ընդամենը բարձր ձայնով խոսել են Նավոյանն ու ուսանողը: Պատճառը՝ դիպլոմների հետ կապված տարաձայնություններն են եղել: Շատերն այս միջադեպը կապում են անցյալ տարի 29 հեռացված դասախոսների գործի հետ, բայց այդպես չի, էլի՜… Նմանատիպ վեճերը զուտ դասախոս-ուսանող հարաբերություններն են, որ ամեն բուհում էլ կարող է պատահել: Ես կարող եմ հսկիչներին, շենքի պարետին եւ ներկա մարդկանց միջոցով էլ ապացուցել, որ ծեծի չի ենթարկվել ոչ մի ուսանող: Երկուսի տոնն էլ մի քիչ բարձր է եղել, բայց ո՞ւմ հետ նման բան չի պատահում… Նավոյանը պատկառելի, նորմալ մարդ է, ուսումնական ծրագրերի պատասխանատուն է: Այդ ոլորտում շատ հարցեր կան. մենք երկու դիպլոմ ենք շնորհում, ու հաճախ ստանդարտները մեզ մոտ մի բան են պահանջում, Ֆրանսիայում՝ մեկ այլ բան: Այս ամենը պետք է համադրել, ու ինչպե՞ս այդքանից հետո անհամաձայնություններ չունենալ ուսանողների հետ»: Վ. Մեյրոյանը դրական արտահայտվեց նաեւ Սոկրատի մասին՝ նրան բնութագրելով որպես բարեկիրթ եւ  բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանող:  Նկատենք, որ Ֆեյսբուքում Սոկրատը չէր հերքել իր ընկերների տարածած տեղեկությունը, թե Նավոյանն իր հանդեպ բռնություն է կիրառել:
Նույն օրը նմանատիպ մեկ այլ ծեծկռտուք էր եղել նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ)՝ ուսանողների միջեւ. երկրորդ կուրսի ուսանողներ՝ 18-ամյա Հակոբ Ս.-ն եւ 19-ամյա Դավիթ Ջ.-ն դիպլոմային աշխատանքի պաշտպանության ընթացքում ծագած վեճից  քաշքշել էին իրար եւ ծեծել: Ժամը 22-ին ծեծի մասնակիցները ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել