Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամառային ճամբարից մինչեւ մրցանակաբաշխություն

Մայիս 25,2011 00:00

Այլընտրանք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

Մայիսի 26-ին ավարտվում է ուսումնական տարին եւ սկսվում են ամառային արձակուրդները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները, սակայն, շարունակում են ողջ ամառ հաճախել կրթահամալիր, բայց ոչ թե դասերի՝ այլ «Ուսումնական ամառ» ճամբարին:
Օրերս կրթահամալիրում կայացավ «Ողջույն, ուսումնական ամառ» նախագծի շնորհանդեսը, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները ներկայացրին ճամբարի ընթացքում կայանալիք միջոցառումները:
www.info.mskh.am լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Թոփչյանի փոխանցմամբ, ճամբարն ամենամյա է. «Տեւում է երկու շաբաթ, որի ընթացքում երեխաներն ավելի են մասնագիտանում որոշ առարկաների ուղղությամբ: Ամառվա ընթացքում սովորողները անցկացնելու են «Ժանգոտ դդում-2011» մեդիափառատոն, «Ռոք-ռեփ-փոփ երաժշտության այլընտրանքային փառատոն», «Գրական թատրոն», «Ուսումնական թատրոն» ստուգատեսներ, «Էկո-տուրիզմ» նախագիծ եւ այլն: Բացի այդ, լինելու են նաեւ սպորտլանդիաներ՝ ակումբային ծրագրերի տեսքով. բասկետբոլ, թենիս, լող»: Հ. Թոփչյանը նշեց, որ ճամբարը տեւելու է մայիսի 30-ից հունիսի 10-ը. «Այսպես ասած, երկու փուլից է բաղկացած «Ուսումնական ամառը»՝ մինչեւ հունիսի 10-ը պարտադիր բոլոր սովորողները առավոտյան ժամը 9-ից պետք է մասնակցեն ճամբարին: Հունիսի 13-ից մինչեւ օգոստոս կշարունակվի ճամբարը, սակայն արդեն կամավոր մասնակցությունով: Փառատոներն ու ստուգատեսները սկսվելու են երկրորդ փուլում, իսկ հուլիսի 1-ից կմեկնարկի ամառային օլիմպիադան օնլայն տարբերակով, որին կրթահամալիրի սովորողները կարող են մասնակցել նույնիսկ Դուբայից, եթե այնտեղ հանգստանում են: Մեզ մոտ արձակուրդ ասվածը չկա: Ճամբարը ժամանց է առաջարկում: Եթե երեխան պետք է դասերը վերջանալուց հետո գնա եւ պարապ նստի բազմոցին ու ժամանակը սպանի հեռուստացույց նայելով կամ անիմաստ խաղեր խաղալով, մենք առաջարկում ենք այլընտրանք»:
Ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, ուսումնական ճամբարը շատերին նորարարություն է թվում, բայց կրթահամալիրի համար ընդամենը կրթական ծրագիր է. «Ուսումնական ամառ» ճամբարի հեղինակները մեր ուսուցիչներն են: Եթե մյուս դպրոցներում ուսուցիչներն ու աշակերտները անհամբեր սպասում են, թե երբ պետք է իրարից «պրծնեն» եւ շուտափույթ լքեն դպրոցի շենքը, մեզ մոտ ամեն ինչ այլ է: Դասերն ավարտվելուց հետո շենքը զուտ քննական նպատակների չի ծառայում, այն ամառային հանգստի օրերը անցկացնելու լավագույն վայր է: Մեր կրթական ծրագիրը զանգով չի սկսվում եւ ավարտվում. ճամբարի շրջանակներում եւ թե դրանից դուրս՝ մեր կրթահամալիրում սովորող երեխան անընդհատ դրա մեջ է. սովորում է, ուսումնասիրում է, հետաքրքրվում է, ֆիլմ է նկարում…»:
Երեկ կրթահամալիրում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում արդեն 7-րդ անգամ անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը հավակնորդների հետ: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել