Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՔՍՏ»

Մայիս 25,2011 00:00

Կամ ծնողն ու «Կենգուրու» խաղ-մրցույթի պատասխանատուն՝ նույն թեմայի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիքներով

\"\"

Արդեն ամփոփվել են «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած եւ ԿԳՆ հովանու ներքո անցկացվող «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 36 672 աշակերտ՝ Հայաստանի 912 եւ Արցախի 13 դպրոցներից: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս տարի մասնակից դպրոցների թիվը ավելացել է. Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան 75%-ը մասնակցել է «Կենգուրուին»: Հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի  4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը, ով կստանա արժեքավոր մրցանակ, քանի որ, կարգի համաձայն, Եվրոպական ճամբար կարող են գնալ միայն 12 տարին լրացած հաղթողները: Ընդհանուր թվով եւս 1140 աշակերտ կստանա մրցանակ: Մայիսի 23-31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի քաղաքներով, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Նշենք, որ բոլոր 36672 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, կստանան մասնակցության հավաստագրեր, հավաստագիր կստանան նաեւ բոլոր մասնակից դպրոցները: Այս տարի «Այբը» կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան լավագույնի շեմը հաղթահարած երեխաներ: Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը դժգոհ է «Կենգուրուի», այսպես կոչված, մեթոդներից: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ չորրորդ դասարանում սովորող իր որդին, ով առաջին անգամ է մասնակցում այս խաղ-մրցույթին, հասցրել է հիասթափվել: «Այդ մրցույթը մեզ համար նշանակություն չունի, մանավանդ հեռահար ոչինչ չենթադրող մի բան է, ավելին՝ մենք գումար ենք մուծել, որ երեխան մասնակցի»,- նշում է տիկին Դիլբարյանը, ում զարմացրել է, իր ձեւակերպմամբ, տառասխալներով եւ դատախազական ոճով երեխային ուղարկված նախազգուշացում-նամակը: Ըստ մեր զրուցակցի, դրանով մրցույթի կազմակերպիչները նաեւ գնացել են դպրոցի դեմ, որովհետեւ աշակերտների աշխատանքների վերլուծության արդյունքում պարզել են, որ արտագրությունները եւ նման աշխատանքների քանակը մեծ են: «6 կետով սպառնալիք է ներկայացված դպրոցին: Օրինակ, իմ տղայի աշխատանքը դրված է երկու աստղանիշի տակ, իսկ դա նշանակում է, որ մեր դպրոցում այս աշխատանքը ունի համանմանը՝ համընկնում են 2 սխալ գրված պատասխանները: Ամբողջ հարցն այն է, որ տղայիս տարիքային խմբում երկու աստղանիշներ միայն տղայիս մոտ է դրված: Ուրեմն աշխատանքն ո՞ւմ աշխատանքի հետ է համընկել… Իրենք ո՞նց են որոշել, որ նա արտագրել է, եթե արտագրել է, ապա ումի՞ց»,- զարմանում է Ն. Դիլբարյանը: Նրա խոսքով, դասասենյակում դիտորդ եղել է ռուսերենի ուսուցչուհին, որը չէր կարող մաթեմատիկական խնդիր լուծել, այդ կինը ոչ մի վայրկյան չի էլ բացակայել, մինչդեռ մրցույթի կազմակերպիչների ուղարկած նախազգուշացման մեջ գրված է, թե դպրոցի ներկայացուցիչն ուղղորդել է աշակերտներին՝ ինչպես լուծել խնդիրները կամ թելադրել է դրանց լուծումները: Ըստ նույն նամակի, չի կանխվել աշակերտների հաղորդակցումը, չի պահպանվել մրցույթի համար նախատեսված ժամանակը: Ն. Դիլբարյանի ձեւակերպմամբ, ուսուցիչները ամենեւին էլ շահագրգիռ չեն այդ մրցույթով, որովհետեւ դա իրենց աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ չի մտնում, հետեւաբար չէին ցանկանա ավելորդ երկարաձգել այն. «Մեղադրանքները, թե իբր երեխաները նստել են կողք կողքի կամ նրանց օգնել են, իրականությանը չեն համապատասխանում»:
Մեկնաբանությունների համար հեռախոսով կապվեցինք նաեւ «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ: Նա «Առավոտին» ասաց, որ շուրջ 40000 երեխայի հետ աշխատանքը չի կարող լինել առանց դժգոհությունների, չնայած աշխատում են որեւէ երեխայի չնեղացնել, բոլոր մասնակիցներին նվիրում են էջանիշեր, գրիչներ եւ օրացույցներ: Նա ասաց, որ որոշ ծնողների պատմելով, օրինակ, հենց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում միայն էջանիշեր են հասել երեխաներին:
Դառնալով տիկին Դիլբարյանի տղային, Դ. Սահակյանն ասաց, որ նա ցածր արդյունք է գրանցել: «Ըստ մրցույթի կարգի, բոլոր 37000 աշխատանքները եւ դպրոցի աշխատանքները համեմատվում են, համադրվում: Ճիշտ տարբերակները չենք նայում, որովհետեւ ճիշտը բոլորի համար նույնն է, սխալներին ենք հետեւում»,- հավելեց նա: Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ երկու երեխա նույն սխալ պատասխանը տա, Դ. Սահակյանը ինչ-ինչ հաշվարկներ վկայակոչելով՝ նշեց, որ դրա հավանականությունը շատ փոքր է՝ մի քանի միլիարդից մեկը. «Եթե մենք նայում ենք՝ այս երեխաները նույն 7 խնդրի մեջ նույն սխալներն են արել, իսկ մյուս 7 խնդիրները չեն էլ լուծել»: Հիմնադրամի գործադիր տնօրենը վստահ է, որ երրորդ-չորրոդ դասարանցիները չէին կարող միմյանցից արտագրել, ուստի նրանց հուշել են դիտորդները, իսկ նման քայլերը իրենց կողմից չեն խրախուսվում: Ըստ Սահակյանի, 6 նման դպրոցներում կոնկրետ տարիքային խմբեր որակազրկվել են եւ նրանց աշխատանքները համարվել են առոչինչ: Շրջանառվող այն կարծիքին, թե Դ. Սահակյանը «Կենգուրուի» միջոցով վրեժ է լուծում Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից, որտեղ մի ժամանակ իր զավակներն են սովորել, «Այբի» գործադիր տնօրենը պատասխանեց. «Հո մանկապարտեզի երեխա՞ չենք, որ նեղանանք ու վրեժ լուծենք: Իմ աղջիկը ֆիզմաթ է ընդունվել, հիմա որ վաղը համալսարան ընդունվի՝ ֆիզմաթից նեղանա՞մ: Մեր նպատակը պատժելը չէ, դատախազություն ու նախարարություն չենք, ուղղակի ուզում ենք երեխաների ուժերի հանդեպ վստահություն ներշնչենք: Եթե 3-4-րդ դասարանի երեխային հուշում են, ստացվում է, որ մրցույթը ծառայում է ոչ թե ի նպաստ, այլ ի վնաս»:
Դպրոցներին ու աշակերտներին ուղարկվող նախազգուշացում-նամակի տեքստն էլ, ըստ Սահակյանի, խիստ չէ, այնտեղ ընդամենը շարադրված է իրենց մոտեցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել