ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից յուրացում կատարելու եւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրկագա Աստղ» ՍՊԸ տնօրեն Ա. Պետրոսյանը պետական գնման՝ ՄԲԱՇՁԲ-07/325 պայմանագրով 2009թ. դեկտեմբերի 29-ից միչեւ 2010թ. ապրիլի 1-ը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրի շենքի վերակառուցման աշխատանքները չի կատարել: Այդ նպատակի համար պետական բյուջեից որպես կանխավճար ստացած 39165,7 հազար դրամ գումարը, որը փոխհատուցվել է «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ կողմից, տնօրինել է իր հայեցողությամբ, օգտագործել իր անձնական կարիքների համար՝ յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը: Բացի այդ՝ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ վերոհիշյալ ՍՊԸ տնօրենը նշված պետական գնման պայմանագրով 2009թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը կատարված եւ կատարողական ակտերում արտացոլված 83079.334 հազար դրամ գումարի աշխատանքների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչությանը ներկայացրած հաշվարկներում ԱԱՀ-ի հարկման հիմք հանդիսացող տվյալներ չներառելու, շրջանառությունը թաքցնելու միջոցով խուսափել է 33 231 600 դրամի առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց: