2010 թվականի եղանակային եւ կլիմայական «քմահաճույքները» բացասաբար էին անդրադարձել Սյունիքի գյուղատնտեսության վրա: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը՝ 2010 թվականին գարնանացանից գրեթե բերք չի ստացվել: Սիսիանի տարածաշրջանում ընդհանրապես հաճարի բերք չի եղել, որոշակի քանակությամբ բերք է ստացվել Գորիսի Խնձորեսկ գյուղում: Այդ պատճառով էլ այս տարի հաճարի սերմացուի խնդիր է առաջացել, որի բացը լրացվել է գարնանացան գարու սերմացուով: Նախորդ տարվա անբավարար բերքով պայմանավորված, այս տարի համայնքները hացահատիկային կուլտուրաների գարնանացանի համար ներկայացրել էին ավելի շատ պահանջարկ, սակայն հնարավոր չի եղել տրամադրել սերմացուն՝ ըստ ներկայացված պահանջի: «Կառավարությունից ստացել ենք 116 տոննա առաջին վերարտադրության ցորենի եւ 103 տոննա գարնանացան գարու էլիտար սերմացու: Համայնքների ուզածը շատ էր, բայց մենք որոշեցինք ստացած քանակը բաշխել բոլոր համայնքներին՝ գոնե հաջորդ տարվա սերմացուի պահանջը լրացնելու համար:
Օրինակ՝ Սիսիանի Նորավան համայնքը 20 տոննա սերմացու էր ուզում: Հնարավորություն չի եղել, տրվել է 2,5 տոննա եւ առաջարկվել է, որ երբ եղածով կատարեն 13-14 հեկտար ցանքս, մյուս տարի կունենան առաջին վերարտադրության որակյալ սերմացու: Գարու սերմացուն գյուղացիներին բաշխվել է անվճար: Կարծում եմ, մյուս տարի մարզը իր սերմացուի պահանջարկը կբավարարի»,- նշում է պարոն Թանգյանը:
Սյունիքի մարզում այս տարի կատարվել է 4500 հեկտար գարնանացան՝ հացահատիկային կուլտուրաներ, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսը դեռեւս շարունակվում է: Մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը մարզում կկատարվի եւս 200 հեկտար գարնանացան:
Անցած տարի Սիսիանում հնդկացորեն (գրեչկա) էր փորձարկվել, իսկ այս տարի՝ սոյա: Գյուղվարչության պետը, հենվելով ստացված բերքի արդյունքների վրա, նշում է, որ կարելի է մասսայականացնել այս կուլտուրաների մշակությունը: «Բերքը ստացվում է, բայց գրեչկայի մշակման սարքավորումներ չունենք: Հաճարի մշակման սարքավորումներ կան, հաճարը դարձնում ենք հաճարի ձավար, իսկ գրեչկային ապրանքային տեսք տալու հնարավորություն առայժմ մարզում չկա»,- ասում է Սամվել Թանգյանը: