Կոռուպցիայի նկատմամբ պաշտոնյաների հակված լինելու կանխավարկածը
Ինչպես հայտնի է, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ պետական հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է իր զեկույցը՝ տարածաշրջանի երեք երկրներում կոռուպցիայի վիճակի առնչությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Զեկույցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով նպատակահարմար ենք գտել դիմել սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանին:
– Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստաթղթում արտացոլված ակնհայտ բացասական եզրահանգումները, որքանո՞վ են դրանք, ըստ Ձեզ, համապատասխանում իրականությանը:
– Դրանք բավականին սուր եւ սկզբունքային հարցադրումներ են եւ մեծամասամբ՝ հիմնավորված, պարզապես կան առանձին անճշտություններ, որոնք բովանդակային առումով չեն փոխում այդ փաստաթղթի բնույթը: Միաժամանակ, այն կարող է համարվել օգտակար վերլուծություն եւ հենք՝ պետական համակարգի հետագա բարեփոխումների համար: Ի դեպ, գնահատականների մեծ մասը նույնությամբ վերաբերում է նաեւ տարածաշրջանի մյուս երկրներին, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ դրանք թելադրված են ոչ այնքան սուբյեկտիվ, որքան՝ օբյեկտիվ գործոններով: Այս դեպքում «օբյեկտիվ» եզրույթն օգտագործում ենք հարաբերական իմաստով, քանզի այն եւս ձեւավորվում է սուբյեկտիվ ազդակների ներքո:
– Պարոն Դանիելյան, կարո՞ղ եք խոսել անճշտություններից:
– Այդպիսին է, օրինակ, պատգամավորների անձեռնմխելիության ինստիտուտի վերացման մասին հավաստիացումը: Այդ ինստիտուտը չի վերացվել եւ չէր էլ կարող վերացվել, քանզի այն սահմանադրաիրավական է: Դեռ մեկ տարի առաջ դադարեցվեց բազմաթիվ պաշտոնյաների անձեռնմխելիությունը, բայց դա չէր կարող վերաբերվել պատգամավորներին:
Ի դեպ, Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ պատգամավորների համար ամրագրված է այդչափ լայնածավալ, ընդգրկուն անձեռնմխելիություն: Ժողովրդավարության ու քաղաքակրթության կայացած ավանդույթներ ունեցող երկրներում պատգամավորներն անձեռնմխելի են բացառապես այն արարքների համար, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց պատգամավորական գործունեության եւ լիազորությունների իրականացման հետ, իսկ ընդհանուր բնույթի հանցագործությունների համար վերջիններս պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր այլ անձի հետ համահավասար: Եվ սա տրամաբանական է, քանզի պատգամավորների անձեռնմխելիությունը իրավաչափ է, երբ այն երաշխավորում է վերջիններիս անկաշկանդ քաղաքական գործունեությունը, իսկ մյուս ոլորտներում, ենթադրվում է, որ նրանք առավել կաշկանդված պետք է լինեն եւ չփորձեն չարաշահել իրենց դիրքը:
– Լավ, Դուք համամի՞տ եք քաղաքացիական ծառայության համատարած քաղաքականացված լինելու վերաբերյալ եզրահանգման հետ: Դա լուրջ բացասական երանգ է հաղորդում մեր ողջ պետական համակարգին:
– Իսկ ո՞վ կարող է համամիտ չլինել ակնհայտ փաստերի հետ: Ավելին, կառավարության նիստերին այդ փաստը հրապարակայնորեն հնչեցրել են այդ ոլորտի պատասխանատուները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը:
Ընդ որում, զուտ քաղաքական չափանիշներով քաղաքացիական ծառայողների նշանակումը չարյաց փոքրագույնն է, առավել մտահոգողն այն է, որ արձանագրվում են քաղաքական առանձին պաշտոնյաների կողմից զուտ անձնական թիմ ձեւավորելու չափանիշներով նաեւ հայեցողական պաշտոնյաներին հեշտությամբ փոխելու երեւույթներ: Հանրահայտ է, որ հայեցողական պաշտոններում նշանակված անձինք, ինչպես գործող օրենսդրության, այնպես էլ՝ պաշտոնական շրջանառության մեջ դրված օրենսդրական ակտերի նախագծերի համաձայն, կարող են փոխվել միայն քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:
– Ի դեպ, զեկույցում բարձր է գնահատվել, հատկապես, Ադրբեջանում պետական ապարատը երիտասարդ կադրերով ներգրավելու գործընթացը: Դա չի՞ կարող ուսանելի լինել նաեւ մեզ համար:
– Երիտասարդներին «կանաչ ճանապարհ» խոստանում էին նաեւ խորհրդային ժամանակներում, սակայն չնչին բացառություններով դա վերաբերվում էր կոմերիտական նոմենկլատուրայի կարիերիստներին: Այո, երիտասարդ կադրերին պետական ծառայության մեջ ներգրավելը բարձր է գնահատվել, սակայն նույն զեկույցում արձանագրվել է, ինչը նաեւ դուք նկատեցիք, որ դա չի բացառել, որպեսզի արձանագրված հիմնախնդիրները առավել վատթար դրսեւորումներ ունենան այդ երկրում:
Ինչո՞ւ: Որովհետեւ խնդիրը սոսկ երիտասարդ տարիքի մեջ չէ, եւ երիտասարդ անձանց առանցքային դիրքերում նշանակելն ինքնին չի կարող ակնկալվող արդյունքները տալ: Շահում են բացառապես այն երկրները, որոնք նախապատվությունը տալիս են հիրավի ունակ եւ բացառիկ ունակություններ ունեցող երիտասարդներին, որոնք որեւէ ոլորտում (գիտական, մանկավարժական, կազմակերպական եւ այլն) արդեն ցուցաբերել են կարողություններ:
Այսպիսով, որեւէ մեկը դեմ չէ երիտասարդ կադրերին նախապատվություն տալուն, ինքս էլ երիտասարդ տարիքում դեռեւս խորհրդային պետական համակարգում պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել: Պարզապես, դեմ եմ այդ երեւույթի պարզունակ մատուցմանը, ինչը կարող է անցանկալի ծայրահեղությունների հանգեցնել:
– Պարոն Դանիելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք դատական համակարգում իրավախախտումներ թույլ տված դատավորներին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի անկատարությանը, այդ համակարգում առկա կորպորատիվ շահերի անառողջ պաշտպանության երեւույթին: Այս նույն հարցին ներկայումս սուր անդրադարձ է նկատվում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ելույթներում: Ի՞նչ կասեք դատական համակարգի ներսում ձեւավորված, այսպես կոչված, բուրգի մասին:
– Ոչ միայն անդրադարձել եմ իմ հրապարակային ելույթներում, այլեւ հանրապետության ղեկավարության աջակցությամբ նախաձեռնել եմ համարժեք օրենսդրական լուծումներ, որոնք մասնակի հաջողություն են ունեցել: Մյուս կողմից, հարկավոր է նկատի ունենալ, որ գործ ունենք չափազանց նուրբ ու փխրուն հարցի հետ. դատավորների անկախությունը անբեկանելի սահմանադրական սկզբունք է, իսկ հրապարակային ելույթները եւ գործնական քայլերը կարող են գիտականորեն հիմնավորված համարվել ու կանխորոշել դրական զարգացումներ բացառապես այն դեպքում, երբ դրանց արդյունքում դատական համակարգը չի վերածվում պոպուլիստական նկրտումներով ուղեկցվող քաղաքականության թիրախի, անհարկի չի նսեմացվում այդ համակարգի նկատմամբ այնքան արժեքավոր վստահությունը եւ հարգանքը:
Իհարկե, համակարգում առկա են խոցելի երեւույթներ, սակայն դրանց վերացման ուղիղ ճանապարհը ոչ թե ողջ համակարգի հեղինակազրկումն է եւ դրա հաշվին սեփական վարկանիշ բարձրացնելը, այլ կոնկրետ բացահայտված դեպքերով համարժեք արձագանք ապահովելը, ինչպես նաեւ գիտական պատշաճ հիմնավորմամբ այնպիսի քաղաքականություն իրականացնելը, որը աստիճանաբար կզտի այդ համակարգը եւ այն կդարձնի հիրավի ընդունելի եւ վստահություն ներշնչող: Բոլոր դեպքերում չափազանց վտանգավոր ու, մեղմ ասած, անլուրջ են, օրինակ, փաստաբանության ինստիտուտ եւ դատարաններ կամ դատախազություն փոխհարաբերություններում արհեստական հակամարտության ձեւավորման ակցիաները: Հարկ է հասկանալ, որ այդ հարաբերություններում դպրոցական «ռազբորկաների» մակարդակի կենսափորձը պիտանի չէ:
Բազմաբնույթ այլ նախաձեռնությունների զուգորդմամբ, թերեւս, առավել արդյունավետ կարող է լինել դատարանների նախագահների լիազորությունների համար ժամկետ սահմանելը. վերջին հաշվով, անփոփոխ է դատավորի, ոչ թե՝ դատարանների նախագահների պաշտոնը: Ռոտացիայի կիրառումը կնպաստի հենց դատական համակարգի ներսում անհարկի կախվածության նվազմանը:
– Վերջին շրջանում ձեռնարկվում են հակակոռուպցիոն որոշ քայլեր, վերանայվում է օրենսդրությունը, կոռուպցիայի մասին անվերջ քննարկումներ են արվում: Ի վերջո, այդ ամենն ի զորո՞ւ է փոխելու իրավիճակը:
– Դրանք մասամբ օգտակար նախաձեռնություններ են, ընդ որում՝ բոլոր ժամանակներում այդպիսի քայլերի պակաս չի էլ զգացվել, ուստի որպեսզի դրանք արդյունք ունենան, անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, ինչի նախադրյալները, իմ համոզմամբ, մեծամասամբ առկա են կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում: Հակառակ դեպքում, անխուսափելիորեն արդյունքը կլինի կամ կոռուպցիայի եղանակների փոփոխությունը, կամ պետական համակարգի կողմից մատուցվող ծառայության որակի աննախադեպ անկումը. կարծեմ, գոնե հասկանալի է, որ ակնհայտ նվազ աշխատավարձը որեւէ կերպ չի կարող հրապուրել մասնագիտական անհրաժեշտ ունակություններ ունեցող կադրերին: Մյուս կողմից, պետք է հուսանք, որ յուրաքանչյուր դեպքում իրավական լուծումների հիմքում կդրվեն ոչ թե չոր հաշվարկներ եւ մակերեսային դատողություններ, այլ՝ համալիր վերլուծություններ: Կարծում եմ, իրատեսական չէ իրավական լուծումներն ընկալել՝ որպես հոգեբանական ու զգացմունքային ոլորտից խիստ մեկուսացված ֆորմուլաներ: Մամուլի թելադրված հոգածությունը հաճախ կարող է ապահովագրել այդ քայլերը՝ տարաբնույթ քննադատությունից (միշտ էլ կգտնվեն «մասնագետներ», որոնք պատրաստ են աջակցելու ցանկացած թյուրիմացության), սակայն դրա դառը պտուղները ճաշակելու պահին գնահատականները կտրուկ փոխվելու են:
Բացի այդ, կարծում եմ, այնքան էլ հեռանկարային չէ այն մոտեցումը, ըստ որի՝ բոլոր նախաձեռնությունների հիմքում համատարած դրվում է պաշտոնյաների՝ որպես կոռուպցիայի նկատմամբ հակում ունեցող անձանց, կանխավարկածը: Այս քաղաքականությունը ուղիղ ճանապարհ է դեպի կառավարման ճկունության ու արհեստավարժության նվազեցում: Համակարգը պետք է հնարավորություն ընձեռի հիրավի հուսալի եւ արհեստավարժ պաշտոնյաներին՝ ոչ թե սահմանափակվելու ստանդարտներով եւ զերծ մնալու նախաձեռնություններից (ի դեպ, միջակություններին դա նույնիսկ հրապուրիչ է թվում), այլ՝ դրսեւորելու իրենց ունակությունները եւ կատարելու պատասխանատու քայլեր: