Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի փոխարեն՝ նախարարը

Մայիս 25,2011 00:00

Կրկին ստուգայց՝ Գյումրիի շինհրապարակում

Գյումրիի Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից կառուցվող 1856 բնակարանների շինարարության ընթացքը վերահսկելու նպատակով վերջերս երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը հաճախակի են այցելում շինհրապարակ: Նախագահի այցից դեռ մի ամիս չանցած՝ երեկ Գյումրի էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա էլ նախագահի պես մեծ թվով լրագրողների ուղեկցությամբ եկավ, շրջեց, նկարահանվեց, սակայն խուսափեց գնահատականներ տալ շինարարության որակի մասին: Նրա փոխարեն խոսեց քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը՝ վստահեցնելով, որ գյումրեցիներն այլեւս մտահոգվելու ու դժգոհելու առիթ չունեն, քանի որ շինարարությունը ընթանում է որակով ու ճիշտ ժամանակին: «Նախորդ փորձից ելնելով՝ մենք այսօր ամեն հնարավորը անում ենք, որպեսզի ընթացող շինարարությունը որակով լինի եւ ձեզ տեղեկացնեմ, որ շինկազմակերպությունը պայմանագիր է կնքել մասնագիտական կառույցի՝ «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի հետ, եւ եռամսյակը մեկ նրանք գրավոր եզրակացություն են ներկայացնում նախարարություն՝ ընթացող շինարարության որակի մասին: Բնականաբար, հիմնական շեշտը, մեխը դնում են սեյսմակայուն շինարարության վրա, դրան զուգահեռ՝ ուշադրություն են դարձնում հարդարման աշխատանքներին: Շինաշխատանքները մինչեւ էսօր գնահատում ենք բավարար»,-ասաց պարոն Վարդանյանը: Նախարարի խոսքում միակ նորությունը, թերեւս, այն էր, որ նորակառուց շենքերը, ի տարբերություն «Գլենդել հիլզի» կողմից առաջին փուլով կառուցվածների, առաջին հարկերում կունենան սպասարկման օբյեկտներ՝ խանութներ, կենցաղսպասարկման կառույցներ, նույնիսկ հնարավոր է, որ 1-2 շենքերում տեղակայված լինեն երաժշտական ու մարզական դպրոցներ, մանկապարտեզներ: Նախարարի տեղեկացմամբ, բնակարանները պաշտոնապես կհանձնվեն հոկտեմբերին, մտադրություն կա նաեւ բազմաբնակարաններ կառուցել Ախուրյան համայնքում:
Կառավարական խումբը մասնակցեց նաեւ Նյու Յորքում բնակվող թուրքահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսական միջոցներով Գյումրիում կառուցված դպրոց-վարժարանի նոր շենքի բացմանը: 91-ամյա ամուրի բժիշկը իր ողջ կարողությունը ներդրել է երկրաշարժի ժամանակ ավերակ դարձած թիվ 21 դպրոցի աշակերտներին տնակային պայմաններից փրկելու համար: Երկրաշարժից անմիջապես հետո նա կառուցեց թիվ 21 դպրոցը՝ իր 3 մասնաշենքերով: Երեկ շահագործման հանձնված 4-րդ մասնաշենքի շինաշխատանքները սկսվել են 1 տարի առաջ եւ այն բժշկին արժեցել է շուրջ $800 հազար: Նշենք, որ խոսքը այն կառույցի մասին է, որը մի քանի տարի շարունակ կռվախնձոր էր դարձել Գյումրիի թիվ 21 դպրոցի տնօրինության եւ քաղաքի միակ տպարանի ու «Կումայրի» շաբաթաթերթի խմբագրության միջեւ: Մինչ Օյունջյանի կողմից դպրոցի 4-րդ մասնաշենքի վերանորոգումը, այնտեղ տարիներ շարունակ տեղակայված էին տպարանն ու «Կումայրի» թերթը, սակայն վտարեցին թե՛ մեկին, թե՛ մյուսին: Տպարանի փակվելն այնքան թանկ նստեց տպագրման համար մայրաքաղաք հասնող Գյումրիի շաբաթաթերթի խմբագիրների վրա, որ վերջիններս, գնահատելով հանդերձ Օյունջյանի բարեգործությունը, միաժամանակ քննադատում էին նրան՝ ասելով. «Օյունջյանը մեծ բարեգործություն արած կլիներ, եթե Գյումրիին չզրկեր միակ տպարանից, այլ դպրոցի փոխարեն տպարանը վերանորոգեր, իր անունով կոչեր, ու, ինչու չէ, նաեւ բիզնես աներ: Գյումրին հազարավոր դպրոցներ ունի, բայց ոչ տպարան, այս ձեւով նա ավելի շատ զարկ կտար կրթության տարածմանը եւ ավելի շուտ կանմահանար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել