Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ԳՆԱՑԵՔ ՄԵՌԵՔ»

Մայիս 25,2011 00:00

Իսկ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է՝  համբերել մինչեւ աշուն

\"\"

Մինչ Ազգային ժողովում պատգամավորների կամայականությունների պատճառով բացօթյա առեւտրականների խնդիրը լուծող օրինագիծը մեկ մերժվում է, մեկ՝ հետաձգվում, խեղճուկրակ առեւտրականները զրկվում են օրվա ապրուստի միջոցից: Մայիսի 20-ին, երբ ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Ժառանգության» եւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած օրենքի արդեն միավորված նախագիծը, առեւտրականները մի փոքր հույս ունեին, որ իրենց խնդիրը կլուծվի: Սակայն այս երկուշաբթի ԱԺ-ն բացօթյա առեւտրականներին վերջնականապես հուսախաբ արեց: Իրականում, ինչպես հենց պատգամավորներն են ասում՝ նախագծի այս կերպ «տորպեդահարումով», ԱԺ-ում նստած հանրապետական պատգամավորները մեծ շուկաների տերերի լոբբինգն են անում:
Գալուստ Սահակյանի այն «շանտաժից» հետո, թե չեն մասնակցելու սույն նախագծի քվեարկությանը, «Առավոտի» հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ ինքն ամեն բան արել է, որպեսզի գոնե աշնանային նստաշրջանում արդեն իր առանձին նախագիծը ներառվի օրակարգ. «Մահակն արդեն իրենց գլխին կախված է. չեն կարող ասել, որ այս նախագիծը չկա օրակարգում»: Իսկ թե մինչեւ աշուն բացօթյա առեւտուր իրականացնողներն ինչպե՞ս են ապրելու, այս հարցը փորձեցինք ուղղել նախագծին ընդդիմացող Գալուստ Սահակյանին, սակայն չհաջողվեց՝ նրա հեռախոսը 2 օր է «արգելափակված» է:
Վ. Դալլաքյանի խոսքերով՝ «Եթե պետությունը աշխատանքով չի ապահովում այդ մարդկանց, իսկ նրանք հանապազօրյա հացի խնդիրն են լուծում, մենք պետք է օրենսդրական լուծում տանք այս հարցին»:
Ուստի անհասկանալի էր, թե ինչու մերժվեց «Ժառանգության» ներկայացրած նախագիծը, որտեղ մանրամասն եւ շատ հստակ ներկայացվում էին բացօթյա առեւտուր իրականացնողների իրավունքներն ու պարտականությունները: Նախագծում, օրինակ, նշված էր, որ այդ մարդիկ պետք է օրական իրենց զբաղեցրած տեղի համար վճարեն: «Բոլոր առեւտրականները ամեն օր ոստիկանների գրպանն են փող դնում, իսկ նախագծով այդ գումարը պետբյուջե կգնար»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նախագծում նաեւ նշված էր՝ համայնքների ղեկավարները պարտավոր են բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քմ տարածք՝ բացօթյա առեւտուրը պատշաճ կազմակերպելու համար: Մենք պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք այս կերպ նոր մինի շուկաներ չեն ձեւավորելու, իսկ նրանց փողոցներից հանելով՝ նպատակն էր մեծ շուկաներում տեղավորել, պատգամավորն ասաց. «Այդ մարդիկ ոչ թե կարտոֆիլ վաճառելով են փող աշխատում, այլ նաեւ այն կոնտինգենտի ու տեղի հաշվին, որտեղ առեւտուր են իրականացնում: Ես ինքս տեսել եմ այդ առեւտրականների նիսյաների այն ցուցակը, ուր թաղի տատիկ-պապիկներն ու սոցիալապես անապահով մարդիկ են գրված: Նրանք մի ճաշի՝ 3 հատիկ կարտոֆիլ են առնում: 3 հատիկ կարտոֆիլ առնողին 200 դրամ որտեղի՞ց, որ գնա շուկա: Ես էլի եմ ասում այս իշխանություններին՝ ձեր աղքատացրած մարդկանց փոխանակ դուք պահեք, բացօթյա առեւտրականներն են պահում՝ դառնալով նրանց համար կրեդիտով սննդամթերք տվողներ: Շուկայի ո՞ր առեւտրականն է ապառիկ մթերք տալու»: Մեր այն դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանը, ընդդիմանալով նախագծին, գուցե ականատես է եղել փողոցային առեւտրի անփույթ տեսքին եւ ցանկանում է մաքրել փողոցները, պարոն Սաֆարյանն ասաց. «Եթե ուզում են մաքրել փողոցները, ուրեմն պիտի այսօրվա իշխանությունն էլ մաքրենք: Մարդկանց էլ դուր չի գալիս իրենց պատկանող երթուղագծերի սպասարկումը: Բացի այդ, մենք ասում ենք, որ թաղապետարանները հատուկ տեղեր հատկացնեն բացօթյա առեւտրականների համար: Իհարկե, ոչ խելագարության կանխավարկածով, ինչպես հանձնաժողովականներն են ասում՝ հանրապետության հրապարակում տան տեղ, թեպետ այսպիսի կառավարության դեմը կարելի է նաեւ կանաչի վաճառել»: «Ժառանգության» նախագծով, բացօթյա առեւտրականներին նաեւ հնարավորություն էր տրվում շարժական սայլակներով իրենց ապրանքը վաճառել, ինչը ընդունված է եվրոպական երկրներում, նրանց նաեւ պարտավորեցվում էր սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել եւ այլն. «Մեծ շուկաներում էլ միսը գետնին դրած են վաճառում, միրգն ու բանջարեղենը մեքենայի թափքում են տեղադրում ու վաճառում: Իրենց մոտ բացարձակ մաքուր ու հիգիենիկ պայմաններ չկան»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ԱԺ-ն չի ուզում վերջնական լուծում տալ բացօթյա առեւտրականների խնդրին, մի՞թե իրենց դուր են գալիս այդ մարդկանց բողոքի ակցիաները, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կառավարությունն ասում է՝ գնացեք մեռեք: Սա 50 հոգու խնդիր չէ, սա լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունեն պետություն ղեկավարող կոչվածները սեփական հասարակության ամենախոցելի խավի նկատմամբ: Սա անհաշվետու, անզգա ու անպատասխանատու իշխանություն է: Նրանց չի հետաքրքրում՝ թե այդ մարդիկ ինչպես են ապրելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել