Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց գործարար, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանին, ով մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար: Դատավորը նաեւ որոշեց կիսով չափ բռնագրավել Կարապետյանի ունեցվածքը: 15 տարվա ազատազրկման դատապարտվեց նաեւ ոստիկանության Նոր Նորքի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը: Հայկ Մելքոնյանը դատապարտվեց 14 տարվա, Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ: Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները դատապարտվեցին, համապատասխանաբար, 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Աշոտ Խաչատրյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, իսկ Նիկոլայ Խաչիկյանը՝ 8,5:
Վճռի հրապարակումից հետո Արա Կարապետյանը, ըստ ankakh.com-ի, հայտարարեց, թե իրենք անմեղ են, իսկ ինքը շուտով բազմաթիվ տեղեկություններ է հայտնելու լրատվամիջոցներին, որոնք կբացահայտեն որոշ օլիգարխների իրական դեմքը: