Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ 135 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ

Մայիս 25,2011 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ նիստ է կայացրել եւ որոշել է օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ: Ինչպես հաղորդում են Հանձնաժողովից՝ պատճառն այն է, որ «Ֆրեշ»-ում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել եւ հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ՝ զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ, որտեղ նշված է եղել, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Ահա դրա համար էլ  ՏՄՊՊՀ-ն որոշել է ուսումնասիրություններ իրականացնել այս սուպերմարկետում:
Իր հերթին tert.am–ը հետաքրքրվել է «Ֆրեշից» այդ չարաբաստիկ երեք հատիկ կիվիի մասին: «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ռիկարդո Մերինոն, մեկնաբանելով ՏՄՊՊՀ որոշումը, ասել է. «Որեւէ պաշտոնական հաղորդագրություն ես չեմ ստացել։ Բացի այդ՝ մինչեւ որոշում կայացնելը կարելի էր նաեւ մեզ հետ կապվել: Եթե խոսում ենք կիվիների մասին, քանի որ Հանձնաժողովի որոշումը դրան է վերաբերում, ապա վստահեցնում եմ՝ մենք հազարավոր կիվի ենք վաճառել հենց այդ գնով՝ 375 դրամով: Մենք այդ գինը հայտարարել ենք 3 կիվիի համար, եւ եթե որեւէ մեկը ընդամենը մեկ հատ կիվի է գնում, ապա այլ գին է լինում: Բայց գուցե խնդիրը կապված է մեկ դեպքի հետ. հնարավոր է՝ գանձապահը չի հասկացել, որ 3 կիվի է, եւ 1 կիվիի գնով է հաշվարկ կատարել, բայց դա զուտ մարդկային սխալ է, որը կյանքի ցանկացած իրավիճակում կարող է պատահել»: Նա նաեւ ասել է, որ եթե հաճախորդը արձագանքեր եւ դիմեր մենեջերներին, եթե նույնիսկ նման վրիպում է եղել, ապա այն անմիջապես կուղղվեր, եւ հաճախորդից ներողություն կխնդրեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել