Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանը դեպքի վայրից հետեւում էր իր հանցանքի բացահայտմանը

Մայիս 25,2011 00:00

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանի որոշմամբ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Երեկ նշված քրեական գործն ուղարկվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Արդեն երեկոյան ՀՔԾ քննիչի որոշմամբ Արտակ Գրիգորյանը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայր: Ինչպես հայտնել էր «Առավոտը», մայիսի 24-ի կեսգիշերին, Կոմիտասի փողոցում՝ Արեւելյան խոհանոցի դիմաց, Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի քաղաքացիներ 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի թիվ 78 դպրոցի 11-րդ դասարանում) եւ 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):
Վրաերթը կատարած 42-ամյա Արտակ Գրիգորյանը աշխատում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երեւանի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքում որպես տեսուչ՝ ավագ լեյտենանտի կոչումով:
Վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր են, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում եղբայրը՝ Արթուրը,  գիտակցության չգալով, մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: Ավելի ուշ պարզվել է, որ Արտակ Գրիգորյանը վթարից հետո դեպքի վայրից շատ չի հեռացել, այլ մի քիչ հեռու կանգնած հետեւել է իր հանցանքի բացահայտմանը:
Ա. Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առեւանգել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության փորձաքրեագետները ավտոմեքենայից մատնահետքեր են վերցրել եւ պարզել, որ մեքենան առեւանգված չի եղել, իսկ գիշերը ժամը 4-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի եւ ՃՏՀ քննության բաժինների, ինչպես նաեւ փորձաքրեագետների կատարած աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, որ իրականում վրաերթի հեղինակը հենց Արտակ Գրիգորյանն է, որը կեղծ ալիբի ստեղծելու համար հայտարարում էր, թե ավտոմեքենան առեւանգել են: Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, այս տարվա փետրվարի 17-ին եւս մեկ վթար է տեղի ունեցել Արտակ Գրիգորյանի մասնակցությամբ՝ նույն մեքենայով: Այն ժամանակ Գրիգորյանի Toyota Prado-ն բախվել էր տաքսի մեքենային, որի ուղեւորները տեղափոխվել էին հիվանդանոց: Ընդ որում, Արտակ Գրիգորյանը մինչ ոստիկանների ժամանելը թաքցրել էր մեքենայի համարանիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել