Լրահոս
Օրվա լրահոսը

15000 ԽԱՆՈՒԹՊԱՆԻ ԳՈՐԾԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ

Մայիս 25,2011 00:00

Հետո էլ ասում են՝ ՓՄՁ-ներին աջակցում ենք

\"\"

Մեր երկրում պարբերաբար տարբեր ամբիոններից խոսվում է մանր ու միջին բիզնեսին օժանդակելու, նրանց արտոնյալ վարկեր տալու մասին: Մինչդեռ վերջին շրջանում մեր բոլորի աչքի առաջ այդ նույն խոսացողները սպանեցին մի շարք մանր ու միջին բիզնեսմենների գործերը: Մեր քաղաքում ամեն քայլափոխի սուպերմարկետ ու հիպերմարկետ է. թե ովքեր են դրանց տերերը՝ բոլորը գիտեն: Այդ նույն մարդիկ էլ հենց մեր երկրում խեղդեցին մանր ու միջին բիզնեսի մի զգալի հատվածը:
Նշենք, որ մեր երկրում 2010-ին մանրածախ առեւտրաշրջանառության 65%-ը խոշոր սուպերմարկետներն են արել՝ «Երեւան սիթին», «ՍԱՍ»-ը, «Սթարը» եւ «Ֆրեշը»: Մեծ թափ առած այդ սուպերմարկետները, որոնց տերերը նաեւ ներկրողներ են, հասկանալի պատճառներով կարողանում են ինքնարժեքից ցածր գներով սպառող գրավել, դաշտից մաքրել փոքր խանութպաններին ու սկսել գին թելադրել ամբողջ շուկայում: Քաղաքակիրթ երկրներում քաղաքի կենտրոնական մասերում հիպերմարկետներ չեն լինում, դրանք սովորաբար գտնվում են կա՛մ քաղաքի ծայրամասերում, կա՛մ քաղաքից դուրս, եւ դրա նպատակը ոչ միայն քաղաքի տեսքը հսկա շենքերով չփչացնելն է, այլեւ այն, որ փոքր ու միջին բիզնեսն էլ ապրի ու շնչի: Մեծ սուպերմարկետներն ու հիպերմարկետները նախատեսված են ավելի խոշոր գնումների համար, ասենք՝ շաբաթվա կտրվածքով մեկ անգամ կամ քաղաքից դուրս գնալիս այցելես, ոչ թե խրախուսում են բոնուսներով, որ մարդիկ անգամ իրենց ամենօրյա հացը գնեն սուպերմարկետից, ինչ է թե՝ բոնուս է գալու, ընդ որում, բոնուսն էլ՝ 4 դրամ, որ 3 տարի հավաքես՝ հազիվ 1 կգ շաքարավազի փող է դուրս գալու: Եթե մարդիկ իսկապես տարվեն այդ չնչին բոնուսներով, փաստորեն, շուտով նաեւ հացի խանութները կփակվեն:
Տնտեսագիտական հաշվարկները ցույց են տվել, որ խոշոր սուպերմարկետների ցանցով քաղաքը խեղդելուց հետո շուրջ 15 հազար խանութպանի բիզնես է փակվել: Ուստի մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ դա չի՞ նշանակում, որ առեւտրի ոլորտը Հայաստանում մենաշնորհացվում է: Վերջինիս պարզաբանմամբ՝ «Համամիտ ենք, որ խոշորացումն իսկապես տեղի է ունենում համեմատաբար մանր բիզնես ծավալող տնտեսվարողների հաշվին: Սակայն ներկայումս հանձնաժողովն իրավունք ունի սուպերմարկետների նկատմամբ պատժի մեխանիզմներ կիրառել եւ վարչական վարույթ հարուցել միայն անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների դեպքում: Ձեր նշած օրինակը նման դեպք չէ, եւ գործող օրենքում հստակ ձեւակերպված են, թե որոնք են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները»:
Մենք Ա. Շաբոյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն պատժվում սուպերմարկետները, երբ չհիմնավորված բարձր գին են կիրառում. ասենք, ակցիա են հնարում ու մի ապրանքի գինը իջեցնում են՝ փոխարենը չհիմնավորված բարձրացնում մեկ ուրիշ ապրանքի գինը՝ պարոն Շաբոյանը պատասխանեց. «Նախ, տնտեսվարող սուբյեկտն ազատ է իր գնային քաղաքականությունը որոշելու հարցում, եթե նա չի հանդիսանում գերիշխող դիրք ունեցող կամ հակամրցակցային համաձայնության մեջ չի մտնում այլ տնտեսվարող սուբյեկտի հետ: Սակայն հաշվի առնելով ինչպես միջազգային, այնպես էլ հանձնաժողովի փորձը, օրենքի փոփոխություններում մի շարք դրույթներ ենք նախատեսել նաեւ առեւտրային ցանցերի վերաբերյալ: Մասնավորապես, սահմանվել են առեւտրային ցանց հասկացությունը, առեւտրային ցանցը գերիշխող դիրք ունեցող համարելու պայմանները, առեւտրային ցանցի կողմից հնարավոր չարաշահումները եւ այլն, որոնք ուղղված են լինելու առեւտրային ցանցերի կողմից մրցակցային օրենքի հնարավոր խախտումների դեմ պայքարին: Տասնյակ դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից ֆիքսվել է այս կամ այն ապրանքատեսակի թանկացումը, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ոչ թե արտադրողի կամ ներմուծողի, այլ հենց մանրածախ առեւտրի կետերի վարած գնային քաղաքականության արդյունք է: Այդ իսկ պատճառով խոշոր առեւտրի կետերը եւս պետք է դաշտ բերվեն, եւ նրանցից խոշորները  ճանաչվեն գերիշխող, որպեսզի նրանց հանդեպ եւս կատարվի լիարժեք եւ ամբողջական վերահսկողություն, ինչն էլ հուսանք, որ կկատարվի օրենքի նոր փոփոխությունների շնորհիվ»: 
Ինչպես գիտեք, շատ սուպերմարկետներում գները նշում են ոչ թե կլորացված գումարով, այլ 1-2 դրամ պակաս: Ասենք, 100 դրամանոց ապրանքը գրում են 99 դրամ, որ քիչ թվա, բայց, միեւնույն է, այդ 1 դրամ մանրը չեն վերադարձնում: Եթե բոլոր սուպերմարկետներում, խանութներում շաքարավազի 1 կգ-ի գինը 370 դրամ է, «Երեւան սիթիներում» այն 369 դրամ է, եթե սպառողը փորձի 360 դրամ տալ, աշխատողները, բնականաբար, 10 դրամը կպահանջեն, իսկ սպառողների 1 դրամ մանրը նորից մտնում է բիզնեսմենի գրպանը:
Բացի այդ, սպառողներին որոշ սուպերմարկետներում խաբելու յուրահատուկ ձեւ կա. մարդիկ հազարաթերթիկ են գնում 140 դրամով, բայց իրականում այն հաշվվում է 1400 դրամ, թե դրամարկղում վճարելիս սպառողը զգա ու չամաչի ասել՝ աշխատողները ներողություն կխնդրեն, կասեն՝ սխալմունք է: Այդպես են անում հատկապես այն ապրանքների դեպքում, որոնք սպառողները հիմնականում գնում են աղցանի այլ մթերքների հետ ու ընդհանուր գումարի մեջ չեն զգում գնային տարբերությունը: Նման բան իմ ծանոթներից շատերի հետ է պատահել՝ տարբեր սուպերմարկետներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել