Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է միջին հային ուղղված օրենքը

Մայիս 25,2011 00:00

\"\"Վերջին տասնամյակի մեր քաղաքական բառապաշարի ամենագործածելի բառը, թերեւս, բարեփոխում բառն է։ Կառավարության անխտիր բոլոր ծրագրերի հայտարարված նպատակն ու ակնկալիքը մեր իրականության բոլոր երեսների բարեփոխումն է։ Սա՝ տեսականորեն, իսկ իրականությունը մեկ այլ՝ ցավոտ պատկեր է արձանագրում. իշխանությունն իր քաղաքական վարքագծով, արժեհամակարգով ու ողջ փիլիսոփայությամբ՝ տնտեսություն, մշակույթ, բնապահպանություն, քաղաքաշինություն, արդարադատություն, բոլոր ոլորտներում ձախողումների ճանապարհ է որդեգրել, եւ գրեթե չկա որեւէ բնագավառ, ուր ձախողումները համատարած չլինեն:
Յուրաքանչյուր ամիս տասնյակ եւ ավելի օրենքներ ենք ընդունում, ու ամեն անգամ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞ւր է հայ մարդուն, սովորական հայ մարդուն ուղղված օրենքը, ինչո՞վ ենք փոխում կամ բարեփոխում նրա կյանքը։
Տնտեսական ճգնաժամի անվան տակ շարունակ սեփական անզորությունն ու անկարողությունը քողարկելը կառավարության համար հարմար ալիբի է, այնինչ իրական պատճառը օլիգարխիկ կլանային տնտեսությունն է, կառավարման անարդյունավետությունը, ամենաթողությունն ու անպատժելիությունը։ Քաղաքական մշակույթի այն կանոնները, որոնցով Հայաստանում իրականացվում է իշխանությունը, անկարող են սոցիալական, տնտեսական, կրթական, հոգեբարոյական խնդիրները լուծել, այդ պատճառով էլ այսօր հասարակությունը համատարած հուսահատության, բացասական սպասումների ու անհեռանկարայնության մեջ է։
Գրեթե անհաղթահարելի աղքատության դատապարտված ու կյանքի հատակում հայտնված սովորական հայ մարդն ապրում է աչքը սահմանին. մի մասը դրամական փոխանցումի է սպասում, մի մասն էլ երազում, թե ինչպես ի վերջո հատի այն ու իր կյանքի վերջին փշուրները կարողանա արժանապատիվ ապրել։ Արտագաղթ՝ սա է մեր իշխանություններին տված ժողովրդի գնահատականը։ 2009-ի համեմատ արտագաղթի 19.5% աճ ունենք, ըստ ՄԱԿ-ի մարդկային զարգացման տարեկան զեկույցի զարգացման՝ նման սցենարի դեպքում մոտ ապագայում արտագաղթողների թիվը կհասնի 200.000-ի։ Խնդիրն ազգային անվտանգությանն ու լինելիությանն է վերաբերում, իսկ միգրացիայի գործակալության պետն ու իր պետերը այս թվերի ետեւում արտառոց ոչինչ չեն տեսնում։
Ինչպես միշտ, խնդիրները ժամանակին ու քաղաքակրթորեն լուծելու քաղաքական հեռատեսություն ու կամք իշխանությունները չեն ունենում: 2-3 տարի խոսվում էր երկխոսության մասին, եւ միայն հիմա, երբ արտաքին միջամտությունն այդքան տեսանելի է, հստակ է այդ երկխոսության ուրվագիծը։
Այո, Հայաստանում եվրոպական բանաձեւերն ու դիտորդներն ավելի հարգի են, քան ներքին պահանջը։ Եվ հիմա ուղղակի զավեշտ է, որ շատերը, երբ 2008-ին քաղբանտարկյալ բառը իրենց բառապաշարից ջնջել էին, համաներումի մասին լսել անգամ չէին ուզում, այսօր առաջամարտիկ են:
Ավա՜ղ, քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն-ՀԱԿ ձեւաչափով՝ մոռանալով, որ երկխոսությունը նախ պետք է սեփական ժողովրդի ու նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ ծավալել: Երկխոսություն, որի առանցքում պետության ու երկրի հեռանկարն է, իշխանության որակը եւ ամենակարեւորը՝ միջին թվաբանական հայը, որն այսօր աներեւակայելի նվաստացումների ճանապարհ է անցնում իր օրվա հացն ու գոյությունը ապահովելու համար։ Իսկ երկրի ողնաշարը արժանապատիվ ու պաշտպանված քաղաքացին է, հենց որին էլ պիտի ծառայի պետությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել