Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ Է

Մայիս 25,2011 00:00

\"\"Ղարաբաղյան հարցում այդ տարբերակի «ջատագովներին» հակադարձում է  ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, երեկ խոսելով ԼՂՀ խնդրի մասին, ասել էր. «Մենք չենք ցանկանում, որ 2008 թվականի սցենարը կրկնվի տարածաշրջանում, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Չենք ուզում, որ նույնը կրկնվի Ղարաբաղում, սակայն այն, որ լարվածությունը մեծանում է, դա ակնհայտ է»։ Նա նաեւ մեղադրել էր Արեւմուտքին, որ պարարտ հող է ստեղծվում, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխանատվությունը կրեն երկու կողմերն էլ: Օրերս պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին խոսել էին նաեւ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եւ ռուսական կողմնորոշում ունեցող հայաստանյան տարբեր գործիչներ: Արդյոք սրանք Ռուսաստանի կողմից ինքնապաշտպանական ռեակցիանե՞ր են, քանի որ հիմա Հայաստանում Արեւմուտքն է կարծես թելադրող, թե՞ իսկապես պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական է:
– ԼՂ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը թեեւ առկա է, սակայն բարձր չէ: Ձեւավորված ստատուս քվոն խաղաղություն հաստատող հնարավոր պայմանագրի չստորագրվելու պարագայում որոշակի եւ տեւական լարվածության մեջ է պահելու ոչ միայն ԼՂ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված Ադրբեջանը, Արցախը եւ Հայաստանը, այլեւ՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Միացյալ Նահանգների եւ նրանց մերձավոր դաշնակիցների համար սա օգտակար իրավիճակ է, քանի որ հնարավորություն է ընձեռում էական ազդեցություն ունենալ վերը թվարկած պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա: 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո պարզ դարձավ, որ կարծես թե երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից քաղաքական կողմնորոշման առումով Վրաստանը Ռուսաստանի համար կորսված երկիր է, եւ այստեղ ՌԴ իրական ազդեցությունը զրոյական է, կամ՝ ձգտում է զրոյի: Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի հետագա թուլացումը կանխելու, այս ռազմավարական առումով կարեւորագույն տարածաշրջանից վերջնականապես դուրս մղված չլինելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է Ադրբեջանը՝ միաժամանակ, Հայաստանում արդեն իսկ ունեցած դիրքերը պահպանելու պայմանով: Սա բարդ եւ, ըստ իս, ստեղծված իրավիճակում անլուծելի խնդիր է: Մեր պարագայում ամենավատն այն է, որ գործող իշխանությունները, ինչպես եւ ՀԱԿ-ի ղեկավարությունը, տարածքը հանձնելու տարբերակն ընդունելի են համարում, իսկ տարածքների հանձնումը նախատեսող Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային գործընթացի հիմք ճանաչվել են ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ: Այսինքն՝ նորանկախ Հայաստանի երեք՝ իրար հաջորդող ղեկավարներն էլ ընդունում են տարածքներ հանձնելու անհրաժեշտությունը: Այս իրավիճակը չի բխում մեր շահերից: Մեզ հարկավոր է նոր քաղաքականություն, որը նոր դեմքեր պետք է մարմնավորեն: Այդ մարդիկ պետք է կարողանան կազմակերպել մեր պետական-ազգային կյանքն արդեն ոչ թե նախկին 29 հազար, այլ առկա 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա եւ օգտագործելն ամեն հնարավորություն, անգամ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված չլինելու հանգամանքը՝ հօգուտ մեր կենսական շահերի ապահովման:
– Ի՞նչ եզրահանգումներ կանեք Նալբանդյան-Քլինթոն անսպասելի հանդիպման եւ արված պաշտոնական հայտարարությունների մասին:
– Հարկավոր է տարբերակել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բուն բովանդակությունը դրանց գունազարդ փաթեթավորումից: Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը ՀՀ իշխանական վերնախավի որակի եւ անձնական շահերի շրջանակի հետ կապված պատրանքներ չունի, լավ է տեղեկացված մեր ներքին անցուդարձի, կոռուպցիոն գործընթացների ծավալների եւ դրանց մասնակիցների ով լինելու մասին: Դա ԱՄՆ-ին թույլ է տալիս չստանձնել ավելորդ պարտավորություններ ոչ միայն մեր վերնախավի, այլեւ ժողովրդի նկատմամբ, քանի որ առկա որակը ստացվել է համընդհանուր հարմարվողականության, անսկզբունքայնության եւ բարոյալքման արդյունքում:
– ՀԱԿ-ի եւ իշխանության համագործակցությունն իսկապե՞ս կարող է դառնալ նաեւ ԼՂՀ հարցի հանգուցալուծում՝ զիջումների տարբերակով, քանի որ թեեւ տարբեր բեւեռներից, բայց երկու կողմերն էլ քանիցս բարձրաձայնել են իրենց նման պատրաստակամության մասին:
–  ՀԱԿ-ի եւ իշխանության համագործակցությունն այս համատեքստում իսկապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման առկա բանակցային տրամաբանության շրջանակներում կարող է մեր զիջողականությունն ավելի խորացնել: Այս առումով Ալիեւի անզիջողականությունն է, որ կարող է մեզ համար օգտակար դեր կատարել: Սակայն ես խորհուրդ չեմ տալիս ապավինել Ալիեւին, քանի որ անգամ չնչին տարածքային զիջումը մեր կողմից կհանգեցնի շղթայական ռեակցիայի՝ որեւէ մեկ տարածքի հանձնումը սկիզբ է դնելու նոր զիջումների: 1921 թ. Կարսի պայմանագիրը մեզ համար ամրագրեց մի իրավիճակ, ըստ որի՝ Հայաստանը զրկվեց ինքնուրույն դերակատարում ստանձնելու հնարավորություններից՝ Խորհրդային Հայաստանը դարձավ Ռուսաստանի կողմից հովանավորվող վարչական տարածք, իսկ հայության մի մեծ հատված որպես պատանդ հանձնվեց Ադրբեջանին: Արցախյան պատերազմի արդյունքում մենք այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհին առաջին հաջողությունը գրանցեցինք: Մենք պետք է սկսենք նախապատրաստվել հաջորդ փուլին՝ հաշվի առնելով գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությունները: Կարծում եմ, որ աստիճանաբար ակտիվ իրադարձությունների գոտու է վերածվելու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ Չինաստանի ներգրավմամբ, ինչը մեզ կբերի թե՛ նոր մարտահրավերներ եւ թե՛ նոր հնարավորություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել