Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓԱՍՏԵՐ «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ

Մայիս 25,2011 00:00

Սոցիալական ցանցերում նախօրեին «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի 1-ին» վերնագրով կադրեր են տարածվել, որտեղ երեւում է, որ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում ոչ թե օդ, այլ հորիզոնական ուղղությամբ: Կադրերը վերեւից են նկարահանված, գիշերով: Այս առիթով երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ դրանք շատ լուրջ կադրեր են, ՀՔԾ-ն պետք է «լրջորեն ուսումնասիրի այդ տեսանյութը եւ փորձի գտնել կրակողներին»: Փաստահավաք խումբը ժամանակին ուսումնասիրել է այս կադրերը: «Այնտեղ մի բան է երեւում, որ ոստիկանության աշխատակիցը կամ աշխատակիցները իրենց տրամադրության տակ եղած ատրճանակներով նշանառու կրակոցներ են արձակում: Կադրերում մենք տեսնում ենք ատրճանակը սպայի ձեռքում, որը ուղիղ, նշանառու կրակոցներ է արձակում: Թող բարի լինեն՝ պարզեն, թե ատրճանակից կրակող սպան ով է եւ ինչի համար է կրակում ցուցարարների ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը՝ շեշտելով, որ եթե սպան վախեցնելու համար էր կրակում, ապա պետք է օդ կրակեր, իսկ հորիզոնական դիրքով կրակելիս գնդակը ցանկացած մարդու կարող է դիպչել. «Դավիթ Պետրոսյանը [մարտի 1-ի զոհերից մեկը] հրազենային վնասվածք է ստացել թիկունքից: Շատ հնարավոր է, որ այդպիսի պատահական կամ չմտածված կրակոցի արդյունքում է զոհվել: Թող բացահայտեն, ճշտեն՝ դա կապ ունի՞, թե՞ ոչ: Այդ կադրերը դրանով են արժեքավոր»: Քոչարյանի խոսքով՝ կադրերը ակնհայտորեն արվել են Լեո-Պարոնյան հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել