Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ վերջերս հնչեցրած իր հայտարարությունների որոշ արձագանքների՝ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» ասաց. «Այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իմ հնչեցրած քաղաքական գնահատականները վերջապես հասկանալուց հետո ոմանք արդեն տեւական ժամանակ է՝ լրջագույն ուսումնասիրության առարկա են դարձրել եւ ժրաջանորեն հետազոտում են անգամ ուղտին հասկանալի, բայց հենց իրենց համար մասամբ ընկալելի, նաեւ մանկապարտեզում իմ անցկացրած տարիները: Գոհունակությամբ արձանագրեմ, որ արխիվներում տքնաջան աշխատանք կատարողները, ինչպես նաեւ նրանց մակարդակին իջնելու հարցում աննախադեպ համառություն դրսեւորող որոշ լրատվամիջոցներ, վերջին շրջանում բարեգործական հիմունքներով եւ բավականին հաջող իրականացնում են իմ PR-ը, արտահայտածս մեկ բառի վերաբերյալ հանդես են գալիս երկարաշունչ ու սուպերվերլուծական հրապարակումներով՝ նախանձելի ջանասիրությամբ տիրաժավորելով իմ լուսանկարները: Հումանիզմի սկզբունքներից ելնելով՝ չէի ցանկանա, որ այդ չարաճճիների շարքում անձնազոհ առաջամարտիկների դերակատարություն ստանձնեին պատգամավորներ Բադեյանը եւ Մելիքյանը, որոնք պետք է որ վաղուց դուրս եկած լինեին այն տարիքից, երբ թույլատրելի է կուլ տալ այլոց պարզունակ ձեւով մատուցած խայծը»: