ՄՃԽ-ն՝ Ջավախքի մասին
«Ջավախքում այսօր տեր ու տիրական են միայն ուժային կառույցները, իսկ ՏԻՄ մարմինների գործունեությունը ձեւական բնույթ է կրում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Ըստ նրա՝ ամբողջ հասարակությունը վերահսկողության տակ է, երիտասարդ ակտիվիստների մի մասը հետապնդվում է, մի մասը դատական քաշքշուկների մեջ է, մի մասը դատապարտված է, որոշ մասն էլ լքել է հայրենիքը։ Շիրակ Թորոսյանը նաեւ ասել է, որ Ջավախքում այսօր ներդրումային ծրագրերի հեղինակները հիմնականում թուրքական ընկերություններն են։ Նրա խոսքով՝ Ջավախքում սկսել է երեւալ թուրքական տարր, ինչը շատ վտանգավոր է. «Թուրքերը հավակնություններ ունեն Ջավախքի նկատմամբ։ Ադրբեջանցիներն ու թուրքերը վրացական իշխանություններին անընդհատ վախեցնում են Ջավախքի անջատողականության սարսափելի ուրվականով։ Փորձում են այս հարցն անընդհատ բարձրացնելով՝ Վրաստանին պահել հակահայկական դիրքերում»: Ըստ Թորոսյանի՝ հայկական իշխանությունների վարած քաղաքականությունը մեղմ է եւ համարժեք չէ վրաց իշխանությունների հակահայկական քաղաքականությանը։ Ի հեճուկս ջավախահայ պատգամավորի այս հայտարարությունների՝ երեկ տարածած իր զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը արձանագրում է. «Ջավախքի բազմաթիվ բնակիչներ իրենց Վրաստանի լիիրավ քաղաքացիներ չեն զգում, ուստի գերադասում են մասնակցել հարեւան Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքին: Հայաստանում գործող ազգայնական խմբավորումներն էլ փութաջանորեն սկսում են նրանց համոզել, որ իրենք վրացական կառավարության խտրական քաղաքականության զոհերն են։ Որպես նման քաղաքականության ապացույց՝ մատնանշվում են Ջավաքխում առկա աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես նաեւ հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչող օրենքի բացակայությունը: Այդուհանդերձ, նման պայմաններում Երեւանի ներկայիս ղեկավարությունը կայունացնող դեր ունի եւ կարողանում է թուլացնել Ջավախքում առկա լարվածությունը՝ Հայաստանի տարածքում ձերբակալելով ջավախեցի արմատականներին»: Զեկույցում նաեւ ասված է. «Աղքատությունն ու պետական լեզվի վատ իմացությունը. ահա այն երկու հիմնական պատճառները, որ ստիպում են ջավախահայերին լքել իրենց հայրենիքը՝ տեղափոխվելով Հայաստան կամ Ռուսաստան: (…) 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո շատ օտարերկրացի վերլուծաբաններ, մատնանշելով 2005 եւ 2006 թվականներին բռնություններով ուղեկցված ցույցերը, կանխատեսում էին, թե Ջավախքը հաջորդ տարածաշրջանն է դառնալու, որը հանդես կգա առնվազն ինքնավարություն տրամադրելու պահանջով: Վրացական իշխանությունները, սակայն, վերջին շրջանում կարողացան մի շարք հաջողված քայլեր իրականացնել՝ մասնավորապես ամրապնդելով կապերը Վրաստանի այլ շրջանների հետ: Բացի այդ, դադարեցվեցին այն ծրագրերը, որոնք ընկալվում էին որպես խտրականության տարրեր պարունակող, նվազեցվեց դեռեւս գործող արմատական խմբերի ազդեցությունը: Վրաստանի իշխանությունները պետք է շարունակեն այս գործելաոճը, որպեսզի Ջավախքի 95 հազարանոց՝ առավելապես հայալեզու բնակչությունը իրեն լիակատար կերպով ինտեգրված զգա Վրաստանի պետությանը»: Միջազգային ճգնաժամային խումբը պաշտոնական Թբիլիսիին կոչ է անում մեծացնել հայոց լեզվի դերը՝ վավերացնելով տարածաշրջանային եւ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան, խթանել մասնավոր ներդրումների հոսքը, բարելավել տարածաշրջանային հեռուստաընկերությունների աշխատանքը՝ համապետական ալիքների հաղորդումները թարգմանելով հայերեն: «Հայաստանում գործող ազգայնական խմբավորումներն ու լրատվամիջոցները պետք է աներկբայորեն ընդունեն, որ Ջավախքի հայերը Վրաստանի քաղաքացիներ են, եւ զերծ մնան նուրբ խնդիրների քաղաքականացումից»,- եզրահանգում են զեկույցի հեղինակները: