Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՇՏ»

Մայիս 25,2011 00:00

\"\"Վստահ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը

– ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու առանձին: Այդ առանձին գնալը արդյոք չի՞ նշանակում, որ կոալիցիոն ուժերի միջեւ կլինի որոշակի առճակատում:
– Որպես կանոն, առճակատումները լինում են այն դեպքերում, երբ ենթադրյալ կողմերի մոտ կա թուլություն, որովհետեւ, որպես կանոն, թույլերն են ամեն ինչ տանում առճակատումների դաշտ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մեր կուսակցությունը շատ լուրջ եւ հասարակության կողմից գնահատված քաղաքական ուժ է, եւ իր հզորությունը, ուժեղությունը հասկանում եւ նկատում են բոլորը: Այդ առումով, գոնե մեր կողմից, այդ թեման արծարծելը դառնում է ավելորդ, եւ եթե այլ ուժեր խնդիրներ կունենան, դրան չեմ կարող ինքս գնահատական տալ, ավելի հստակ՝ կարող եմ ասել, բայց իմաստ չունի:
– Որոշ վերլուծություններ են արվում այն թեմայի շուրջ, որ եթե ԲՀԿ-ն առանձին է գնալու խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ինչո՞ւ վերաստորագրեց կոալիցիոն հուշագիրը:
– Քաղաքական ուժը առաջին հերթին քաղաքական ուժ է նրանով, թե որքանով է ստորադասում կամ գերադասում երկրի շահերը: Մենք այդ ստորագրությամբ գերադասել ենք մեր երկրի շահերը, ոչ թե մեր քաղաքական ուժի շահը: Մեր երկրի նախագահը պետք է կարողանա լիաթոք եւ բարձր մակարդակով հանդես գալ բոլոր ատյաններում՝ ներքին եւ արտաքին: Այդպիսի հնարավորություն արդեն նախագահը ունի՝ իր ընտրված լինելով, եւ դրան պետք է գումարվի քաղաքական ուժերի աջակցությունը: Մենք ասել ենք, որ գործող նախագահի գլխավորությամբ գնալու ենք նախագահական ընտրության:
– Այս օրերին քննարկվում է ԸՕ նախագիծը, որում ներառված են նաեւ ԲՀԿ-ի շատ առաջարկություններ: Փաստորեն այս նախագիծը Ձեր սրտո՞վ է:
– Դուք գիտեք, որ մեր ներկայացրած առաջարկությունները ներառված են ամբողջությամբ, մենք շեշտադրումները կատարել ենք՝ կանխավ իմանալով, որ գալիս է նախընտրական շրջան, եւ, պատճառներ չունենալով հանդերձ, ԶԼՄ-ները նորից փորձելու էին անդրադառնալ, հիմնազուրկ ձեւով քննարկել ԲՀԿ նախագահի հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը, օգնությունները: Այդ բարեգործությունները շարունակական են եւ կատարվում են մշտապես, անկախ նրանից՝ կան ընտրություններ, թե չկան: Եվ մենք որոշեցինք նախընտրական շրջանում ձեռնպահ մնալ, որպեսզի ավելորդ շահարկումների տեղիք չտրվի. այո, մեր առաջարկներից մեկն էլ դա էր՝ նախընտրական շրջանում չզբաղվել բարեգործությամբ: Մեր առաջարկներից է նաեւ ընտրական գործընթացում խախտումների համար պատժամիջոցների խստացումը:
– Եթե Ձեզ ճիշտ եմ հասկանում՝ նախընտրական շրջանում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական ծրագրեր չի՞ իրականացնելու:
– Այո, ճիշտ եք հասկանում:
– Այդ դեպքում ի՞նչ եք ասելու այն մարդկանց, որոնք սպասում են այդ ակցիաներին:
– Այո, սպասելու են, հատկապես խոցելի խավերը, որոնք եկամուտների կարիք ունեն, սակայն մենք այլընտրանք չունենք: Ավելորդ խոսակցություններ չստեղծելու համար, բնականաբար, մենք պետք է այդ ընթացքում դադարեցնենք: Այո, մեր բնակչության մեջ կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք անընդհատ սպասում են, եւ ինչքան էլ ցանկալի չի, որ դադարեցվի, բայց «բստրածին» խոսակցություններ չստեղծելու համար այդ ընթացքում կկասեցնենք այդ գործը:
– Դավիթ Հարությունյանը հայտարարում է, թե փոփոխված «Ընտրական օրենսգրքով հնարավոր է շատ լավ ընտրություններ անցկացնել, Դուք ե՞ւս այդ կարծիքին եք:
– Ես այդ օրենսգրքի համահեղինակներից մեկն եմ եւ մտածում եմ, որ մինչեւ անգամ մեր քաղաքակրթության մակարդակում կարելի է առանց օրենսգրքի էլ անցկացնել շատ լավ ընտրություններ: Եվ հիմա ես ձեզ հավաստիացնում եմ՝ այո, այս «Ընտրական օրենսգիրքն» անհամեմատ բոլոր նախորդներից ավելի բարձր մակարդակի է: Մեր աշխատանքային խումբը հաշվի է առել ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակական կազմակերպությունների եւ այլ սուբյեկտների առաջարկությունները:
– Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ մեծամասնական ընտրակարգը պետք է վերացնել, Դուք համամի՞տ եք, որ մեծամասնականով միայն իշխանության «մարդիկ» են անցնում խորհրդարան:
– Դաշնակցականները իրենց այս խոսքի մեջ կարող են եւ սխալ չլինել, բայց, ամեն դեպքում, ամեն ճիշտը ճիշտ է՝ ընդհանուրի տիրույթում: Այսօրվա դրությամբ բոլորս էլ նկատել ենք, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են ներկայանում որպես օրենսդիր, իրենց տարածքներում բավականին մեծ գործունեություն են ծավալում՝ հասնելու, օգնելու եւ առճակատումներից ու ընդհարումներից տարածքները զերծ պահելու ուղղությամբ: Եվ անշնորհակալ կլինի մեր կողմից չնկատել, ուրանալ կամ չտեսնել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեությունը: Ես նորից եմ կրկնում՝ որքան էլ նրանց օրենսդիր գործունեությունը ցանկանանք փոքրացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել