Սա իշխանության վերջին զիջումն էր խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ընտրական օրենսգրքի» առնչությամբ:
76 կողմ ձայներով ԱԺ-ն երեկ 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրքը»: Դեմ էին 12 պատգամավորներ՝ Տիգրան Թորոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Թեեւ նախագծի քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ընդունում են ընդդիմության եւս մի առաջարկ. «Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում, երբ հաշվարկվում է մատյանում առկա ստորագրությունների թիվը, ամրագրվում, եւ դրա մասին տեղեկությունները կապի հնարավոր միջոցներով հայտնվում են ԿԸՀ-ին՝ այստեղ ամրագրել ենք, որ վստահված անձի պահանջով նրան կարող է անմիջապես տրամադրվել գրանցամատյանից քաղվածք՝ ընտրությանը մասնակցող ընտրողների թվի վերաբերյալ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրությամբ եւ հանձնաժողովի կնիքով: Սա էլ մեզնից՝ ընդդիմությանը»: Արմեն Ռուստամյանը եւ Վահան Հովհաննիսյանը տեղից հավանության նշաններ էին ցույց տալիս: «Սա մենք համարում ենք լուրջ առաջընթաց, հաջողություն: Համարում ենք մեր պայքարի եւ ձեր լայնախոհության արդյունքը»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Արմեն Ռուստամյանը հետո «Առավոտին» պարզաբանեց, թե ինչու են այսքան կարեւորում այս առաջարկի ընդունումը. «Անցած պրակտիկան նկատի ունենալով՝ միշտ կատարվում էր հետեւյալ գործընթացը. ընտրություններն ավարտվում էին, հաղորդվում նախնական տվյալները՝ ընտրությունների ավարտից 2 ժամ հետո, սակայն ամփոփվելուց հետո մենք ստանում էինք բոլորովին այլ պատկեր մասնակիցների վերաբերյալ: Մասնակիցների թիվը կարող էր տարբերվել տասնյակ հազարներով: Կարող եք նայել, թե անցած ընտրությունների ժամանակ մասնակիցների ինչ թիվ է հայտարարել ԿԸՀ-ն ժամը 22-ին եւ այնուհետեւ ինչ ամփոփիչ թիվ է ներկայացրել հաջորդ օրը՝ 14.00-ին: Մեր խնդիրն այն էր, որ դա կանխվեր՝ արձանագրվի նախապես հայտարարված թիվը, եւ դա չփոխվի: Եվ որպեսզի կարողանանք վերահսկողության ներքո պահել՝ պիտի ստանանք վավերական փաստաթուղթ առ այն, որ ժամը 22-ին հայտարարվել է այս թիվը, որ հետո, երբ այլ թիվ հայտարարվի՝ կարողանանք դա բողոքարկել՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Սա կարող է էապես կանխել առնվազն գոնե գիշերային քվեարկությունների քանակը»:
Վահան Հովհաննիսյանը մեր զրույցի ընթացքում եւս մեկ անգամ նշեց, թե գոհ են, որ մասամբ ընդունվեց իրենց 4 կարեւորագույն առաջարկներից այս մեկը. «Բայց դա չի նշանակում, որ այնքա՜ն գոհ էինք, որ պիտի կողմ քվեարկեինք»: Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով իրոք հնարավոր լինի նվազեցնել ընտրակեղծիքները՝ պատասխանեց. «Սրանք կոսմետիկ բարեփոխումներ են: Չեմ էլ ուզում բարեփոխում բառն օգտագործել: Ցանկացած փոփոխությունների մեջ լինում են համեմատաբար ավելի ծանրակշիռները եւ թեթեւները: Սրանց մեջ համեմատաբար ծանրակշիռ՝ դրական առումով, կարելի է համարել միայն այն, ինչ ընդունվեց վերջում, ու նաեւ այն, որ քվեարկության ներկայացած քաղաքացիների ով լինելն արձանագրելու ժամանակ ընդդիմությունն անպայման ու պարտադիր ներկա է լինելու»:
«Ժառանգություն» խմբակցությունը, որն ի սկզբանե հռչակել էր «մասնակցային քաղաքականություն»՝ այդպես էլ ԱԺ-ում չմասնակցեց այս կարեւոր օրենքի քննարկմանը: Սակայն հայտարարությունների ժամին խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ազդարարեց իր գնահատականը, թե արված փոփոխությունները «որեւէ խնդիր չեն լուծում: Իրականացնում են լայնածավալ, մակերեսային փոփոխություններ, իսկ ընտրական գործընթացների եւ հատկապես քվեարկության հետ կապված խորքային խնդիրներն այդպես էլ լուծման չեն արժանանում: Չնայած հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հորդորներին՝ իշխանություններն այդպես էլ չունեցան քաղաքական այն բարի կամքը, որի առկայության պայմաններում կընդունվեին ընդդիմության առաջարկները: «Ժառանգության» կողմից որեւէ սկզբունքային առաջարկ, որն առավել թափանցիկ եւ արդար կդարձներ ընտրությունները, տեղ չգտավ այս նախագծում՝ այն դարձնելով բարեփոխման իմիտացիա: Նախորդ ընտրություններում առկա հիմնական խախտումները պահպանել են իրենց կրկնվելու հնարավորությունները»: