Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄ

Մայիս 24,2011 00:00

\"\"Արձագանքներ՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» ձեռնարկից

Նախորդ շաբաթ Եվրոպայով մեկ թեւածեց հասարակության բոլոր անդամներին դեպի թանգարաններ հրավիրող «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունը: ԶԼՄ-ների արձագանքն ու վերլուծությունները փաստում են, որ ակցիան տոն էր բոլորի համար՝ թե՛ մշակութային հանրության եւ թե՛ նրանց, ովքեր երբեւէ չեն համարձակվում ոտք դնել թանգարաններ: Ինչպես տեղեկացնում է «Գիշերվա» պաշտոնական կայքը՝ \"\"www.nuitdesmusees.culture.fr-ն, նախաձեռնության 7-րդ մեկնարկը ցույց տվեց, որ մեծ Եվրոպան մշակույթի տարածք է՝ Վլադիվոստոկից մինչեւ Լիսաբոն, Կիպրոսից մինչեւ Ֆինլանդիա. այդ են վկայում շատ թանգարանների առջեւ առաջացած հերթերը: ԵԽ հովանու ներքո ընթացող ակցիան մեծ հաշվով ուղղված է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խրախուսմանը, որի կարեւոր ֆերմենտներից է մշակույթը: Կայքը հաղորդում է, որ այս տարվա միջոցառումներին մասնակցել են 38 երկրների 3700 թանգարաններ, որից միայն 1274-ը՝ նախաձեռնության հայրենիքում՝ Ֆրանսիայում: Ավելի քան 12 հազար այցելու են ունեցել Ջենովա եւ Բորդո քաղաքները, որոնք քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար մշակել էին թանգարանից թանգարան անցնելու հստակ երթուղի: 25 հազար այցելու են ունեցել Բրատիսլավայի եւ Վարշավայի թանգարանները: Ի դեպ, Վարշավայում «Գիշերը» նվիրվել է Մարի Կյուրի-Սկլադովսկայայի Նոբելյան մրցանակի 100-ամյակին: Լատվիայում, ուր միջոցառումներն ընթացել են «Հարեւան մշակույթներ» կարգախոսով, «Գիշերվա» մասնակից է դարձել 116 թանգարան՝ դիմավորելով շուրջ 271 հազար այցելուի: Ըստ նույն աղբյուրի, այցելուների հոծ խմբեր ունենալու պատճառով մոսկովյան շատ թանգարաններ աշխատել են նախատեսվածից ավելի՝ մինչեւ մայիսի 15-ի ժամը 1.00-ն: Իսկ Լիոնի Անատոմիայի եւ բժշկական գիտությունների թանգարանը աշխատել է մինչեւ լուսաբաց՝ հյուրընկալելով 2300 այցելուի: 1854թ. հիմնադրված թանգարանը մայիսի 14-ին հանդես է եկել «Կմախքների գիշեր» եւ «Այցելություն լապտերներով» միջոցառումներով՝ ներկայացնելով ռիթմիկ անիմացիաներ եւ տեսանյութեր մարդու մարմնի ամենաերկար ու փոքր ոսկրերի, զանազան ոսկրային հիվանդությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել է ժամանակակից ոսկրա-հոդային վիրաբուժության մասին պատմող կինոնկար: Ի դեպ, մուտքը թանգարան արժեցել է 1 եվրո, որից հետեւում է, որ թանգարանն այդ երեկո ունեցել է 2300 եվրո արտաբյուջետային եկամուտ՝ ինչի կարիքն ունեն, բնականաբար, աշխարհի բոլոր թանգարանները:
Նշենք, որ մայիսի 14-ին մասնակցող 60 հայաստանյան թանգարաններից պաշտոնական կայքում գրանցվել են միայն 8-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, Ալեքսանդր Սպենդիարյանի, Երվանդ Քոչարի, Արամ Խաչատրյանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, «Էրեբունի» եւ «Գառնի» արգելոց-թանգարանները, ինչպես նաեւ Գյումրիի «Քաղաքային կենցաղի թանգարանը»՝ ինչը նշանակում է, որ ակցիայի վերլուծականում Հայաստանի մասնակցության գնահատականը չի արտացոլի մեր հասարակության եւ թանգարանների իրական պատկերը: Իսկ Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի պաշտոնական կայքի գլխավոր էջում Թանգարանների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումների բաժնում զետեղված է տեղեկույթ՝ միայն «Գաֆեսճեան կենտրոնում» եւ Գյումրիի «Քաղաքային կենցաղի թանգարանում» նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Սա եւս համակարգման թերություն է եւ նեղացնում է մեր տեղը եվրոպական հարթակում: Իսկ մեր թանգարաններն իրապես արժանի են գովեստի: Ներկայացված լուսանկարները հիմնավորում են այդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել