Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերադարձ՝ ի շրջանս յուր

Մայիս 24,2011 00:00

\"\"«Գանձասարը» դեռ առաջնության մասնակիցների թվում է, «Փյունիկը» կրկին մրցաշարային աղյուսակի բարձունքում է, «Արարատն» էլ վերջապես հաղթանակ է տոնել:

Էլ ի՞նչ է պետք «հին ու բարի ժամանակները» հիշելու համար: Ամեն ինչ վերադառնում է իրերի՝ մեզ ծանոթ դրվածքին:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում միանգամից մի քանի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Ընդ որում, առաջինն ու ամենակարեւորը՝ խաղադաշտից դուրս: «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ «Գանձասարի» հովանավոր Մաքսիմ Հակոբյանը որոշում էր ընդունել՝ թիմը հանել առաջնությունից: Այնուհետեւ, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ զրույցից հետո Հակոբյանը մեղմացրեց իր սուր դիրքորոշումը՝ թույլ տալով թիմին մասնակցել «Շիրակի» հետ 10-րդ տուրի հանդիպմանը: Միեւնույն ժամանակ սպառնալով ՀՖՖ-ին, որ այդ խաղը վերջինը կլինի առաջնությունում «Գանձասարի» համար, եթե կարգապահական կոմիտեի որոշումը՝ հինգ խաղ առանց հանդիսականների անցկացնելու վերաբերյալ, չվերանայվի ու չփոփոխվի: Ինչեւէ, առայժմ կարեւոր է, որ Կապանի թիմը խաղում է ու խաղում է բավական արդյունավետ:
Նախորդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունից ու սկանդալային շաբաթից հետո կապանցիները մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Շիրակի» նկատմամբ՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ու առաջատարներից ետ մնալով միայն 1 միավորով: Առաջատարներն էլ, ի դեպ, 10-րդ տուրում դեմ առ դեմ հանդիպեցին: Երեւանի Հանրապետական մարզադաշտում «Փյունիկի» եւ «Ուլիսի» հանդիպումը կենտրոնականն էր տուրում, որում խաղարկվում էր 1-ին տեղի «ուղեգիրը»: «Ուլիսը» 1:3 հաշվով զիջեց հանրապետության գործող չեմպիոնին՝ ոչ միայն կորցնելով էական առավելություն ձեռք բերելու հնարավորությունը, այլեւ՝ միանձնյա առաջատարի իր դիրքը: Այժմ երկու թիմերը 20-ական միավորով գլխավորում եմ մրցաշարային աղյուսակը:
Տասներորդ տուրի հատկանշական իրադարձություններից մեկն էլ մեկ տարի անց ուժեղագույնների խումբ վերադարձած «Արարատի» առաջին հաղթանակն էր Հայաստանի 20-րդ առաջնությունում: «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» 2:1 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: Այս մի ծաղիկը, իհարկե, գարուն չբերեց «Արարատին». թիմը դեռ մրցաշարային աղյուսակի հատակում է՝ իր 5 միավորով: Սակայն փաստ է, որ վերջին խաղերում «Արարատն» ավելի համարձակ է ու արդյունավետ, ինչն արդեն հույս է ներշնչում: Իսկ մյուս ետնապահը՝ «Բանանցը», այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ առաջնության շրջանակներում խաղաղ ելքով ավարտեց «Միկայի» հետ հանդիպումը: Եթե առաջին շրջանում թիմերը դաշտից հեռացել էին առանց դարպասի գրավման, այժմ գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, որը «Միկային» ավելի հեռացրեց առաջատարների եռյակից, իսկ «Բանանցին» էլ դեռ անդունդից դուրս պրծնել թույլ չի տալիս:
Առջեւում 11-րդ տուրն է՝ առաջատարների ու ետնապահների միջեւ հանդիպումներով:
Մրցաշարային աղյուսակ
(10-րդ տուրից հետո)
1. Փյունիկ 10 6 2 2 19-11 20
2. Ուլիս 10 6 2 2 15-8 20
3. Գանձաս. 10 5 4 1 11-6 19
4. Միկա 10 4 3 3 13-10 15
5. Իմպուլս 10 4 2 4 14-13 14
6. Շիրակ 10 2 3 5 8-13 9
7. Բանանց 10 1 4 5 11-17 7
8. Արարատ 10 1 2 7 7-20 5 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել