Քութայիսում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էր Հին աշխարհամասի 74 լավագույն ներկայացուցիչներ, Լիլիթ Մկրտչյանը ութ միավորով (11 հնարավորից) նվաճեց բրոնզե մեդալ: Նույնքան միավոր վաստակել էր նաեւ վրացուհի Սալոմե Մելիան, սակայն նա լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գերազանցեց մեր մարզուհուն: Իսկ հաղթողի կոչմանը տիրացավ Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկած Հոանգ Թան Թրանգը՝ 9,0 միավորով:
Մեր մարզուհիներից Լիլիթ Գալոյանը 7,0 միավորով հանգրվանեց 16-րդ հորիզոնականում: Իսկ Նելլի Աղինյանն ու Մարիա Գեւորգյանը, համապատասխանաբար, 6,5 եւ 5,0 միավորով զբաղեցրին 22-րդ եւ 42-րդ տեղերը:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի կանանց 12-րդ առաջնությունում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Երեւանցի 17-ամյա շախմատիստուհին նման հաջողության հասնում է առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի «Armchess.am» պաշտոնական կայքը: