Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՌԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Մայիս 24,2011 00:00

Վերջերս «Գրանշան 2008-2010»-ի մրցանակակիր աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են ԱՊՀ մասնակից-պետությունների դիզայներների միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման պաշտոնական արարողություն-ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցադրության կազմակերպիչներն էին «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան եւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան:
Ցուցահանդեսում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթի մասնակից հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել տառարվեստի բնագավառում հանրահայտ «Պարաթայփ» ընկերության մասնագետների, ցուցահանդեսի այցելուների եւ կազմակերպիչների կողմից։ Մոսկվայում ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացնելու համար Հայաստանի ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանն ու Անժելա Պողոսովան պարգեւատրվել են Մոսկվայի դիզայներների միության հատուկ դիպլոմներով։
Հայաստանի ազգային գրապալատում մշակված «Մարիամ» եւ «Գրապալատ» տառատեսակները, որոնք «Գրանշան 2008»-ին արժանացել էին առաջին կարգի մրցանակների, ՀՀ կառավարության կողմից 2010թ. հոկտեմբերին ընդունվել են որպես պետական պաշտոնական տառատեսակներ եւ գործածվում են պետական փաստաթղթաշրջանառության մեջ: «Գրանշան» մրցույթի աշխատանքները հանրահռչակելու նպատակով 2008թ. գործում է www.granshan.org  կայքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել