Երեք ամիսը մեկ լույս է տեսնում հայրենասիրական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանի խմբագրած «Լուսակն» պատմամշակութային ամսագիրը: Ամսագրի 4-րդ համարը նվիրված է մայիսյան գերբախտորոշ ճակատամարտերին՝ Սարդարապատ եւ Շուշի: «Արդեն 20 տարի է, որ ունենք անկախ պետություն եւ բանակ: Բայց մեր անկախության սերունդը, մեղմ ասած, լավատեղյակ չէ ոչ միայն անցյալի ազգային հերոսներին, այլեւ արցախյան ազատամարտի նահատակ եւ ողջ հերոսներին… Լավ, ինչքան կարելի է անվերջանալի զվարճալի հաղորդումներ ու տափակ սերիալներ ցուցադրել», իր խմբագրականում գրում է գլխավոր խմբագիր Սահակ Սահակյանը: Ամսագրի տպաքանակը 90 է, ծավալը՝ 4 տպագրական մամուլ: Նկատենք, որ կան մշտական խորագրեր. «Ռազմարվեստ», «Ազգային քնար», «Օտար աղբյուրները Հայաստանի մասին», «Խրամատային գեղարվեստ»: Բացառիկ է հատկապես վերջինը. ամսագրի յուրաքանչյուր համարում ներկայացվում է ոչ թե գրասենյակային պոետի ստեղծագործություններից, այլ իրական վառոդի հոտը առած, պատերազմի դաշտից, որպես թանկագին ռազմավար բերված «ողջերի ու ընկածների բանաստեղծությունների կապոցը»:
1993թ. Մարտակերտում ծնված տողերը. «Հոդացավ կա խրամատում, չչորացող հագուստներում ծիլ է տալիս երազանքն իմ ապրելու»…
Ամսագրում պարբերաբար ներկայացվում են հայկական համայնքները, նաեւ այն գրքերը, որոնք «Լուսակնի» հրատարակածներից են: