Իսկ եղածները ստվերում են
Վերջին շրջանում ազգային բալետային արվեստի մասին խոսելիս հիմնականում օրինակ են բերվում արեւմտյան բեմերը զարդարող տղամարդ արտիստները: Մոռացության են մատնվել պարուհիները: Դեռեւս խորհրդային տարիներից մի տեսակ կաշկանդում կար՝ հնչեցնելու վաստակաշատ այնպիսի պարուհիների անուններ, ինչպիսիք են Ռուսուդանա Թավրիզյանը, Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Բելլա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Աննա Մարիկյանը: Մյուս կողմից էլ, եթե մեր տղամարդիկ տարիների ընթացքում կարողացան շարունակական կենսունակություն ապահովել, ապա կանայք կարծես թե «չկամեցան» ձեւավորված դպրոցի ավանդույթները տեսնել նոր սերնդի մեջ: Գուցե դա է պատճառը, որ այսօր Ազգային օպերային թատրոնի բալետային խմբում փոքրաթիվ են ցայտուն նկարագրի այն պարուհիները, որոնք կարող են ոչ միայն ամենաբարդ դերապարերով հանդես գալ, այլեւ դուրս գալ եվրոպական բեմեր:
Մեր բալետային արվեստի ծաղկման շրջանում դարձյալ առաջնությունը պատկանում էր տղամարդկանց (Վ. Գալստյան, Վ. Խանամիրյան, Ա. Ղարիբյան, Ֆ. Ելանյան, Ն. Մեհրաբյան, Հ. Դիվանյան, Ռ. Խառատյան…): Այսօր եւս հնչում են միջազգային մրցույթների դափնեկիրներ Ռուբեն Մուրադյանի, Սեւակ Ավետիսյանի եւ այլոց անունները:
«Առավոտը» հանդիպեց Ազգային օպերային թատրոնի առաջատար մենապարուհի Ժակլին Սարխոշյանի հետ: Նա մայիսի 29-ին նշանակված Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերային (բեմադրիչ խորեոգրաֆ՝ Ռ. Խառատյան) հանդես կգա Ջուլիետի դերապարով:
Այս տարին հոբելյանական է պարուհու համար. 20 տարի Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում հանդես է գալիս ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ բալետային գրականության առաջատար դերապարերով, այդ թվում՝ Գայանե, Նունե (Ա. Խաչատրյանի «Գայանե»), Կարմեն (Բիզե-Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն»), Ժիզել (Ադանի «Ժիզել»), Դեզդեմոնա (Պյորսել՝ «Օթելլո»), Ֆրիգինա (Խաչատրյանի «Սպարտակ») եւ այլն: Ժ. Սարխոշյանը, խոսելով իր գործընկերների մասին, որպես առաջնակարգ պարուհիներ տվեց Սյուզի Փիրումյանի, Սոնա Առուստամյանի, Մարիա Դիվանյանի, Մերի Հովհաննիսյանի անունները:
Հայկական բալետային արվեստում բարձրակարգ պարուհիների դեֆիցիտ կա, եւ դրա պատճառը, ըստ մեր զրուցակցի, բացատրվում է հայկական «կլորություններով»: Նրա խոսքերով. «Անգամ եթե պարուհիները ճկուն են, հակում ունեն գիրանալու: Մյուս կողմից էլ՝ կարելի է հանդիպել որոշ նիհարակազմ, իսկապես պարուհու արտաքինով կանանց, բայց նրանց մոտ էլ ճկունությունն է բացակայում…»:
Իր մասին Ժակլինն ասաց, որ չնայած իր ֆիզիկական տվյալները փայլուն չեն, սակայն ինքն ունի աշխատասիրություն. «Պետք է շնորհակալ լինեմ նախ՝ բնությանը, հետո էլ՝ սլավոնական ծագումով մորս»: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հայ պարուհիները, այդ թվում նաեւ ինքը, հազվադեպ են մասնակցում միջազգային մրցույթների: Ժ. Սարխոշյանը իր օրինակով խոսեց տարեկիցների անունից եւս. «Մասնավորաբար՝ իմ կարիերայի սկիզբը համընկավ ղարաբաղյան պատերազմի հետ: Կարծում եմ, այս դեպքում ոչինչ մանրամասնելու հարկ չկա»: Հիշեցնելով, որ պարուհու բեմական կենսագրության ընթացքում Ազգային օպերային թատրոնի այսօրվա գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը թվով չորրորդն է՝ Վիլեն Գալստյանից, Հովհաննես Դիվանյանից եւ Արմեն Գրիգորյանից հետո, հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ է գերադասում իբրեւ ղեկավար: Ժ. Սարխոշյանը ժպտալով ասաց, թե ինքը «բանվոր դասակարգ» է, ավելացնելով. «Իմ էությամբ սուսուփուս եմ, ղեկավարը հարմար կգտնի՞ այս կամ այն դերապարի համար՝ լավ, չէ՝ …, ի վերջո, դա իր որոշելիքն է»: