Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում, պակիստանյան ռազմածովային ուժերի Մեհրանի հենակետի վրա գրոհայինների հարձակման արդյունքում 12 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, Պակիստանի զինված ուժերը կարողացել են վերականգնել իրենց վերահսկողությունը նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից գրավված ռազմական հենակետում: Հատուկ ջոկատայինների եւ ապստամբների միջեւ մարտերը շարունակվել է գրեթե 16 ժամ:
Հարձակումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, երբ լավ զինված գրոհայինները հաջողացրել են գրավել հենակետն ու մի քանի մարդու, այդ թվում՝ չինացի ռազմական մասնագետների պատանդ վերցնել: Վերջիններիս ճակատագրի մասին, ի դեպ, որեւէ տեղեկություն չկա: Հարձակման ընթացքում մի քանի ուժեղ պայթուններ են եղել, որոնց արդյունքում մի քանի ռազմական ինքնաթիռ վնասվել է:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»՝ հայտարարելով, որ դա Ուսամա բեն Լադենի սպանության վրեժ է: Շարժման գրոհայինները լավ նախապատրաստված են եղել. նրանք ունեցել են երեք օրվա սնունդ եւ ռազմամթերք: Հարձակման գործողությանը մասնակցել է 15-20 գրոհային: