Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ «ՑԱՍՄԱՆ ՕՐ» ԱՆԵԼՈՒ

Մայիս 24,2011 00:00

Այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին ընդդիմության նախաձեռնած ցույցերը ցրելու համար կիրառեց արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ, ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք «Ցասման օրվա» ցույցին՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկությանը հասնելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարները, որոնց թիվը շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հասել է 10 հազարի, Սահակաշվիլիին մեղադրում են ավտորիտար ռեժիմ հաստատելու մեջ: Արաբական երկրներում իշխանափոխությունների շարքից ոգեւորված, վրաց ընդդիմությունը հույս ունի արաբների հաջողությունները կրկնել նաեւ իր հայրենիքում:
ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, թե ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիային, երբ տասնյակ ցուցարարներ սկսել են մետաղե ձողերով ջարդել ոստիկանության մեքենայի ապակիները: Ցուցարարները Թբիլիսիում արդեն վրաններ են տեղադրել:
Երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հանգստյան օրերին տեղի ունեցած հանրահավաքում Սահակաշվիլիի բոլոր քննադատներին համախմբման կոչ է արել՝ հավաստիացնելով, որ «ռեժիմը շատ շուտով կտապալվի»:
Աղբյուրը շեշտում է, որ 2003թ.- ին «Վարդերի հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Սահակաշվիլին, նրա ընդդիմախոսների ասելով, սկսել է քայլեր կատարել իշխանությունը մենաշնորհելու ուղղությամբ: Արեւմուտքը, որը ժամանակին աջակցել է Սահակաշվիլիի ընտրությանը, 2007-ին խստորեն դատապարտել էր խաղաղ ցուցարարների ցրումը, որն այն ժամանակ էլ ուղեկցվել էր արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտների կիրառմամբ, նաեւ ընդդիմադիր ԶԼՄ-ների հետապնդումներով:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ Սահակաշվիլիի նախկին զինակից, այսօր վրացական իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ Փարիզում վտարանդիի կարգավիճակով ապրող Իրակլի Օկրուաշվիլին եւս խոստացել է չորեքշաբթի օրը վերադառնալ հայրենիք: «Ես միայն կարող եմ խոստանալ, որ մայիսի 25-ին Վրաստանում կլինեմ, եւ այդ օրը կլինի այս իշխանության վերջին օրը»,- հայտարարել է Օկրուաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել