Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երիտասարդները ռեզյումե կազմել չգիտեն»

Մայիս 24,2011 00:00

\"\"Կամ՝ ինչպես աշխատանք գտնել Երիտասարդների կարիերայի տոնավաճառում

Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ երիտասարդ աշխատանք գտնելու խնդիր ունի. կամ ինքը չի համապատասխանում գործատուի պահանջներին, կամ աշխատանքն իրեն հարմար չէ: Օրերս «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բրիտանական խորհրդի, «Գլոբալ զարգացումներ» եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնել էր «Երիտասարդների կարիերայի տոնավաճառ» կամ, ինչպես ասում են՝ գործատուի եւ գործ փնտրողի հանդիպում:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումներ ծրագրի ղեկավար, աշխատանքի շուկայի մասնագետ Ջեյն Դեյլի խոսքով, Հայաստանում առաջին անգամ է մեծ մասշտաբով «Երիտասարդների կարիերայի տոնավաճառ» կազմակերպվում, որտեղ գործ փնտրող յուրաքանչյուր երիտասարդ կգտնի իրեն համապատասխան աշխատանք. «Հայաստանի աշխատաշուկան լավ հաշվեկշռի վրա չէ: Գործատուներն ասում են, որ լավ աշխատողներ չեն կարողանում գտնել: Երիտասարդներն էլ ասում են՝ մեզ հարմար աշխատատեղեր չկան կամ ամեն մի աշխատանք պահանջում է փորձառություն: Մեր նպատակն էր այնպիսի գործատուներ հրավիրել, որոնք չեն պահանջում աշխատանքային փորձ, առաջարկում են նաեւ պրակտիկայի հնարավորություն»: Ամերիկացի մասնագետը հույս հայտնեց, որ տոնավաճառը լավ արդյունք կգրանցի՝ նոր աշխատողներով. «Հուսամ, գործատուները տոնավաճառին ներկա երիտասարդների միջոցով կարող են արագ համալրել աշխատատեղերն ու պրակտիկայի տեղերը: Երիտասարդներն ավելի ռեալ պետք է նայեն պատկերին, իրականությանը եւ հասկանան, որ աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ բան չէ: Ըստ մեր բաժանած թերթիկների եւ տեղեկատվական նյութերի, արդեն այս պահի դրությամբ 2000 երիտասարդ է այցելել մեր տոնավաճառ: Եվ կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ 4000 այցելու կլինի»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը նկատում է հայ երիտասարդների շրջանում աշխատանքի ձգտում: Նրա խոսքով, այո. «Բերեմ մի օրինակ՝ մեր տոնավաճառում ունենք 53 կամավոր երիտասարդ: Նրանց կեսը աշխատասեր է, կատարում է բոլոր պարտականությունները, մի մասն էլ հավաքվում է ընդմիջման համար նախատեսված սենյակում եւ ստիպված մենք մի քանի անգամ կրկնում ենք՝ դուրս եկեք այդտեղից եւ գնացեք աշխատեք»:
«Երիտասարդ մասնագետների կողմնորոշման կենտրոնը» տոնավաճառին թափուր աշխատատեղերով չէր ներկայացել: Կենտրոնի խորհրդատու Դոնարա Այվազյանի խոսքով, իրենք երիտասարդներին նախապատրաստում են աշխատելու. «Երիտասարդների՝ աշխատանք չգտնելու խնդիրն այն է, որ չգիտեն ինչպես ներկայանալ գործատուներին, ինչ հագուստով, խոսելաձեւով եւ պահվածքով: Մենք փորձում ենք երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնել՝ ինչպե՞ս ներկայանալ գործատուին, ինչպե՞ս ճիշտ CV, ռեզյումե կազմել եւ այլն»:
Երիտասարդների շրջանում նույն խնդիրը մատնանշեց նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ծրագրերի կոորդինատոր Տաթեւ Խաչատրյանը. «Գործատուներից շատ ենք լսում, որ երիտասարդները ներկայանում են ոչ պատշաճ կերպով: Հասարակ CV կազմել կամ հարցազրույցի նախապատրաստվել չգիտեն: Գործատուի մոտ գնալիս չգիտեն՝ ո՞ւմ մոտ են գնում: Բայց նախապես կարելի է, չէ՞, գոնե հետաքրքրվել՝ ինչ կազմակերպություն է, թեկուզ նվազագույն ինֆորմացիա իմանալ: Ներկայում ամենաշատ պահանջարկ ունեցող աշխատանքը ցանցային մարկետոլոգի աշխատանքն է, մենեջերներինը: Իսկ երիտասարդների շրջանում կոնկրետ պահանջված մասնագետի աշխատանք չկա, նրանք միայն ուզում են բարձր աշխատավարձով աշխատանք: Ավարտելուց հետո հայտարարում են, որ պատրաստի մասնագետ են եւ փնտրում են 100000 դրամ աշխատավարձով աշխատանք, իսկ իրենց փորձը չի համապատասխանում այդ 100 000-ին, դրա համար է սկսվում գործատու-գործ փնտրող կոնֆլիկտը»:
Գործատուներից մի քանիսից հետաքրքրվեցինք, թե ինչ աշխատանքներ են երիտասարդներին առաջարկում:
Օրինակ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տոնավաճառին ուսանողությանը ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների եւ մոտեցումների բազմազանությունը, նպատակ ունենալով խրախուսել ուսումնական հաստատությունների եւ բիզնեսի միջեւ համագործակցությունը, տեղեկացնել, թե որոնք են շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, առաջարկել «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման եւս մեկ ուղի, խրախուսել պետական, մասնավոր եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներին՝ կրթական նոր նախաձեռնություններ ներկայացնելու հարցում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի Կարիերայի զարգացման ծրագիրը մշակվել է բիզնեսի եւ բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ կապի շարունակականության եւ տարբեր ոլորտների աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան՝ ուսանողների համար մասնագիտական զարգացման հեռանկար ապահովելու նպատակով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներառում է հետեւյալ բաղադրիչները. գործնական դասընթացներ եւ մասնագիտական պրակտիկա՝ ընկերության համապատասխան վարչություններում, «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոց, «Բաց դռների օրեր», դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ, տարբեր բնագավառներում մրցույթների կազմակերպում, ավագ դասարանների դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումների կազմակերպում, ՀՀ ԿԳՆ-ի, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ ուսումնական համատեղ ծրագրերի իրականացում եւ շատ ավելին: Կարիերայի զարգացման ծրագրի շնորհիվ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ, աշխատանքային հմտությունները կիրառել եւ զարգացնել իրական միջավայրում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը եւ փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան եւ արտերկրի 30 բուհերի հետ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել եւ դասախոսել է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի բուհերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել