Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՔ, ՍՈՑՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

Մայիս 24,2011 00:00

\"\"Ձեր աշխատանքից է կախված ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագիրը

Արբանյակային ալեհավաքի միջոցով արտասահմանյան հաղորդումներ դիտելիս հասկանում եմ, որ այնտեղ կարողանում են մանկուց սովորեցնել ճիշտ ընկալել ամեն ինչ, «դրսում» բոլորը հավասար չափով մարդ են եւ հավասար իրավունքներ ունեն, անկախ նրանից՝ ինչ ռասայի են պատկանում, ինչ սոցիալական վիճակում են կամ մտավոր ու ֆիզիկական ինչ խնդիրներ ունեն: Ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանում չի գործում շատ կարեւոր եւ մեծ պահանջարկ ունեցող սոցմանկավարժի ինստիտուտը (գուցե սա սուբյեկտիվ կարծիք է): Ես մտածում եմ, որ օրենքների իմացությունը բերում է ավելի ուժեղ պաշտպանվածության՝ հասարակության մեջ, բայց կարծում եմ, որ այդ «գաղափարը» Հայաստանի համար չէ: Բացատրեմ՝ ինչու:
Ինտերնետային կայքերում ծանոթացել եմ Ներառական ծրագրին առնչվող օրենքների, որոշումների, Երեւան քաղաքում եւ մարզերում կատարված ու կատարվելիք աշխատանքների, հովանավորների կողմից կատարված ու կատարվելիք հսկայական ծավալների հասնող աշխատանքների: Իրապես հիացած եմ: Շատ լավ է մտածված ու գրված: Օրինակ՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Մեթոդը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դասարանում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ծրագրով» կամ ՀՀ ԿԳՆ եւ «Առաքելություն Արեւելք»-ի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ «Դպրոցներում գործում է ծնողական սենյակ, ռեսուրս սենյակ, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպում են անհատական պարապմունքներ՝ համաձայն անհատական ուսումնական պլանի: Դպրոցները համալրված են հատուկ մանկավարժի եւ սոցիալական աշխատողի հաստիքներով», նաեւ կառավարության 2010թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ՝ կրթական հաստատություններում ավելացել է սոցմանկավարժի հաստիքը, որը պետք է ապահովի աշակերտի իրավա-սոցիալական պաշտպանվածությունը: Նա պետք է աշխատանք տանի ծնող-աշակերտ-ուսուցիչ-հասարակություն միջավայրում:
Մեջբերումներ եմ կատարում, որովհետեւ ոչ բոլոր ծնողներն են իրազեկ օրենքներից եւ ոչ բոլորին է հասանելի ինտերնետային կապը՝ տեղեկատվություն ստանալու համար:
 Ունենալով 11 տարեկան հաշմանդամ որդի, որն ընդգրկված է դպրոցում գործող Ներառական ծրագրում՝ ես պետք է զգայի, չէ՞, վերը նշված օրենքը, որոշումը կամ հրամանը Հայաստանում ամենուրե՞ք է կյանքի կոչված, թե՞ մասնակի, որովհետեւ շարունակ առնչվում եմ որոշակի հիմնախնդիրների հետ, որոնք, կարծում եմ, չէին լինի, եթե վերը նշված ինստիտուտը լիներ իր բարձրության վրա, եւ մասնագետներն էլ լինեին արհեստավարժ ու բազմակողմանի զարգացած, ու, ամենակարեւորը՝ առաջնորդվեին ամրագրված աշխատանքային կանոնակարգով՝ իմանալով իրենց պարտականությունները, իրավունքները: Ախր հաշմանդամ երեխաները իրենց իրավունքները պաշտպանելու միջոց չունեն՝ կապված տարիքի, գիտակցության աստիճանի, լեզվաբանական խնդիրների, ծնողի չիմացության եւ այլնի հետ:
Գրածս քննադատական որեւէ տարր չի պարունակում, ուղղակի ցավով եմ ուզում նշել, որ որդիս սովորում է 2-րդ դասարանում, եւ դասերը պարապում ենք տանը՝ մասնավոր հիմունքներով (տնային աշխատանքները կատարելիս օգտվում է համակարգչից՝ ձեռքերը լավ չեն աշխատում՝ գրիչ բռնելու համար, հասկանալի չի խոսում), ուշուի նախնական վարժանքները պարապում ենք մասնավոր հիմունքներով, մերսումները, բուժական ֆիզկուլտուրան եւ բիոտոկերով բուժումները՝ նույնպես: Լողավազաններում (լողը նրան շատ է անհրաժեշտ) զեղչեր չեն գործում: Պետությունը ոչ մի հարցով «ձեռք չի մեկնում», մի՞թե այս ամենը հնրավոր է նրա թոշակով (14800դ.) հոգալ: Աշխատում եմ օրնիբուն, արդեն տեղի է տալիս եւ առողջականս, եւ ֆիզիկականս, եւ հոգեկանս: Իսկ որդուս «կցված» սոցմանկավարժի խնդիրը մեր կյանքում ո՞րն է: Դպրոցը որդուս համար միայն ժամանց է, որը նույնպես շատ կարեւոր դրական միտում ունի՝ ինտեգրացման խնդրում: Իմ անհատական օրինակի վրա ուզում եմ ընդհանրացնել, որովհետեւ ինձ նման շատ ու շատ ծնողներ կան, որոնք լուռ տառապում են իրենց ցավով, լուռ, որովհետեւ վախենում են բարձրաձայնել, պահանջ ներկայացնել՝ չէ՞ որ «քննարկման առարկան» հաշմանդամ երեխան է, որի հոգին շատ փխրուն է: Էթիկան թույլ չի տալիս շատ ընդարձակվելու: Ուղղակի ուզում եմ, որ հաշմանդամ որդիս լինի գրագետ (չէ՞ որ նա դրա իրավունքը ունի) ու հետագայում հասարակության մեջ իրեն պիտանի մարդ զգա, որում իր լուման պետք է ունենա սոցմանկավարժի արհեստավարժ աշխատանքը: Ուզում եմ պատկան մարմինների ու հանրության ուշադրությունը սեւեռել սոցմանկավարժի մասնագիտության վրա, որովհետեւ նրա արհեստավարժ աշխատանքից է կախված հաշմանդամ երեխաների հետագա կյանքի ճիշտ ձեւավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել