Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Մայիս 24,2011 00:00

«Մարտի 1»-ի վերաբերյալ վերջին ակտիվացումներից հետո (որոնք սկսվեցին Սերժ Սարգսյանի «Մարտի 1»-ի «փակված էջը» նորից բացելով, որին հաջորդեցին Քոչարյանի եւ յուր խոսնակի հարցազրույցները նշված թեմայի շուրջ, սրան էլ գումարած «Մարտի 1»-ի մասին նկարահանված փաստագրական ֆիլմը ու Համմերբերգի զեկույցը) որոշ չկողմնորոշված մարդիկ սկսեցին հարց տալ, թե ով է իրականում մեղավոր «Մարտի 1»-ի համար:
Նախ, մինչ այս հարցին անդրադառնալը, քննարկենք մեկ այլ ոճրագործություն՝ Հայոց ցեղասպանությունը: Ով էր մեղավոր Հայոց ցեղասպանության համար: Ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Ցեղասպանության մեղավորները երիտթուրքերն ու նրանց հրամանները կատարողներն էին, սակայն, չգիտես ինչու, մինչ օրս կան մարդիկ, ովքեր քննարկության են դնում ցեղասպանության պատասխանատվության հարցը, այն դեպքում, որ բնաջնջվել է մեկուկես միլիոն հայ, էլ չասած այն, որ ամբողջ Արեւմտահայաստանը հայազրկվել է՝ թուրքերի եւ քրդերի կողմից հայերի բռնի տեղահանության միջոցով:
Այսպիսի փաստերի առկայության դեպքում էլ ինչու են մարդիկ քննարկում ցեղասպանության պատասխանատվության հարցը, որովհետեւ ցանկացած հանցագործություն կարելի է գնահատել երկու հիմնական հարթությամբ՝ իրավական եւ բարոյական: Երբ իրավական հարցերի մասին ենք խոսում, այդ դեպքում ամեն ինչ պարզ է՝ Թուրքիայում սպանվել է մեկուկես միլիոն հայ եւ մոտ երկու միլիոն էլ տեղահանվել է, ու այդ ամբողջ հանցագործությունների պատասխանատուն երիտթուրքերի իշխանությունն է եւ նրա բոլոր իրավահաջորդները, ովքեր ժխտում կամ կոծկում են այդ հանցագործությունը:
Սա իրավական հարթությունը, որի հետ որեւէ մեկը չի էլ վիճում ու նույնիսկ քեմալական Թուրքիան երիտթուրքերին դատեց պետական դավաճանության հոդվածներով, սակայն երբ սկսում ենք խոսել բարոյական պատասխանատվության մասին, այդ ժամանակ առաջ են գալիս բազմապիսի հարցեր, թե արդյոք ինչո՞ւ հայերը ինքնապաշտպանություն չկազմակերպեցին, որով էլ իրենք իրենց դատապարտեցին մահվան, թե արդյոք ինչո՞ւ ենթարկվեցին թուրքական օրենքներին եւ զորակոչվեցին թուրքական բանակ, թե արդյոք ինչո՞ւ հավատացին Ռուսաստանին եւ փորձեցին Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայից իրենց բաժինը ստանալ, թե ինչո՞ւ ամբողջությամբ չենթարկվեցին թուրքական օրենքներին ու թուրքերի զայրույթի պատճառը դարձան, թե արդյոք ինչո՞ւ կրոնափոխ չեղան եւ այսպես հարյուրավոր բարոյախոսական հարցեր: Իսկ իրականում, երբ մարդը փորձում է խուսափել իրավական գնահատական տալուց, նա անմիջապես սկսում է բարոյական գնահատականներ փնտրել:
Իհարկե, շատ կարեւոր է նաեւ հարցի բարոյական կողմը, սակայն այս երկու կողմերը իրարից անջատ պետք է քննարկվեն, այլապես եզրակացությունն էլ կլինի շիլաշփոթ: Իրավական հարթության մեջ մեղավոր կողմին միշտ էլ ձեռնտու է հարցը տեղափոխել բարոյական հարթություն, սակայն գիտակից աշխարհը սկզբում հարցի իրավական գնահատականն է տալիս, իսկ բարոյականը թողնում է ըստ մարդու բարոյականության մասին պատկերացումների:
Հիմա անցնենք «Մարտի 1»-ի հարցին: Եթե ցանկանում ենք իրավական մեղավորներին հայտնաբերել, ապա պետք է ստանալ ընդամենը մի քանի հարցի պատասխան:
ա. Արդյոք իրավաչա՞փ էր ոստիկանական ուժի գործադրումը, այն դեպքում, երբ տասը օր մարդիկ խաղաղ ցույցեր էին անում եւ որեւէ անօրինականություն թույլ չէր տրվել:
բ. Արդյոք մարտի 1-ին բանակը իրավունք ունե՞ր առանց արտակարգ դրության հայտարարման մասնակցել ներքաղաքական գործընթացներին:
գ. Արդյոք արտակարգ դրության հայտարարումից հետո սահմանադրությամբ օրինակա՞ն էր բանակի մասնակցությունը արտակարգ դրության ռեժիմի պահպանության ուղղությամբ:
դ. Արդյոք Սահմանադրական դատարանը իրավունք ունե՞ր արտակարգ դրության պայմաններում վճռել, թե ով է ընտրվել հանրապետության նախագահ:
Իհարկե, կարելի է հարյուրավոր այլ իրավական հարցադրումներ էլ անել ու տալ մանր ու մեծ բազմապիսի հարցեր, սակայն այս չորս հարցի պատասխանն էլ հերիք է ապացուցելու, թե ով է «Մարտի 1»-ի իրավական մեղավորը: Այդ հարցի պատասխանը շատ լավ գիտի նաեւ իշխանությունը ու Ռոբերտ Քոչարյանը, դրա համար էլ նա «Մարտի 1»-ի իրավական պատասխանատվությունը փորձում է տեղափոխել բարոյական հարթություն ու դրանով էլ լղոզել «Մարտի 1»-ի խնդիրը:
Իսկ բարոյական հարթության մեջ ցանկացած մարդ կարող է իր տեսակետները հայտնել ըստ իր բարոյականության չափանիշների, թե ում «դուխը» չհերիքեց, ով վախեցավ, ով ում «քցեց», ով էր ինչ ասում եւ այսպես շարունակ, սակայն դրանից ոչ հանցագործությունն է վերանում, ոչ էլ հանցագործություն կատարած մարդու մեղքը: Չնայած այս դեպքում բարոյականին միանում է նաեւ հոգեբանական հարթությունը, որ ցանկացած հանցագործ իր զոհին փորձում է ներկայացնել որպես բացասական կերպար, որպեսզի ինչ-որ կերպ ինքն իրեն արդարացնի իր կատարած հանցանքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել