Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2,3 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ՝ 13 ՏԱՐՈՒՄ

Մայիս 24,2011 00:00

Մեկ անգամ չէ, որ կլիմայի փոփոխության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները ահազանգել են՝ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա կլիմայի փոփոխության հետեւանքով անխուսափելի են լինելու անապատացումն ու ջրհեղեղները, համաճարակներն ու սովը:
Վերջին տարիներին Հայաստանում բացահայտվել է ավելի քան 2500 սողանքային տեղամաս: Տավուշի մարզի ռելիեֆի կտրտվածությունը, անբարենպաստ հիդրոլոգիական պայմանները, նստվածքային ապարների առկայությունը, մարդու գործունեության բացասական ազդեցությունը բնակավայրերում ծնել են սողանքային ակտիվ օջախներ: Մարզի 25 համայնքների ընդհանուր թվով 1761 բնակիչներ դիմել են Տավուշի մարզպետարան, որպեսզի որոշվի սողանքային գոտում գտնվող իրենց բնակարանների վթարայնության կարգը: 980 բնակարան ենթարկվել է մասնագիտական ուսումնասիրության, դեռեւս ուսումնասիրության է սպասում 781 բնակարան: Ըստ հետազոտությունների, մարզի 266 բնակարան դարձել է 4-րդ կարգի վթարային:
Տավուշի մարզը խոցելի է նաեւ սեզոնային հեղեղումներով ու կարկտահարությամբ: Տավուշի գետերի հոսքը բաշխվում է խիստ անհամաչափ: Գարնանային հորդացման ժամանակ՝ մարտ-մայիսի հատվածում անցնում է հոսքի 60 տոկոսը: Այս վարարումների ժամանակ Աղստեւի վտակները եւ Դեբեդ գետը մեծ վնասներ են պատճառում: 1994-2007 թվականներին սելավները Տավուշում 608 միլիոն դրամի, իսկ հեղեղումները՝ 1,7 միլիարդ դրամի վնաս են պատճառել:
Մասնագետները առաջարկում են կլիմայի փոփոխության բերած մարտահրավերներին դիմագրավելու համար մի շարք միջոցառումներ իրականացնել: Օրինակ, ոռոգման համակարգի ընդլայնմանը զուգընթաց, ներդնել ջուր խնայող տեխնոլոգիաներ, մշակել չոր եղանակին եւ երաշտին դիմացկուն սորտեր, ներդնել ապահովագրական համակարգ, բարձրացնել կլիմայական երեւույթների վաղ ահազանգման եւ արձագանքման արդյունավետություն եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել