Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ հողի կռիվ

Մայիս 24,2011 00:00

\"\"Գեղարքունիքի մարզում «Եհովայի վկաները» դուրս են եկել իրենց հարազատի դեմ

2010 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկանները Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բռնել էին 23-ամյա Արման Խաչիկի Թորոսյանին, ով դաժանաբար խոշտանգելով սպանել էր ծնողներին՝ 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանին եւ 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանին: Ծնողասպանը «Եհովայի վկա» է:
Այս տարվա մայիսի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանայի նկատմամբ է բռնություն գործադրվել: «Եհովայի վկաները» քարոզչություն են արել եկեղեցու տարածքում եւ չափազանց ագրեսիվ են վարվել քահանայի նկատմամբ: Քահանան դիմել է ոստիկանություն, ինչից հետո հարբած մի եհովական նրան առաջարկել է դիմումը հետ վերցնել:
Իսկ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Մասիս Գեւորգյանը մեզ գրած նամակում պնդում է, որ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչ իր հարեւան Բալաբեկ Ավետիսյանը իրենից մոտ 400 քմ տարածք է խլել: «Դրանք փողով գնում են ամեն ինչ, ցույց են տալիս, որ փող ունեն: Այդ հողում 60 տարեկան ծառեր կան, որ ես ու հայրս ենք մշակել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Մասիս Գեւորգյանը: Վերջինս դիմել է դատարան եւ դատարանը հօգուտ Բալաբեկ Ավետիսյանի որոշում է կայացրել: «Ինձ հետաքրքիր է ոչ թե հողամասի չափը, այլ նման բանը ամոթ է մեզ համար եւ մեր հասարակության համար: Վիրավորական է մեր պետության դիրքորոշումը աղանդի նկատմամբ»,- հայտարարեց Մասիս Գեւորգյանը:
Ուշագրավն այստեղ այն է, որ եհովական Բալաբեկը Մասիսի հորեղբայրն է, իսկ Մասիսի հարազատ եղբայր Հայկ Գեւորգյանը, որ նույնպես եհովական է, հորեղբոր հետ է ապրում ու եղբոր հողը տնօրինում:
Մասիս Գեւորգյանը պնդում էր, որ իր եղբայրը հայրական տնից հեռացել է 1977 թվականին, իսկ 1984 թվականին իրեն պատկանող հողի մի մասը վաճառել եղբորը՝ Մասիսին ու հորը, ովքեր էլ այդ ժամանակից մշակում են այն: Մասիսը պնդում էր, որ «Եհովայի վկաները» իր մշակած հողը Բալաբեկ Ավետիսյանի անունով գնել են Ծովինարի այն ժամանակվա գյուղապետ Հարություն Հարությունյանի ստորագրությունը կեղծելու միջոցով:
Ներկայիս գյուղապետ Մհեր Մարտոյանն ասաց, որ կեղծիքների մասին տեղեկություն չունի, բայց գիտի, որ Գեւորգյան-Ավետիսյան ազգականները հարաբերությունները պարզում են դատարանով, եւ դատարանն էլ Ավետիսյանի օգտին որոշում է կայացրել: «2004-ին է հողի հարցը լուծվել: Ես 2006-ից եմ աշխատում: Երկու եղբայրներն էլ կարող էին այդ հողի ժառանգորդ լինել: Հիմա Ավետիսյանը հողի սեփականության վկայական ունի: 400 քմ հողի համար չարժեր նման վեճերի մեջ ընկնել: Հողն էլ սարի վրա է: 8-9 տարվա պատմություն ունի այս վեճը: Մասիսը կարող էր շուտ լուծել հարցը: Նո՞ր է քնից արթնացել»,- ասաց Մհեր Մարտոյանը:
Մոտ 4000 բնակիչ ունեցող Ծովինար գյուղի ղեկավարն ասաց, որ գյուղում «Եհովայի վկաներ» աղանդի անդամները քիչ չեն: Աստվածաշունչը հատվածաբար եւ ենթատեքստից կտրած ներկայացնող «Եհովայի վկաներին» արժե հիշեցնել 10 պատվիրաններից վերջինը՝ «Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել