Կիրակի օրը երեկոյան ժամը 22-ի մատույցներում 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտից գետնին են հավասարվել եւ գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եկել Սյունիքի մարզի կարտոֆիլի, լոլիկի, լոբու եւ մնացած բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսերն ու պտղատու այգիները: Կարկտահարությունից հատկապես մեծ վնասներ են կրել Կապանի եւ Մեղրու տարածաշրջանի համայնքները: Կապանի Խդրանց գյուղում պատկերն աննախանձելի էր, ամենուր կոտրատված սածիլներ, կարտոֆիլի փչացած ցանքսեր, գետնին թափված չհասունացած պտուղներ ու ծառերի տերեւներ: «Մեր ամբողջ չարչարանքը ջուրն է ընկել, էնքան սածիլներ էինք տնկել, հույսով, որ լավ բերք կստանանք, բայց տեսնում եք՝ բան չի մնացել: Եթե կարողանանք, նոր սածիլներ կդնենք՝ պոմիդորի եւ այլն: Բայց կարտոֆիլը՝ դժվար: Կարտոֆիլի սերմը մեկ կգ-ն 400-450 դրամով էինք առել: Ընկույզի չափ կարկուտ է եկել մի 30-40 րոպե, 15 սմ հաստությամբ շերտ կազմել ու արածներս հեչ արել: Ուժեղ կարկուտից գյուղը հոսանքազրկվել էր, ապակիներն են ջարդվել, անգամ որոշ մարդիկ վախեցել են, գիտեին, թե երկրաշարժ է»,- պատմում է Խդրանց գյուղի բնակիչ Գագիկ պապը, ով իրենց գյուղում նման հզոր ու վնասաբեր կարկուտ չի հիշում:
Խդրանցի բնակիչներին այժմ անհանգստացնում է նաեւ անասնակերի խնդիրը: Անասուններին գոմերից չեն կարողանում հանել, կարկուտից խոտը դառնացել է, մեկ էլ տեսար անասունը թունավորվեց:
Ռայա տատը մտահոգ է՝ ինչպե՞ս է իր միակ կովին ձմռանը կերակրելու՝ ուժգին կարկուտից տուժել են նաեւ խոտհարքները: Գյուղացիների խոսքով, իրենց միակ հույսը կառավարությունն է, որ գոնե այս տարի գյուղացու կողքին լինի եւ հնարավորինս փոխհատուցի: Ասում, իրենց հույս են տալիս եւ հիշում, որ անցած տարի Խդրանցում աֆրիկյան ժանտախտից 60 խոզ է սատկել, բայց կառավարությունը այդպես էլ չի փոխհատուցել («Առավոտ», 07.08.
2010):
Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանը «Առավոտին» փոխանցեց, որ կիրակի օրվա ուժգին կարկուտից տուժել են Սյունիք, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց, Վարդավանք գյուղերը, Դավիթբեկ գյուղի մի հատվածը, Շվանիձոր, Գուդեմնիս, Տաշտուն եւ Կարճեւան գյուղերը: «Նշված համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ, կատարվում են ուսումնասիրություններ: Արդյունքները կներկայացնեն մարզպետարանի գյուղվարչություն, որտեղ եւ կհաշվարկվեն մարզի գյուղատնտեսության հասցրած վնասի չափերը»,- տեղեկացնում է Հրայր Հակոբյանը: