Դատարանով վտարվում ես, անձնագրայինով՝ հաշվառման կանգնեցվում
«Կանչ» թերթի խմբագրության ադմինիստրացիայի ու արհկոմի համատեղ որոշումը հիմք ընդունելով՝ ՀՀ նախկին Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 1991թ. մարտի 15-ին (թիվ 3/149) որոշում ընդունեց թերթի գրական աշխատող, հրապարակագիր Ռուզաննա Բաղդասարյանին՝ ընտանիքի 4 անդամներին Գ-3 թաղամասի 48 շենքի 7-րդ հարկի 32 բնակարանը (3 սենյականոց) հատկացնելու մասին: 5 տարի հետո ՀՀ կառավարության թիվ 358, 18.07.
1997թ. թիվ 191 եւ Երեւանի քաղաքապետի 05.08.1997թ. թիվ 853 որոշումների համաձայն, սահմանվեց քաղաքացիներին ամրակցված անավարտ շինությունների պետական բազմաբնակարան բնակելի տների եւ բնակարանների սեփականաշնորհման կարգը: Եվ համաձայն վերոնշյալ որոշումների, Երեւանի քաղաքապետարանի «Շինկազմակերպում» ՊՁ հաշվեկշռից ընդունման-հանձնման ակտով Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 կիսակառույց 9 հարկանի շենքը հանձնվեց Աջափնյակ թաղապետարանի հաշվեկշռին: Շենքը կիսակառույց է եւ Աջափնյակ թաղապետարանը հատկացումներ չի կատարել: Շենքն անավարտ է մնացել, քանի որ Երեւանի քաղաքապետի 2000թ. թիվ 1/1-4-350 գրության համաձայն, «Անավարտ բնակելի շենքը որպես ապագա բնակարանատերերին վաղօրոք բաշխված շենք, պետք է ավարտվի ապագա բնակիչների միջոցներով»: Սակայն ապագա բնակարանատերերը, որոնց տրվել էր այդ շենքից բնակարան ստանալու իրավունք (նրանց գերակշիռ մասը մտավորականներ են), ոչ միայն չեն կարողանում մոտենալ իրենց ապագա բնակարաններին, այլ արդեն մի քանի տարի է, ինչ դատարաններում են, քանի որ նրանց բնակարաններում անծանոթ քաղաքացիներ են ապրում: Դատարաններում մինչ օրս վիճարկվում է այդ քաղաքացիների վտարման հարցը:
Նշենք, որ 2007-08թթ. դատական տարբեր վճիռներով ճանաչվել է թվով 36 քաղաքացիների ընտանիքների սեփականության իրավունքը եւ ներկայումս նշված շենքի թվով 18 բնակարանների հատկացում ունեցող անձինք ի հայտ չեն եկել: Մի կողմից սեփականատերերը իրենց անավարտ բնակարաններ մտածների վտարման պահանջով դատարաններում են, մի դեպքում էլ Աջափնյակի թաղապետը դիմում է քաղաքապետին, կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները բնակիչների միջոցով կազմակերպելու համար: «Գրավյալ տարածքներ» մտած քաղաքացիներն էլ կատարում են ինքնակամ շինարարական աշխատանքներ: Կիսակառույցը փլուզման եզրին է…
Միայն մեկ օրինակ:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավիթաշեն տարածքային ստորաբաժանման ղեկավարը նշյալ շենքի թիվ 32 բնակարանի իրական սեփականատիրոջը՝ Ռուզաննա Բաղդասարյանին ԱԲ-1618/22.03.2011թ. գրությամբ հայտնում է. «Նազարբեկյան Գ-3 թաղ. 48 շ. 32 բն. նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժվում է, քանի որ այդ բնակարանում բնակվող քաղաքացու կողմից չափագրման աշխատանքները խոչընդոտվել են»: Իսկական զորբայությամբ հո չէ՞: Ինչո՞ւ է օրենքը «լավամարդ» լինում «բնակարանում բնակվող քաղաքացուն»՝ մեկ այլ իրավատերի հաշվին:
Ի դեպ, դեռ 2008թ. մարտի 26-ին Ռուզաննա եւ Արա Բաղդասարյանները դատի տվեցին Աջափնյակ թաղապետարանին՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Դատարանը վճռեց ճանաչել Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքի սեփականության իրավունքը՝ նշված շենքի 32 բնակարանի նկատմամբ:
Թաղապետարանը վճիռը չի բողոքարկել եւ այն ստացել է օրինական ուժ:
Բաղդասարյանները հանրահավաքային պրեսինգի չեն դիմում եւ փորձում են իրենց բնակարան ներխուժած կանանց օրինական ճանապարհ ցույց տալ: Բայց չի ստացվում: Ընտանիքի երեք արու զավակներից մեկն արդեն բանակ պիտի զորակոչվի, սակայն նրանք ազգականի տանը բնակվելով, 1991թ.-ից սկսած, չեն կարողանում իրենց բնակարանը տեսնել:
Ոչ դատարանի վճիռն է կատարվել, ոչ կառավարության եւ քաղաքապետարանի որոշումները: Որովհետեւ չկատարման հիմքում դրվել է … աղմուկը: «Իրենց հաշվեկշռին ընդունված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տան, նախկինում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից մինչեւ 1993թ. հունիսի 22-ը բնակարան հատկացնելու որոշումներով քաղաքացիներին ամրակցված բնակարանները նրանց գրավոր համաձայնությամբ երկամսյա ժամկետում համապատասխան որոշումներով անհատույց սեփականաշնորհման իրավունքով հատկացնել ապագա բնակարանատերերին՝ իրենց միջոցներով 2 տարվա ընթացքում շինարարությունը սկսելու պարտադիր պայմանով»: 1991թ.-ից, երբ գործադիր մարմնի կողմից հատկացվել են բնակարանները, քանի տարի է անցել եւ գործադիրի որոշման որքան կետերը չեն կատարվել: Ինչով են մեղավոր Բաղդասարյանները, մյուս բնակարանների իրական տերերը, որոնք կորցրել են իրենց առողջությունը, քունը, հանգիստը, միայն այս ապօրինության դեմ դուրս գալու համար: Նրանց թվում են հեռուստատեսության աշխատակից Անահիտ Դավթյանի, լրագրող Ռիտա Շառոյանի, էներգաձեռնարկության աշխատակից Արման Հունանյանի, փախստական Սվետլանա Գրիգորեւայի ընտանիքները: 9 բնակարանատերեր, որոնք դատի էին տվել թաղապետարանին, շահել են դատը եւ 2007թ. ապրիլի 4-ի վճիռը չի բողոքարկվել: Սակայն նրանցից շատերը չեն կարողանում մտնել իրենց բնակարաններ եւ ավարտել կիսակառույցի շինարարությունը:
Անկառավարելի վիճակ է ստեղծված կիսակառույցում, հակահիգիենիկ: Այն տպավորությունն է, թե համայնքի ղեկավար Ռ. Հովսեփյանը անիրազեկ է իր թաղի սրտում ստեղծվածին: Համենայնդեպս, այս տպավորությունն ես ստանում՝ ծանոթանալով «48 կիսակառույց շենքի բնակարանատերերին» նրա պաշտոնական գրությանը. «Հայտնում ենք, որ կիսակառույցում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները կանխելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ եւ իրավիճակը վերահսկվում է համապատասխան աշխատակիցների կողմից: Կիսակառույց շենքի բնակարաններն ապօրինի բնակեցնելու հարցը պետք է լուծվի դատական գործի շրջանակներում»: Սակայն ինչպես է իրավիճակը վերահսկվում, երբ բնակարանատերերի ցանկացած այցելություն հանդիպում է կազմակերպված խմբի ապօրինի դիմադրությանը: Հավանաբար սա էր պատճառը, որ դեռ 2006թ. նոյեմբերի 6-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 48 շենքի վրա որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դրեց, մինչեւ ըստ էության գործի քննության ավարտը: «Արգելանք դրված շենքում» 17 ընտանիքներ տեղադրեցին պատուհաններ, դռներ, կատարեցին ներքին հարդարման աշխատանքներ եւ ընտանիքներով մտան ոչ միայն ուրիշի բնակարանները, այլեւ 2009թ. ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժնի կողմից փաստացի հաշվառման կանգնեցին այդ հասցեում: Զարմանալի է, որ անձնագրայինը հաշվառման չի կանգնեցրել նշված անձանց Նալբանդյան 130 հասցեում. այնտեղ 17 եւ ավելի ընտանիքներ կարող էին փաստացի հաշվառվել եւ անգամ բնակվել: Հետեւեց դատարանի հաջորդ վճիռը. «48 շենքն ապօրինի կերպով զբաղեցրած քաղաքացիներին, իրենց ընտանիքի անդամների հետ միասին, գույքով հանդերձ, առանց փոխհատուցման վտարել նշված շենքի՝ նրանց կողմից ինքնակամ զբաղեցրած բնակարաններից»: Սակայն սկսվեցին… ցույցեր, այցեր նախագահական եւ այլ ատյաններ: Հարցին լուծում տալու միակ ելքը վտարման ենթակա բնակիչներին կացարան տրամադրելն է, սակայն ոչ որեւէ սոցիալական խմբի դեմ հանելով, ոչ որեւէ խմբի իրավունքների հաշվին:
Հունիսի 3-ին դատարանում լսվելու է հերթական վտարման հայցը: