Չնայած շրջանառվող տեղեկություններին, թե նախորդ տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստանից մեկնողների թիվը, երեկ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ արտագաղթի ցուցանիշը գրեթե չի փոխվել ու լուրջ մտահոգությունների առիթ դեռ չկա: «Որտեղի՞ց են վերցնում, թե 2010-ին միգրացիոն բացասական սալդոն կազմել է 70 000 մարդ: Այս թվերը հրապարակողները նույնիսկ աղբյուրը չեն նշում: Ուռճացրած թվեր են, ուրիշ ոչինչ»,- հավատացնում էր պարոն Եգանյանը: Նրա խոսքերով, այս տարվա առաջին 5 ամիսների տվյալներն էլ են հաստատում, որ արտառոց փոփոխություններ տեղի չեն ունեցել: Իր ասածն ապացուցելու համար նա հիշեցրեց վերջին երեք տարիներին արձանագրած միգրացիայի բացասական սալդոն: Եթե 2008-ին այն կազմում էր 23 059, 2009-ին՝ 24 978, ապա 2010-ին՝ 29 860: Պարոն Եգանյանը չհամաձայնեց, որ երեք տարիների ցուցանիշը գումարելիս բացասական սալդոն կազմում է մոտ 70 000 մարդ: «Եթե արտագաղթը ահագնացող չափերի հասներ, ապա դա կարտացոլվեր նաեւ ուղեւորահոսքերի մեջ»,- իր ավելի վաղ ներկայացրած պնդումը շարունակ կրկնում էր պարոն Եգանյանը: Միգրացիոն ծառայության պետն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից իրականացվող «Համերկրացիների վերաբնակեցման ծրագրին»՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Հայաստանի քաղաքացիների շրջանում օրեցօր մեծանում է ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը: Նա նախ հիշեցրեց, որ ծրագիրը նոր չէ, այն հաստատվել է դեռ 2006-ին: Ապա տեղեկացրեց, որ 2007-2010 թթ. ժամանակահատվածում ծրագրի մասին տեղեկություններ ստանալու համար 13 677 քաղաքացի է դիմել, 12 321 քաղաքացի էլ դիմել է նշված ժամկետից հետո ընկած 7 ամիսների ընթացքում: «Ծրագրին դիմած 26 000 քաղաքացուց միայն 2919-ն են ծրագրին մասնակցելու ցանկություն ներկայացրել ու լրացրել համապատասխան փաստաթղթերը: Եվ նրանցից 822-ն է ստացել վերաբնակչի կարգավիճակ»,- ասաց պարոն Եգանյանը՝ շեշտելով, որ այդ ընտանիքներից նախորդ 4 տարիների ընթացքում Ռուսաստան են մեկնել 626-ը՝ 1508 անդամով: Ինչ վերաբերում է փախստականների վերաբնակեցման ծրագրին, միգրացիոն ծառայության պետն ասաց, որ օրեր առաջ բնակարանային խնդիրը բարձրացրել են միջազգային համաժողովում՝ ակնկալելով դոնոր երկրների օժանդակությունը այս հարցում: Նրա տեղեկացմամբ, ներկայումս բնակարանային խնդիր ունի 1175 փախստական ընտանիք, որից 860-ը Երեւանում է բնակվում. «Այս ընտանիքների վերաբնակեցման համար մոտ $45 միլիոն է անհրաժեշտ»: Վերաբնակեցման ծրագրի իրականացման համար պետբյուջեն գումարներ չի տրամադրել ոչ 2010-ին, ոչ էլ այս տարի: