8-ամյա Գոռ Բաղդասարյանը, որը ծնողների անհաշտ լինելու պատճառով ընտանիքում անընդհատ ենթարկվել էր ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, արդեն 20 օր է, ինչ գտնվում է «Երեխաների աջակցման կենտրոնում»՝ ՀՕՖ-ում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, որոշել էր, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ նրա խնամքով ժամանակավորապես զբաղվի որեւէ խնամքի կենտրոն, ուստի ոստիկանության միջամտությամբ Գոռը տեղափոխվել է ՀՕՖ («Առավոտ», 05.06.2011թ.): Այս ընթացքում կենտրոնի հոգեբաններն ու մասնագետները աշխատել եւ շարունակում են աշխատել երեխայի հետ, փորձել նրան սթրեսից դուրս բերել:
Երեկ մենք կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում է Գոռը: Նրա խոսքերով՝ «Մեր գնահատմամբ, այցելությունների ժամանակ հայրը, հորաքույրը հոգեբանական ճնշում են գործադրում երեխայի վրա: Մենք որոշեցինք ժամանակամիջոց սահմանել, որ երեխայի ծնողների այցելությունների ժամանակ ներկա լինեն նաեւ մեր մասնագետները, որպեսզի այդ ճնշումը բացառվի: Ինչ վերաբերում է Գոռի հոգեվիճակին, ներկայումս նա համեմատաբար խաղաղվել է, արդեն ցրվում է նրա նապաստակի վախվորած հայացքը: Բանն այն է, որ երեխան կորցրել է իր ինքնությունը, նա չգիտի, թե ինքն ով է, իր համար, իր կյանքում ով ով է, ով ինչ դեր է կատարում, նա չգիտի ինչ բան է մանկությունը: Նա նոր-նոր է սկսում գնահատել ճաշը, մանկական խաղերը, ընկերների հետ շփումը, որովհետեւ չգիտի, թե ինչ երեւույթներ են դրանք: Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ երեխան վերագտնի իրեն: Նա հիմա միայն խաղաղություն է ուզում, փորձում է կոնֆլիկտներից իրեն պաշտպանել, ուզում է հանգիստ ապրել»:
Տիկին Անտոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Գոռի վիճակն այնպիսին է, որ նրա հետ պետք է երկար աշխատանք տանել. «Դա մեկ-երկու օրվա գործ չէ, մեզ ժամանակ է պետք, որ հասնենք այն արդյունքին, ինչ մտածում ենք»:
Նշենք, որ «Երեխաների աջակցման կենտրոնից» Գոռին այժմ տանում են դպրոց, որպեսզի երեխան դասերից հետ չմնա:
ՀՕՖ-ում եղած ժամանակ Գոռը սկսել է շփվել նաեւ մոր հետ: