Աղքատ համայնքների գյուղապետերն այդպես էլ չեն հասկանում՝ կառավարության իրականացրածը գյուղափրկիչ ծրագի՞ր է, թե՞ նախընտրական շոու:
Մինչ կառավարության տարբեր անդամները՝ վարչապետը, գյուղնախարարն այս օրերին գյուղեգյուղ ընկած համոզում են գյուղերի բնակիչներին, որ իրենք դեմքով շուռ են եկել դեպի գյուղացին, պատրաստ են ամեն ինչ անել գյուղերի զարգացման համար, Շիրակի մարզի տարբեր համայնքներից մեր օրաթերթին ահազանգում են, որ երկու օր է՝ դադարեցվել է ցածր տոկոսադրույքով վարկերի հատկացումը: Նշենք, որ կառավարության կողմից չքավոր ճանաչված համայնքներին վարկեր տրամադրվում է 8%-ով, այսինքն՝ սահմանված 14%-ից 6-ը օգնության կարգով փակում է պետությունը, իսկ քիչ թե շատ շնչող համայնքներին տրամադրվում է 10%-ով, այստեղ պետությունը փակում է 4%: Լուսաղբյուրի փոխգյուղապետ Մելս Մանուկյանի ներկայացմամբ, իրենց գյուղացիները նպատակային վարկեր վերցրել են «Ագբակրեդիտագրիկոլ» բանկի Գյումրիի մասնաճյուղից, բայց ուրբաթ օրվանից սկսած, երկու հոգու հետ են դարձրել՝ պատճառաբանելով, որ պետությունն այլեւս 4 % սուբսիդավորումը չի հատկացնում: «Չի եղել մի դեպք, որ մեր գյուղացիները տոկոսը մի օր ուշացնեն, առեղծվածային մնաց, թե ինչո՞ւ են այդպես վարվել: Մեր գյուղից 75 տնտեսություն օգտվել է այդ վարկերից, դրանով կարտոֆիլի սերմացու, հորթեր են գնել, անասնագլխաքանակ են ավելացրել, երբ կաթի գինը բարձրացավ՝ 100-ից դառնալով 140 դրամ, մեր գյուղացիները որոշեցին անձամբ զբաղվել անասնապահությամբ, սա սահմանամերձ գյուղ է, իբր օգնություն էին տալիս, հիմա էլ դադարեցրի՞ն»,- դժգոհեց գյուղապետի տեղակալը: Մենք վերոհիշյալ բանկի Գյումրիի մասնաճյուղից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ այլեւս էժան տոկոսադրույքով վարկեր չեն տրամադրում: Պարզվում է, պետության հատկացրած միջոցները սահմանափակ են, պետական ծրագիրը կազմել է 7,5 միլիարդ դրամ, որի մասին գյուղացիները նախապես տեղյակ չեն եղել եւ որն արդեն սպառվել է: Ստացվում է, որ ոչ բոլորին է հնարավորություն տրվում զարգացնել գյուղատնտեսությունը, ով ուշացավ՝ պետությունը տեր չի կանգնում: Բանկից ստացված տեղեկությունը եւս զարմացնում է Լուսաղբյուրի գյուղապետի տեղակալին: Նա հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ են խաբում ու հեռուստատեսությամբ հայտարարում, որ վարկերը պիտի տրամադրվեն մինչեւ 2013 թվականը: Խաբվածների շարքում են նաեւ չքավոր համայնքները, որոնց գյուղապետերն էլ ապշահար են գրավադրման պայմաններից: Օրինակ՝ Ախուրյանի տարածաշրջանում աղքատ ճանաչված երկու գյուղերից մեկի՝ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանի խոսքերով, էժան տոկոսադրույքով վարկ վերցնելու համար չես կարող գրավադրել ոչ գյուղի տունը, ոչ անասունները, հողն էլ բավարար չէ գրավադրման համար: «Աղքատ ճանաչված համայնքի բնակիչները տնից, անասունից, հողից բացի՝ ոչինչ չունեն, եթե գյուղացին սուպերմարկետ, բենզալցակայան կամ նոր տեխնիկա ունենար գրավադրման համար, ինչպես որ պատկերացնում են մեր բանկերում, էլ ինչի՞ կկոչվեր աղքատ: Ես չեմ ասում, թե բանկերը գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով վարկեր չեն հատկացնում, իհարկե հատկացնում են, բայց կարծում եմ՝ ոչ աղքատ գյուղացիներին: Գյուղական տունը գրավադրման դիմաց չի անցնում, բայց եթե գյուղացին քաղաքում պանելածածկ տուն ունենա, դա կանցնի, հասկանալի չէ՞, թե ցածր տոկոսադրույքով վարկերն ո՞ւմ են հասնում»,- ասում է գյուղապետը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմում էր, թե ինչպես «Արդշինինվեստբանկից» վարկավորում ստանալու համար իրենք ծրագիր են ներկայացրել, ու թեեւ այն հավանել են, սակայն 1 ամիս կոշիկ մաշելուց հետո ոչնչի չեն հասել: «Մենք չենք կարող օգտվել Գյուղփոխբանկից, քանի որ այդ բանկի անդամներից չենք, հետեւաբար եւ դիմեցինք «Արդշինինվեստբանկին»՝ 3 մլն դրամ գրավ վերցնելու ու գյուղի համար կաթի մինի արտադրամաս սարքելու նպատակով: Բայց դա էնքան էլ էժան չնստեց մեզ վրա. միայն հող ունեինք գրավադրման համար, գնահատեցին ու դրա դիմաց պատրաստ էին տալ 1,5 մլն դրամ: Ընդ որում, ասեմ, որ գնահատումը երեւանյան կազմակերպություններից մեկի մենաշնորհն է, ավելի ճիշտ՝ բանկի, ում եւ վստահված է գնահատող կազմակերպության ընտրությունը: Սակայն ցավն էն է, որ կազմակերպությանը դարձյալ վճարում են գյուղացու գրպանից: Ես անձամբ ունեմ անդորրագրերը, մեկ կտոր հողի դիմաց պիտի 15000 դրամ վճարես»,- դժգոհեց Կարմրաքարի գյուղապետը: Նա նաեւ համաձայն չէ այն պայմանին, որ 1,5 մլն դրամ վարկի հատկացման դիմաց երեք հոգուց երաշխավորագրեր են պահանջում. նշենք, որ 1,5 մլն դրամ վերցնելու դեպքում գրավադրումը պարտադիր չէ, բավարարվում են երաշխավորագրերով: «Երաշխավորագիր տալու իրավունք ունի միայն այն մարդը, ով վստահություն ունի տվյալ բանկում, երկար տարիներ օգտվել է այդ բանկի ծառայություններից, որտեղի՞ց գտնենք այդպիսիներին, եթե իրոք ուզում են օգնել աղքատ համայքներին, ապա պիտի վստահեն համայնքապետերին ու վարկերը ուղղակիորեն նրանց տան, կամ վարչապետն անձամբ պիտի երաշխավորի տվյալ համայնքին, թե չէ՝ մարդկանց տանել-բերելով, անտեղի վազեցնելով, վերջում էլ մերժելով հարց չեն լուծի»,- առաջարկում է գյուղապետը: