ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մայիսի 20–21–ը եղել է Արցախում: Ինչպես տեղեկանում ենք գյուղնախարարության հաղորդագրությունից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները: Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: «Վերջին տարիների համեմատաբար սառած հարաբերությունները շատ արագ կջերմանան»,- ի պատասխան արցախցի իր գործընկերոջ դիտարկման՝ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ով հանդիպումներ է ունեցել նաեւ ԼՂՀ գյուղնախարարության աշխատակազմի եւ ստորաբաժանումների աշխատակիցների հետ: «Եթե մեզ մոտ դրական միտումներ կան նորարարությունների, առաջավոր փորձի արմատավորման տեսանկյունից, ապա ամեն կերպ պետք է նպաստենք դրանք ԼՂՀ–ում ներդնելուն, կամ այն ամենը, ինչ ուսանելի է այստեղ, իսկ դրանում անասնապահական համալիրներ, մեքենատրակտորային կայան, գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր կատարած այցելությունների ընթացքում բազմիցս համոզվեցի, ինքներս պիտի արմատավորենք մեզ մոտ»,- ասել է Սերգո Կարապետյանը: Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, այցելել նոր կառուցվող հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող «Արցախֆրութ», անասնապահական «Տոհմային կայան» ՓԲԸ–ներ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում տեղակայված «Ագրոտնտեսություն թիվ 1» մեքենատրակտորային կայան, շրջել ցանքատարածքներում: