Երեկ Ազգային ժողովը ընդունել է մի կարեւոր օրինագիծ: Խոսքը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որոնցով խստացվում է պայքարը որսագողերի դեմ: Առայսօր գործող օրենքը չէր տալիս նախատեսված արդյունքը, եւ որսագողությունը շարունակվում էր: Նոր ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ որսագողը, բռնվելով առաջին անգամ, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով: Եթե դրանից հետո էլ նա համարձակվի որսագողությամբ զբաղվել եւ կրկին բռնվի՝ կտուգանվի արդեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով: Էլ ավելի «աներեսները», որոնք կբռնվեն արդեն երրորդ անգամ՝ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, իսկ դրանից էլ չխրատվողները՝ հետո արդեն 150-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով: Այս պարագայում որսագողերին, թերեւս, ավելի ձեռնտու կլինի հետեւել ՀՀ 2-րդ նախագահի օրինակին եւ գնելով թույլատրություն եւ տոմս՝ մեկնել որսի Տանզանիա: