Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբոյանը դժգոհ է Թովմասյանից

Մայիս 24,2011 00:00

\"\"Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի որոշմամբ լուծարվել է ՀՀ ԱՆ նոտարիատի բաժինը: Եվ այս որոշումից, բնականաբար, դժգոհ է մնացել բաժնի արդեն նախկին պետ Մարիամ Գաբոյանը, որը 21 տարի ղեկավարել է այդ բաժինը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է տիկին Գաբոյանը՝ նախարարը  «այդպես էլ չընդունեց ու չլսեց իմ կարծիքը»:
Մարիամ Գաբոյանը ասել է, թե «Քաղաքացիության ծառայության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածով, եթե թափուր տեղեր կային, իրենց (իրեն եւ նոտարիատի բաժնի նախկին երկու այլ աշխատակցի) պետք է նշանակեին այլ պաշտոնների ու նոր միայն լուծարեին բաժինը: «Իմ աշխատողներին աշխատանք չեն կարող առաջարկել մինչեւ ինձ չնշանակեն: Օրենքով ես իմ թե կառավարչական բարձր ստաժով, թե քաղծառայողի ստաժով առաջնահերթության իրավունքից եմ օգտվում»,- ասել է տիկին Գաբոյանը՝ ավելացնելով, որ ԱՆ աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել է, որ ինքը որեւէ տեղ չի բողոքելու, միայն թե իր 2 աշխատողին որեւէ աշխատանք առաջարկեն: «Ես հրաժարվել եմ պայքարից, քանի որ գտնում եմ, որ այս ամբողջ պատմությունը խիստ անձնավորված է: Ես պատճառը չեմ հասկանում ու միգուցե շատ ուշ հասկանամ»,- ասել է նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում իր ղեկավարած բաժնի լուծարումը, քանի որ «համակարգն ունի 80-ից ավելի նոտար, ու հիմա նրանք առանց համակարգման պետք է մնան»: Ըստ Մարիամ Գաբոյանի՝ Հրայր Թովմասյանի իրականացրած բարեփոխումների հիմքում պետք է դրված լիներ գործնական աշխատանքը, մինչդեռ. «Օդի մեջ նստած, առանց պրակտիկան ուսումնասիրելու, առանց վիճակագրական տվյալներ նայելու՝ բարեփոխումներ անելը ես ճիշտ չեմ համարում: Բայց եթե նա ճիշտ է համարում… Նախարարը նա է: Ես կարծում եմ, որ այդ բարեփոխումների մի մասը գործնականում իրեն չի արդարացնի, ու ստիպված կլինեն հետագայում փոխել»,- փորձել է մարգարեանալ նա: Իր աշխատանքային 32 տարվա գործունեության մասին Մ. Գաբոյանն ասել է, որ այս ընթացքում որեւէ քաղաքացի իրենից չի բողոքել, բացառությամբ 9 մարդու, որոնք «տարին 12 ամիս նույն բողոքները գրում է, նրանց մի մասը հիվանդ են՝ չեն ընդունում, որ մենք ճիշտ ենք»: «Ես աշխատանքից հանել ու կրճատել եմ նոտարների՝ կեղծիքներ կատարելու պատճառով, մարդկանց աշխատանքային գործունեությունն եմ ընդհատել իրենց սխալների պատճառով, խիստ նկատողություններ եմ տվել: Հո բոլորը չէին կարող ինձ պաչել, դնել իրենց գլխներին, բնական չէ՞»,- ասում է նա: Իսկ հայաստանյան հասարակության մեջ մեծ տարածում ստացած լուրերը, որ ինքը գումարով տարբեր գործարքներ է արել, նա կտրականապես չի ընդունում. «Մնում է ինձ մեղադրեն Քենեդու կամ Բեն Լադենի սպանության մեջ»: Հերյուրանք է համարում նաեւ շրջանառվող այն լուրերը, թե ինքը կապ է ունեցել նախորդ տարի ԱՄՆ-ում բացահայտված հանցագործ խմբի՝ Հայաստանում արված նոտարական ձեւակերպումների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել