Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մայիս 24,2011 00:00

Կարկուտը «սրբել» է ամբողջ բերքը

\"\"

Վայոց ձորում արտակարգ իրավիճակ է: «Մեր մարզում ծիրան համարյա չի մնացել: Հենց ծիրանը սկսեց ծաղկել, ապրիլի 13-ին ձյուն տեղաց, եւ ամբողջ ծաղիկը մնաց ձյան տակ: Դրան հաջորդեցին անձրեւներն ու կարկուտը: Մի քիչ բարձրադիր գոտիներում էր ծիրան մնացել, բայց անցած շաբաթվա կարկուտը սրբեց-տարավ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր մարզի գյուղվարչության պետ Բաբկեն Մկրտչյանը:
 Նրա պատմելով, անցած շաբաթվա կարկուտից գյուղացին դեռ չէր հասցրել խելքի գալ, երբ վրա հասավ հաջորդ հարվածը. «Եղած բերքն էլ երեկվա կարկուտը շարքից հանեց, ապրանքային տեսքից զրկեց ու գցեց ծառերի տակ»: Պարոն Մկրտչյանի խոսքով, երեկվա կարկուտից էապես տուժել են հատկապես մարզի Աղավնաձոր ու Արփի համայնքները. «Այս համայնքներում վնասվել են հիմնականում խաղողի այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Գերխոնավությունից ծառերի վրա սնկեր են զարգանում, բայց եղանակային պայմանները ոչ մի հնարավորություն չեն տալիս, որ պայքարենք հիվանդությունների դեմ: Անընդհատ ցեխ, անձրեւ: Գյուղացին ոչ կարողանում է հողը վարել, ոչ ակոսել, ոչ էլ սածիլել, մի խայտառակ վիճակ է»: Նրա խոսքով՝ եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, գյուղատնտեսական տարին նախորդ տարվանից վատ է լինելու. «Ծառերի վրա մի քանի պտուղ պահպանվել է, բայց վիրավորված ու ապրանքային տեսք չունեցող բերք է»:
Արտակարգ դրություն են հայտարարել նաեւ սյունեցիները: Գյուղացու՝ ամիսների աշխատանքը այս մարզում էլ է կարկուտը մի օրում ջուրը գցել: Մարզպետարանի գյուղվարչության պետ Հրայր Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ նախօրեին ուժեղ կարկտահարությունից մարզի 8 համայնքում բերքն ամբողջությամբ փչացել է: Կարկուտը չի խնայել ոչ գարնանացանը, ոչ աշնանացանը, ոչ էլ պտղի տեսակները: «Ահռելի մեծ վնաս ենք կրել: Գյուղացին ամիսներով աշխատեց, ու մի վայրկյանում ամբողջ աշխատանքը հօդս ցնդեց: Առողջ պտուղ չմնաց, վնասվել է տանձը, խնձորը… առավել տուժել են Մեղրու եւ Ագարակի համայնքները»,- ասաց պարոն Հակոբյանը: Կարկտահարության հասցրած վնասի չափերը պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
 Ի տարբերություն Սյունիքի՝ Գեղարքունիքում գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ կլիմա է: Մարզպետարանի գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի համար տարին խոստումնալից է. «Այսպես որ շարունակվի, առատ բերք ենք ունենալու: Չնայած անձրեւները մի քիչ շատ են ու խանգարում են ավարտին հասցնել գարնանացանի, մշակաբույսերի ցանքերը, բայց հույսով սպասում ենք, որ առաջիկայում մի քանի օրով անձրեւները կդադարեն, ու կավարտենք մեր աշխատանքները: Ինչ վերաբերում է դաշտավարական կուլտուրաներին, այսօրվա դրությամբ ցանված են եւ հրաշք վիճակում են: Չեմ ցանկանում Աստծուց առաջ ընկնել, բայց եթե այսպես շարունակվի, շատ լավ է լինելու»: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ նախօրեին իրենց մարզի մի քանի համայնքներում ու հատկապես Սեւան քաղաքում էլ է կարկուտ տեղացել, բայց բերքին ոչ մի վնաս չի հասցրել: Նա դժգոհեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, կարտոֆիլի սերմացուն շատ թանկ գներով է գյուղացուն վաճառվել, չնայած սրան, պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ կարտոֆիլը բավականին էժան է լինելու. «Մեկ հեկտարին 3 տոննա կարտոֆիլի սերմացու է գնում, բայց այդ մի հեկտարից 35 տոննա կարտոֆիլ ենք ստանում: Այսպես, թե այնպես, կարտոֆիլի գները նվազելու են ու 150 դրամից չեն անցնելու»:
 Կարկտահարությունից զերծ չի մնացել նաեւ Արարատի բերքը: Այս մարզում էլ վնասները մեծ չափերի են հասնում: Մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի խոսքով. «Անձրեւների պատճառով կորիզավոր պտուղը քիչ է: Նախորդ տարվա համեմատ պտուղը շատ կլինի, բայց 2009-ի համեմատ կունենանք 60-65 տոկոս պակաս: Մեծ վնասներ է կրել հատկապես ծիրանը»: Պարոն Վիրաբյանի խոսքով, կարկտահարությունից բացի, բերքին մեծ վնասներ են հասցրել նաեւ սնկային հիվանդությունները. «Պայքարում ենք ամեն հնարավոր միջոցներով, բայց ինչը վնասվեց, էլ հետ բերել չենք կարող»:
 27 համայնք էլ տուժել է Արագածոտնի մարզում: Կարկտահարության հասցրած վնասները մեծ են հատկապես մարզի 9 համայնքում: Վնասվել են խնձորի այգիները: «Այս տարին նախորդ տարվանից գրեթե չի տարբերվելու: Էլի վնասներ, կորուստներ: Մյուս կողմից էլ հիվանդություններն են, ամեն ինչ ծախսերի հետ է կապված: Գյուղացին էլ ինտենսիվ չի պայքարում դրանց դեմ: Առատ բերք չենք ունենալու: Եղածն էլ լինելու է անորակ»,- ասաց մարզի գյուղվարչության պետ Յուրա Ազատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել