«Մենք խորապես ցավում ենք, որ այս ընթացքում Հայաստան այցելած որեւէ միջազգային կառույցի ներկայացուցիչ, այդ թվում ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը, ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետեւանքները լիովին վերացնել: Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ ստեղծելու մեջ»,- ասված է Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության՝ ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշի հայաստանյան այցելության կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Մենք խորապես ցավում ենք, որ դարեր շարունակ մեր նախնիների ապրած տարածքներում գտնվող մեր տներն արժանապատվորեն ու անվտանգ վերադառնալու մեր անառարկելի իրավունքը Հայաստանի կողմից պատշաճ արձագանք չի ստանում: Մենք վճռականորեն բողոքում ենք հիշյալ տարածքներում խտրականության, բռնագաղթի եւ էթնիկական մաքրումների իրականացված քաղաքականության հետեւանքներն ամրագրող բոլոր միջոցների իրագործումների դեմ: Մենք խորապես անհանգստացած ենք այն փաստով, որ հակամարտության կարգավորման պատասխանատու պետական եւ միջազգային որեւէ կառույց մինչ օրս պատշաճ ուշադրություն չի դարձնում ժողովրդագրական կառուցվածքը եւ դարեր շարունակ հայերի կենսապահովման տարածքների կարգավիճակը փոխած խտրականության հետեւանքների վերացմանը: Այս հետեւողական քաղաքականությունը մեզ հարկադրում է միավորվել եւ միջազգայնորեն ընդունված իրավունքի հնարավորությունների շրջանակներում ինքնուրույն պայքարել մեր շահերի համար»,- ասված է հայտարարության մեջ: