Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ առաջնորդը պատերազմի լուրջ վտանգ է տեսնում

Մայիս 24,2011 00:00

\"\"«Միջազգային հանրությունը Հայաստանում մի գործընթաց է իրականացնում, որը պատերազմի լուրջ վտանգ է պարունակում»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Ու դա, ըստ բանախոսի, տեղի է ունենում ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների կարգավորման հովանու ներքո: «Մի տեղից է հրաման եկել, որ այլեւս ՀԱԿ-ն ու իշխանությունը չեն կռվում»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր որոշակիորեն խոսվում է ՀԱԿ-իշխանություն թիմով կրկին «Միասնություն» դաշինք ստեղծելու հնարավորության մասին, ինչպես ժամանակին արվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միավորմամբ: «Հայաստանում դեռ պարզ իմաստով երկխոսություն չկա, կան պայմաններ այդ երկխոսությունը սկսելու համար»,- շարունակեց ՆԺԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ այսօր երկու կողմերի միջեւ կա երկխոսության իմիտացիա, որովհետեւ այն հարցը, որի շուրջ պետք է կայանա երկխոսությունը, կողմերը լրիվ հակառակ կարծիքներ ունեն: Խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, որը իշխանությունը բացառում է, իսկ ՀԱԿ-ը՝ պնդում: «Արտահերթ ընտրությունների հետ կապված մենք միջազգային ճնշում չենք տեսնում: Նրանք ցանկանում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում գնան որոշակի զիջումների, բացեն հայ-թուրքական սահմանը եւ ընդգրկվեն ՆԱՏՕ-ի հետ համընդգրկուն համագործակցության մեջ»,- ասաց նա՝ վերջին կետի իրականացումը կապելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոփոխության հետ: Արամ Կարապետյանը համոզված է, որ նախապայմաններով լի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը կանգ չի առել, ու եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքն այս գործընթացի իրականացումը պետք է լինի, դա անընդունելի է: ՆԺԿ առաջնորդի խոսքով՝ այս ծրագրի իրականացմանը դեմ կլինեն Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի բավական լուրջ քաղաքական, այդ թվում՝ գերագույն իշխանությունից, ինչը նշանակում է, որ տվյալ ծրագիրը պարունակում է պատերազմի վտանգ. «Դատելով Հայաստանի արտգործնախարարի արագ այցերից՝ կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը խաղաղություն պարտադրելու ելք է փնտրում, ինչի համար որեւէ փոխզիջումային տարբերակ է առաջարկում, ըստ որի՝ հայկական կողմը պետք է հանձնի Ֆիզուլին ու Աղդամը եւ քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը»:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին՝ ՆԺԿ նախագահն ասաց, որ ինքը Քոչարյանի հետ որեւէ ճանապարհ չի անցել ու չի անցնելու, ավելին, նրան համարում է մեծ չարիք Հայաստանի համար: Ըստ Արամ Կարապետյանի, Քոչարյանը ներկայում Մոսկվայում է, եւ լուրջ խնդիրներ են ծագել. «Նա պետք է իմանա, որ վերադարձի ճանապարհը փակ է իր համար: Մարդ, ով մարտի 1-ին կրակել է ժողովրդի վրա ու հիմա հայտարարում է, որ ՀՀՇ-ն սպանություններ է արել… Իսկ ինքը, որպես նախագահ, ի՞նչ է արել դրանք բացահայտելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել