ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է. «Lրացավ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի 13-րդ օրը: Նա բողոքում է հիմնարկում տիրող անմարդկային եւ անձը նվաստացնող պայմանների եւ իրեն ապօրինի անազատության մեջ պահելու դեմ: Մինչեւ հացադուլ հայտարարելը՝ շուրջ երկուսուկես ամիս Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39 խցում: Այդ խցում առկա է 11 քնելատեղ, եւ 19-ը կալանավորները ստիպված են քնել հերթափոխով՝ ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը եւ անկողինները: Կալանավորները սնվում են կես մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի կողքին: Խցում չկա օդափոխություն, ջերմաստիճանը հասնում է մինչեւ պլյուս 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատության պատճառով Տիգրան Փոստանջյանը ստիպված է քնել հագուստով: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացակայում է շուրջօրյա ջրամատակարարումը, ինչի հետեւանքով զուգարանների գարշելի հոտը անտանելի են դարձնում գերծանրաբեռնված խցերում ապրելը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից թույլ է տրվել եւ մինչ օրս էլ շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդված՝ Խոշտանգում, ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդված՝ Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Ուստի պահանջում եմ անհապաղ քննություն սկսել եւ դադարեցնել քրեորեն հետապնդելի արարքները Տիգրան Փոստանջյանի նկատմամբ: