Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Մայիս 24,2011 00:00

 «Եթե համբերություն ունենաք՝ չորեքշաբթի կսկսենք այդ քննարկումը, եւ այդ ժամանակ հայտնի կլինի ամեն ինչ»,- համաներման մասին երեկ լրագրողների հարցերին այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Համաներման մասին քննարկումը մայիսի 25-ի առավոտյան սկսելու որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ միայն երեկ էին քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունները, ըստ որոնց՝ ընդլայնվում են համաներման կիրառման շրջանակները: Նախագահի վավերացումից հետո փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հրապարակման հաջորդ օրն իսկ: Ներկայացնենք ԱԺ նախագահի պատասխաններն այլ հարցերին:
«ՉԻ»-Մտավախություն չունե՞ք, որ եթե չհասցնեք՝ ՀԱԿ-ը մայիսի 30-ին նստացույց կանի:
– Եթե ցանկություն ունեն նստել՝ թող նստեն, ինչ անեմ:
«Ժամանակ»-Սասուն Միքայելյանին ներում շնորհելու Ձեր դիմումի ճակատագիրն ի՞նչ եղավ: Եվ դա համաներման հետ կապո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Իմ կարծիքով, դրական վերջ կստանա: Որոշումը նախագահի դաշտում է:
«Ժամանակ»-Այսինքն՝ դա՝ առանձին, համաներումն՝ առանձի՞ն, թե՞…
– Ձեր խնդիրը ո՞րն է, որ ինձանից ի՞նչ իմանաք… Ես ամեն ինչ գիտեմ, բայց ոչ մի բան չեմ ասելու ձեզ:
«ՉԻ»-Բայց Դուք թափանցիկ եք միշտ եղել:
– Թափանցիկ ասում եմ՝ մենք աշխատում ենք, 2 օր համբերություն ունեցեք, մենք կքննարկենք այդ հարցը, եւ ամեն ինչ կիմանաք:
«Ա1+»-Ձեր կարծիքով՝ համաներումը ճիշտ պահի՞ն որոշվեց:
– Ես ՀՀ նախագահի քայլը ողջունում եմ՝ որպես Ազգային ժողովի նախագահ: Գտնում եմ, որ շատ ճիշտ պահ է ընտրված՝ մեր անկախության 20-ամյակին: Եվ համոզված եմ, որ կթուլացնի այն լարվածությունը, որն այսօր առկա է մեր երկրում:
«Ազատություն» ռ/կ-Եթե համաներումը լինի՝ կկատարվի ընդդիմության 3-րդ պահանջը: Ակնկալում են նաեւ արտահերթ ընտրություններ. հնարավո՞ր են:
– Ես մի անգամ այս հարցին պատասխանել եմ, երկրորդ անգամ ուզում եմ պատասխանել այն մարդկանց համար, որոնք դրա անհրաժեշտությունը ունեն: Յուրաքանչուր արտահերթ ընտրություն՝ կլինի խորհրդարանական, թե նախագահական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Եվ քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ 1 տարուց ավելի քիչ ԱԺ ընտրություններին, կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, նույն ընդդիմությանը՝ նախապատրաստվել ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրություններին մասնակցելուն: Դա իրենց խնդիրն է, իսկ մենք նախապատրաստվում ենք հերթական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2012 թվականի մայիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել