Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է վերաբերվում Կարապետ Ռուբինյանի այս առաջարկին
«Իշխանությունը պետք է նորովի եւ արտահերթ եղանակով ձեւավորվի,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մայիսի 21-ին իր հրավիրած քաղաքացիական ժողովում:- Հնարավոր բոլոր եղանակներով պետք է պայքարը տանենք առաջ եւ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Կուսակցապետության վտանգը պետք է վերացնենք միասին»: Ըստ նրա՝ քաղաքացիական, ազգային նոր օրակարգի ճշգրտման անհրաժեշտություն կա, եւ իրենց առաջիկա անելիքները բխելու են այդ ժողովում ծավալված բանավեճից:
Շուրջ 3 ժամ տեւած քաղաքացիական ժողովի ընթացքում քննարկվեցին երեք խումբ հարցեր՝ 1/ Մարդու իրավունքներ եւ արդարություն, 2/ Հանրային կյանք, 3/ Ներքաղաքական եւ իրավաքաղաքական ելքեր: Խոսվեց գրեթե ամեն ինչի մասին՝ օրհներգի փոփոխությունից մինչեւ բնապահպանական, հաշմանդամների, սեփականության իրավունքի խնդիրներ: «Այս ամեն մի հարցը պետական մակարդակով առանձին քննարկման նյութ է»,- նկատեց «Ժառանգության» առաջնորդը:
«Անշուշտ, պետք է հավաքվել եւ քննարկել առկա խնդիրները: Միանշանակ պետք է ողջունել այս հավաքը նախաձեռնողներին, բայց միաժամանակ պետք է շեշտենք, որ մենք ոչ մի առաջընթաց չենք արձանագրի, եթե շարունակենք հավաքվել առանց հստակ օրակարգի: Ժամանակն է, որ հստակեցնենք այն խնդիրները, որոնք առաջնային լուծման կարիք ունեն: Ժամանակն է, որ հստակ օրակարգ ձեւավորենք եւ փորձենք քայլ առ քայլ լուծել առկա բարդ խնդիրները»,- հայտարարեց «Հայք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը, որը ներքաղաքական եւ իրավաքաղաքական ելքերի թեմայով զեկուցողներից էր: «Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերը կհավասարվեն զրոյի, եթե այդ հզոր քայլը շարունակություն չունենա: Հացադուլը քաղաքական շարունակություն պետք է ունենա»,- ասաց նա: Ու պրն Հովհաննիսյանն ամփոփիչ խոսքում համաձայնեց այդ դիտարկմանը:
Քաղաքական շարունակության իմաստով բավական ուշագրավ էր ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի զեկույցը: «Կարծում էի՝ բավական է, որ ՀԱԿ-ը, որպես ընդդիմության առանցքային ուժ, համախմբի ողջ հասարակությանը, քաղաքական դաշտի ընդդիմադիր այլ ուժերի հետ հրապարակայնորեն պայմանավորվի իշխանափոխության եւ դրան հետեւող արտահերթ ընտրությունների վերաբերյալ խաղի արդար կանոնների մասին, հաստատակամորեն դուրս բերի ըմբոստ ժողովրդին փողոց ու պահի այնտեղ մի քանի օր, ու բոլոր ճակատներում սնանկացած բռնակալի հրաժարականը անխուսափելի էր,- նշեց նա:- Գիտեք արդեն, որ այդ սպասումներիցս ոչ մեկը չիրականացավ: Անսպասելիորեն ընտրվեց մեկ այլ՝ բռնակալի հետ «բաց երկխոսության» ուղի, որն այժմ ընթացքի մեջ է, եւ որի վերջնանպատակի եւ սպասվող արդյունքների մասին միայն ենթադրություններ կարելի է անել»: Նաեւ հավելեց. «Հաճույքով կլսեի այս նոր ուղիով կատարվող քայլերի ճշմարտացիության վերաբերյալ փաստարկներ, ուրախ կլինեի, եթե նշաններ տեսնեի, որ որոշումն ընդունվել է մտքերի բախման, կառուցողական բանավեճի արդյունքում: Ավաղ, ո՛չ նման համոզիչ փաստարկներ, ո՛չ կայացած բանավեճի նշաններ չեմ տեսնում, իսկ դեպքերի զարգացումը հուշում է, որ որքան էլ ցավալի է՝ կտրուկ եւ արմատական փոփոխությունների միջոցով Հայաստանը զարգացման ուղի հանելու եւ տարածաշրջանային մրցակցության բեմահարթակում տանուլ տվածի դերակատարությունից ազատելու շանսերը առայժմ կորսված են: Չեմ հավատում նաեւ, որ ՀԱԿ-ի կիսալքած արմատական ընդդիմության դաշտը հնարավոր է արագորեն լցնել նոր կամ հին որեւէ ուժով: Որեւէ ուժի համար բավականին երկար ժամանակ կպահանջվի վերջին զարգացումներից հերթական անգամ հիասթափված ու հուսալքված հասարակության վստահությունը վերանվաճելու համար»: Կարապետ Ռուբինյանը, սակայն, առանձնացրեց քաղաքացիական նախաձեռնություններն ու միավորումները. «Ահա ձեզ մի նորարարական, հեղափոխական դաշտ, որտեղ արդեն արձանագրվել են թեկուզ փոքրիկ, բայց հաղթանակներ, դաշտ, որին, ըստ իս, արժե լուրջ վերաբերվել, օժանդակել կամ ուղղակիորեն մասնակցել՝ ստեղծելով նորանոր կառույցներ: Այս համատեքստում ես հնարավոր եւ լուծելի եմ համարում նաեւ քաղաքական նոր միավորի ստեղծումը, պայմանականորեն անվանեմ դա «Քաղաքացիական ֆորում»: Ֆորում՝ իր եւ անտիկ, եւ արդի իմաստներով, որտեղ ընդգրկված անհատները պետք է փորձեն վերցնել իրենց վրա մեր երկրի հասարակական-քաղաքական զարգացման ավանգարդի դերը եւ նպատակ դնեն երկիրը դուրս բերել ժողովրդավարության ու զարգացման ուղի»:
«Առավոտի» հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում «Քաղաքացիական ֆորում» ստեղծելու առաջարկին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Անվանումը բանավեճի ենթակա է, գաղափարին դրական եմ վերաբերվում»: