Երեկ «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը:
«Մեր խնդիրն է առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք առաջինը՝ կունենան կանխարգելիչ նշանակություն, եւ երկրորդը՝ կբարձրացնեն հանրային վստահությունը»,- երեկ խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, եւ մասնավորապես՝ փոխվել է ԿԸՀ ձեւավորման կարգը: Եթե առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 3 տարբեր ինստիտուտներ էին առաջարկում ԿԸՀ թեկնածուներ, եւ ՀՀ նախագահը հնարավորություն էր ստանում առաջարկվածներից ընտրելու եւ նշանակելու իր համար ընդունելի թեկնածուներին՝ այժմ, ըստ պրն Հարությունյանի՝ հրաժարվել են այդ մոտեցումից: Եվ ԿԸՀ 7 անկուսակցական անդամները նշանակվելու ու ՀՀ նախագահի կողմից հրամանագրվելու են այսպես՝ 3-ին նշանակելու է Մարդու իրավունքների պաշտպանը, 2-ին առաջարկելու է Վճռաբեկ դատարանի նախագահը, 2-ին էլ Փաստաբանների պալատի նախագահը: ԿԸՀ կազմը ռոտացիոն է՝ այս 3 մարմինների ղեկավարները 2 տարին մեկ պետք է առաջարկեն նոր թեկնածուներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են կուսակցական սկզբունքով, եւ մասնավորապես՝ ղեկավար կազմում քաղաքական հավասարակշռությունը որոշվելու է ըստ ԱԺ նախորդ ընտրություններում ձեւավորված համամասնության: Այսինքն՝ եթե ԱԺ ընդդիմությունը ստացել է 26% ձայն համամասնական ընտրությունների ժամանակ, ապա ՏԸՀ-երի նախագահների եւ քարտուղարների 26%-ը կլինեն ընդդիմությունից:
Առանձնացնենք մի քանիսն այն մեխանիզմներից, որոնք, ըստ Դավիթ Հարությունյանի՝ պիտի ավելացնեն վստահությունն ընտրությունների հանդեպ եւ կանխարգելեն ընտրախախտումները: Ընտրողների ցուցակները համացանցում հրապարակվելու են՝ դրանք ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների արդեն ստորագրված գրանցամատյանները հրապարակելու վերաբերյալ ընդդիմության պահանջը թեեւ մերժվել է՝ պրն Հարությունյանը նշեց. «Մենք հասկանում ենք այն խնդիրը, որը փորձում էին լուծել մեր գործընկերները: Եվ առաջարկում ենք, մեր կարծիքով, շատ ավելի ուժեղ լուծում, քան թե այն էր, որ այդ ցուցակները կախված լինեն»: Այդ լուծումը հետեւյալն է. «Հանձնաժողովի 2 անդամներ են իրականացնում բուն գործառույթը՝ մեկը ստուգում է անձնագրային տվյալները, լրացնում ցուցակը, մյուսը տրամադրում է քվեաթերթիկ: Մենք ասում ենք, որ այդ երկուսի միջեւ պետք է լինի մեկ աշխատատեղ՝ առանձնացված վստահված անձանց համար: Բայց քանի որ վստահված անձինք շատ են՝ խնդիրն այն է, թե ով պետք է զբաղեցնի այդ տեղը, որի աչքի առջեւ կլինի ողջ գործընթացը: Բանաձեւը, որ առաջարկում ենք՝ հետեւյալն է. եթե հանձնաժողովի 2 անդամներն էլ ներկայացնում են խորհրդարանական ընդդիմությունը, ապա այդ վստահված անձի տեղը զբաղեցնում է խորհրդարանական մեծամասնության վստահված անձը: Մյուս բոլոր դեպքերում այդ տեղը զբաղեցնում է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը»: Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ այս մեխանիզմը կավելացնի վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: Դիտորդները կարող են նաեւ քաղվածքներ կատարել ընտրողների գրանցամատյաններից, սակայն արգելվում է դրանց նկարահանումը: Կարելի է տեսագրել քվեարկության ողջ գործընթացը՝ բացառությամբ ընտրողի բուն քվեարկության:
«Ժառանգությունը» չէր մասնակցում ԱԺ երեկվա նիստին, եւ նախագծի քննադատությունը ստանձնեցին միայն ՀՅԴ պատգամավորները՝ նշելով, թե չեն արվել արմատական, էական փոփոխություններ: Եվ Արծվիկ Մինասյանի հարցին, թե անձնապես կրո՞ւմ է պատասխանատվություն «Ընտրական օրենսգիրքն» այս ձեւով ընդունելու դեպքում ընտրախախտումները նվազագույնի հասնելու առումով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Քաղաքական պատասխանատվություն այս օրենսգրքի որակի համար ես անձամբ կրում եմ, այո՛: Եվ ես փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մյուս ընտրությունների որակը եւ հանրային ընկալումը, ինչն ավելի կարեւոր է ինձ համար, լինի լրիվ ուրիշ»: ՀՅԴ խմբակցության անունից ելույթում Արմեն Ռուստամյանը կանխատեսեց, որ եթե «Ընտրական օրենսգիրքն» այս տեսքով ընդունվի՝ ո՛չ վերականգնելու է վստահությունն ընտրությունների նկատմամբ, ո՛չ էլ ապահովելու է իշխանափոխության հնարավորություն: